Մարզպետարանի բոլոր 130 աշխատակիցներն ստացել են ընդհանուր առմամբ մոտ 20 միլիոն դրամ պարգևավճար։ Մարզպետը շեշտում է, որ պարգևավճարների ֆոնդ ունեն բոլոր մարզպետարաններն ու պետական կառույցները։
«Ազատության» հարցին, թե ինչու աղմուկը հենց Լոռու մարզպետարանի շուրջ բարձրացավ, Ղուկասյանը պատասխանեց. - «Երևի առաջինը մենք տեղադրեցինք և դարձրեցինք հրապարակային, և այսուհետ էլ եմ կրկնում՝ անկախ այս բարձրացած աղմուկից, մենք նույն ոճով ենք աշխատելու։ Նույնիսկ այս պահի դրությամբ վճարումները դեռ կատարված չեն աշխատակիցների, բայց մենք որոշումը ընդունելու հենց օրը հրապարակել ենք դա»։
Մարզպետարանի աշխատակիցները պարգևատրվել են աշխատավարձի 40-100 տոկոսի չափով։ Մարզպետն իր կարգադրությամբ պարգևատրվել է աշխատավարձի 75 տոկոսով՝ մոտ 500 հազար դրամով, այդ թվում՝ 30 տոկոս հարկերը։ Լոռու մարզպետարանի պարգևավճարների համար նախատեսված ֆոնդը տարեկան 93 միլիոն դրամ է։ Կան մարզպետարաններ, որտեղ կախված աշխատողների թվից, այդ գումարն ավելի մեծ է։
«Էս տարի կարելի է ասել, որ էս պարգևատրումների հաշվին մեր աշխատակիցների աշխատավարձը միջինը 25 տոկոսով ավելացել է», - նշեց Անդրեյ Ղուկասյանը։
Մինչդեռ ապրիլի 12-ից հետո, երբ մարզպետարանի կայքում հրապարակվեց պարգևատրվածների ցուցակը, սոցիալական ցանցերում քննադատություն էր հնչում մարզային իշխանությունների հասցեին։ Ընդդիմադիր քաղաքական գործիչներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ու անհատներ նշում են, որ «աղքատության ու գործազրկության բարձր մակարդակ ունեցող մարզում պարգևավճարներն անթույլատրելի են»։ Մարզպետի հասցեին քննադատություն է հնչեցրել նաև նախկին փոխմարզպետ Արշակ Հովսեփյանը, ով ընդամենը 20 օր առաջ է ազատվել աշխատանքից։
«Ազատության» հարցին, որ նա ընդամենը մեկ ամիս է, ինչ չի աշխատում, մինչև այդ աշխատանքներ կատարվո՞ւմ էին, համարո՞ւմ է, որ աշխատում էր մարզպետարանը ըստ պատշաճի, Հովսեփյանը պատասխանեց. - «Ամեն դեպքում մարզպետարանը աշխատում էր օրնիբուն։ Դիտարկումը մարզպետարանների աշխատակիցների մասին չի, դիտարկումը հատկապես մարզպետի այն հայտարարության մասով՝ մարտի 20-ին, որ ինքը ասում է՝ ինձ աշխատավարձն առհասարակ չի հետաքրքրում»։
Հարցին էլ՝ իսկ մարզպետը աշխատե՞լ է, համարո՞ւմ եք, որ նա իսկապես աշխատում է, պատասխանեց. - «Ամեն դեպքում մարզպետը ղեկավարում է էդ կառույցը, ամեն դեպքում աշխատում է»։
Հովսեփյանն ասաց, որ աշխատելու ընթացքում ինքն էլ ստացել ամանորյա պարգևատրում։
Մարզի ղեկավարը հանձնարարել է մարզպետարանի կայքում տեղադրել նաև նախորդ տարիներին պարգևատրվածների ցուցակները։ Շեշտում է, որ չեն հրապարակվել ինչպես պարգևավճարների, այնպես էլ սոցիալական օգնությունների մասին տեղեկություններ։ Ընդ որում, բոլորովին այլ՝ իր համար անհասկանալի սկզբունքով են արվել պարգևատրումները։
«Այսինքն մեկը ստացել է ամբողջ աշխատավարձի չափով, շատ-շատ մարդիկ ընդհանրապես չեն ստացել, բայց սկզբունքը որն է եղել, չեմ կարող ասել», - ասաց Անդրեյ Ղուկասյանը։
Մարզպետը նշում է, որ նախկինում աշխատողներին բյուջեի հաշվին ոչ միայն պարգևատրումներ, այլ «լավություններ» են արվել անօրինական հատկացումների տեսքով։ Մասնավորապես, ակնհայտ է, որ նախկինում բոլոր աշխատողները մարզի տարածքում գործուղման են գնացել ոչ թե մեկ, այլ երկու օրով, որի դիմաց առնվազն 10 հազար դրամ հավելյալ գումար են ստացել։
«Այսինքն սա ուռճացված պատկեր է, մենք ունենք մարդիկ, որոնք գործուղվել են Ալավերդի երկու օրով, Օձուն երկու օրով, Մեծավան երկու օրով, բայց իմ աշխատանքի էս ընթացքում չի եղել մի դեպք, որ Ալավերդի կամ մարզի տարածքում մենք գործուղում ունենանք երկու օրով։ Պետական միջոցների հաշվին արվել են, էսպես ասեմ, մարդկանց լավություններ», - նշեց Ղուկասյանը։
Ինչ վերաբերում է մարզպետարանում բենզինի յուրացումների մասին վերջերս շրջանառվող լուրերին, ապա Անդրեյ Ղուկասյանն ասում է՝ դա «նեղացած քաղաքացիների» զրպարտություն է, և պատրաստվում է դիմել համապատասխան մարմիններին դրա դեմն առնելու համար։
«Մի քանի հոգի ունենք օգտատերեր Ֆեյսբուքում, որոնք կա՛մ աշխատանքից են զրկվել, կա՛մ աշխատանք են խնդրել և չեն ստացել։ Մի քանի էսպես, չակերտավոր ասեմ, նեղացած քաղաքացիների վարքագիծ է սոցիալական ցանցերում։ Էդ աշխատակիցը ազատվել է աշխատանքից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու համար, անձնական վիրավորանքներ հրապարակային հասցնելու համար», - ընդգծեց Լոռու մարզպետը։