Մատչելիության հղումներ

«Փարոս» երգչախմբի ղեկավար․ Չպետք է որևէ քաղաքական փոփոխություն ազդի մշակույթի զարգացման վրա


Մշակույթի միջազգային օրվա՝ ապրիլի 15-ի կապակցությամբ «Տեսակետ» ակումբը հյուրընկալել էր Մնջախաղի թատրոնի ղեկավար Ժիրայր Դադասյանին, ազգագրագետ Սվետլանա Պողոսյանին և «Փարոս» կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Արմեն Ալավերդյանին:

Բանախոսներն իրենց տեսակետները ներկայացրին մշակույթի ոլորտի ձեռքբերումների և խնդիրների մասին, որոնց թիվն անկախության մոտ 3 տասնամյակների ընթացքում ոչ միայն չնվազեց, այլև աճեց: Մինչդեռ բազմաթիվ խնդիրների հանգուցալուծումը, այդ թվում և ֆինանսական, մշակույթի գործիչները միմիայն պետության, պետական կառույցների կողմից են ակնկալում:

Սվետլանա Պողոսյան․ - «Այս երեսուն տարիների ընթացքում, ես կարող եմ ասել հատկապես վերջին իրադարձությունների լույսի ներքո, տեսնում ենք, որ ինչքան շատ բան կարելի էր անել մշակութային ժառանգությունը հավուր պատշաճի պահպանելու, պաշտպանելու [ուղղությամբ]: Երբ մեզ ասում էին, որ բյուջեում փող չկա, մենք հավատում էինք: Իսկ հիմա, երբ տեսնում ենք, թե ինչքան հնարավորություններ ու ռեսուրսներ են եղել, որոնք չեն օգտագործվել ի նպաստ մեր մշակույթի զարգացման: Մեր ոգու հայելին մեր մշակույթն է, և իսկապես ժամն է, որ մենք մեր մշակութային ժառանգությանը տեր կանգնենք: Մենք բազմաթիվ կոնվենցիաներ ենք ստորագրել, մասնակից ենք, անդամ ենք, բայց ըստ էության դրա արդյունքը մենք չենք տեսնում»:

Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանին նախորդ տասնամյակների ընթացքում այդպես էլ չհաջողվեց թատերախմբի համար սեփական տանիք ապահովել: Եվ այնուամենայնիվ, նա շեշտեց, որ լուրջ ձեռքբերումներ ենք ունեցել մշակույթի ոլորտում․ - «Ես վստահ եմ ուղղակի, որ պետք է օրինակ ծառայի նույնիսկ եկող իշխանությունների համար՝ ֆիքսել եղածը, լավը: Մատենադարանը, որը կառուցվեց նախորդ իշխանության ժամանակ, երեք-չորս անգամ ավելի մեծ ծավալ ունի, քան Մատենադարանի նախկին շենքը: Կոմիտասի թանգարանը, որը գոյություն չուներ, կառուցվել է, Հրանտ Մաթևոսյանի թանգարանը, որի կարգավիճակը իմ լավ բարեկամ Դավիթ Մաթևոսյանը մեկ է տարի է, չի կարողանում ոչ մի կերպ ստանալ: Պետք է մի քիչ էլ խրախուսենք, ասենք՝ այ տեսեք, նախորդները արել են, դուք էլ պետք է անեք»:

Երկու տարի առաջ Մնջախաղի թատրոնի շենք նախորդ իշխանությունների կողմից հանձնվեց, բայց իշխանափոխությունից հետ պարզվեց, որ այդ շենքը պատմամշակութային հուշարձանների շարքին է պատկանում և այն չի կարելի հիմնանորոգել․ - «Այս մայիսին մենք պետք է մտնեինք մեր նոր թատրոնի շենքը և նշեինք մեր թատրոնի 45-ամյակը: Անցյալ տարվա ապրիլին պիտի սկսվեր շինարարությունը․․․ Մենք շարունակում ենք աշխատել Պատանի հանդիսատեսի թատրոնում՝ վարձակալությամբ, մի փոքրիկ փորձասենյակում ենք աշխատում և շաբաթական մեկ ներկայացում ենք տալիս»:

Հայաստանի նոր իշխանություններն այս անգամ արդեն Մոսկովյան 5 հասցեում տարածք են տրամադրել թատրոնին դեռ 6 ամիս առաջ, բայց առայժմ որևէ ձևակերպված փաստաթուղթ այդ մասին չունեն:

Միջազգային բազմաթիվ մրցույթների և փառատոների դափնեկիր, հանրահայտ «Փարոս» կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Արմեն Ալավերդյանը անդրադարձավ հաշմանդամություն ունեցող անձանց մշակույթի ոլորտում ներգրավման բազմաթիվ մինչև օրս չլուծված խնդիրներին․ - «Այստեղ բավականին տխուր է պատկերը մեր երկրում: Մեզ մոտ ուղղակի մատերի վրա կարելի հաշվել այնպիսի վայրեր, որտեղ կարող է մտել հաշմանդամ մարդը: Նախորդ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ձեռնամուխ է եղել, որ բոլոր հիմնական մշակութայի օջախները ունենան վերանորոգման, վերակառուցման նախագծեր՝ հարմար դառնալու բոլորի համար: Եվ դրանք պատրաստ են: Չպետք է որևէ քաղաքական փոփոխություն ազդի մշակույթի զարգացման և պահպանման վրա»:

«Այդ խնդիրները բարձրացվում էին, բայց դրանք չէին լուծվում: Հիմա հուսանք, որ նոր մոտեցումներ, նոր Հայաստան․․․ գուցե թե իսկապես կարևորվի դա», - եզրափակեց ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG