Մատչելիության հղումներ

Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն կշարունակեն գործել վարչապետի ենթակայության ներքո


Ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) կշարունակեն գործել վարչապետի ենթակայության ներքո: Կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագծում սա պահպանվել է: Այս համակարգը նախկին ընդդիմությունը բնութագրում էր սուպերվարչապետական: Ավելին, մեկ տարի առաջ հենց Նիկոլ Փաշինյանն էր պնդել, որ պետք է փոխվի այդ կառույցների կարգավիճակը: «Սուպերվարչապետական համակարգ պետք է չլինի, և մենք կաշխատենք այդ ուղղությամբ», - նշել էր վարչապետը։

Նախագիծն այսօր բուռն քննարկվեց Ազգային ժողովի Պետաիրավական հանձնաժողովում: Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին մասնավորապես հետաքրքրում էր, թե ինչու Նիկոլ Փաշինյանը խոստումնազանց եղավ․ - «Վարչապետ Փաշինյանը մայիսի 1-ին, թե 8-ին՝ վարչապետի որպես թեկնածու, Ազգային ժողովի բարձր ամբիոնից պատասխանելով պատգամավորի հարցին, ասաց, որ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը պետք է դառնան նախարարություններ։ Մենք մի տարի է սպասում ենք էս նախագծին, որ տեսնենք կառավարության տեսլականը նոր կառուցվածքի վերաբերյալ, և ես ուզում եմ իմանալ՝ ո՞րն է պատճառը, պարոն Հովակիմյան, որ վարչապետի խոստումը չեք կատարում»։

«Կառավարությունն այդպես է նպատակահարմար գտել», - պատասխանեց նախագծի հարակից զեկուցող, իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը: - «Ինչո՞ւ ուժայինները, կոնկրետ տվյալ դեպքում խոսքը ԱԱԾ-ի և Ոստիկանության մասին է, նախարարության տեսք չունեն: Որովհետև ես համոզված եմ, որ կառավարությունը եկել է այն համոզման, որ այս փուլում իր ծրագրի, կառավարության ծրագրի իրագործման համար այս կառուցվածքն է պետք»։

Ընդդիմադիր Մարուքյանին պատասխանը չբավարարեց, կրկնեց հարցը. - «Այն մարդը, որը որ խոստում է տվել, նա կառավարության ղեկավարն է»: «Ու ես համոզված եմ, որ էդ հարցը Դուք որ վարչապետին տաք, Ձեզ համար էնպիսի մանրակրկիտ, էնպիսի պարզ պատասխան կհնչի, որ հաստատ դրանից հետո Դուք Ձեր հարցի պատասխանը կստանաք», - արձագանքեց Հովակիմյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը անհանգստացած էր կադրային կրճատումներով: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանից պահանջեց հստակ հաշվարկ՝ նախարարարությունների օպտիմալացման հետևանքով քանի՞ հոգի է աշխատանքը կորցնելու․ - «Մարդիկ ասում են՝ մի հատ ասեք, էս բարեփոխում կոչվածի արդյունքում քանի՞ մարդ է դառնալու գործազուրկ, քանի՞ մարդ է ծեծելու զբաղվածության ծառայության, գործակալության դռները, քանի՞ մարդ է հավակնելու արտագաղթի, ի՞նչ արժե այդ հաճույքը, մենք ի՞նչ ենք խնայում, հանուն ինչի՞: Սա կուզենայինք իմանալ»։

«Մի քանի տասնյակ քաղաքական և հայեցողական պաշտոններ են կրճատվելու, արդեն ասացի՝ նախարարների, տեղակալների, նրանց խորհրդականների և օգնականների, նաև քարտուղարության պետերի։ Սրանք հստակ է, որ կրճատվելու է։ Այս պահի դրությամբ չեմ կարող ներկայացնել թիվ, մի քան տասնյակի են դրանք հասնում։ Իսկ կրկնվող ստորաբաժանումների, աջակցող ստորաբաժանումների պարագայում այդ կրճատումների թիվը լինելու է մի քանի հարյուր», - ասաց Զեյնալյանը։

Կառավարության կառուցվածքային փոփոխությունների այս նախագծով 5 նախարարություն կրճատվելու է, նախկին 17-ի փոխարեն կգործի 12-ը: Կկրճատվի առաջին փոխվարչապետի պաշտոնը, երեքի փոխարեն երկուսը կմնան: Կրթության, Սպորտի և Մշակույթի նախարարությունները կմիավորվեն: Գյուղատնտեսության նախարարությունը կմիավորվի Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը: Սփյուռքի նախարարությունը կլուծարվի, դրա փոխարեն վարչապետի աշխատակազմում կլինի Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակ՝ 25 հաստիքով:

«Ինձ ո՞վ կարա բացատրի՝ էսօրվա Կրթության նախարարը ի՞նչ կապ ունի սպորտի հետ», - հարց հնչեցրեց Պետրոսյանը։

Եթե ԲՀԿ-ում պարզապես մտահոգված են մի նախարարին մի քանի ոլորտի լիազորություն վստահելով, ապա ԼՀԿ-ում կոնկրետ տարբերակ են առաջարկել՝ 14 նախարարության կողմնակից են: Կարծում են, որ մեծ սփյուռք ունեցող Հայաստանի համար սփյուռքի հարցերով զբաղվող փոխվարչապետի պաշտոնի կարիք կա: Առաջարկում են Ազգային անվտանգության ծառայությանն ու Ոստիկանությանը նախարարության կարգավիճակ տալ, իսկ Արտակարգ իրավիճակների նախարարությունը միավորել Ոստիկանությանը՝ որպես Ներքին գործերի նախարարություն: ԼՀԿ-ում դեմ են Գյուղատնտեսության, ինչպես նաև Մշակույթի նախարարությունների օպտիմալացմանը:

«Մենք գտնում ենք, որ էս տարբերակի ընդունման պարագայում և՛ վարչապետը իր խոստումը կատարած կլինի, և՛ Հայաստանը սուպերվարչապետական երկրից կվերածվի խորհրդարանական երկրի, և՛ զարգացում կլինի, պարոն Հովակիմյան, և՛ մարդկանց կրճատումները քիչ կլինեն», - ասաց Մարուքյանը։

«Լուսավոր Հայաստանի» ութ առաջարկն էլ չընդունվեց: Նախագծի քննարկումը կշարունակվի արդեն այս շաբաթվա լիագումար նիստում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG