Ուկրաինայի գործող նախագահ Պետրո Պորոշենկոն, ինչպեսև ազդարարել էր, երեկ մեկնել է Կիևի «Օլիմպիական» մարզահամալիր, որտեղ պետք է մասնակցեր նախագահության թեկնածու, շոումեն Վլադիմիր Զելենսկու հետ նախընտրական բանավեճին:
Ինչպեսև ենթադրվում էր, Զելենսկին չէր ժամանել, քանի որ կողմերը չէին համաձայնեցրել բանավեճի ժամկետն ու ձևաչափը: Զելենսկին պահանջում է բանավեճն անցկացնել ապրիլի 19-ին:
Գալիք կիրակի օրը՝ ապրիլի 21-ին, Ուկրաինայում տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը:
Առաջին փուլի արդյունքում Զելենսկին բոլորից շատ քվեներ է վաստակել, և սոցիոլոգիական հարցումների համաձայն, այսօր էլ նա ավելի բարձր վարկանիշ ունի:
Գործող նախագահն ամբողջությամբ օգտվել է մրցակցի բացակայության հանգամանքից:
«Ինչո՞ւ ենք մենք այստեղ: Որովհետև այստեղ է նախատեսված բանավեճը, մենք ոչ մեկից չենք վախենում, մենք ամեն ինչ անում ենք, որ երկիրն իմանա ճշմարտությունը», - ասել է Պորոշենկոն:
Նա խոսել և լրագրողների հարցերին է պատասխանել «Օլիմպիական» մարզահամալիրի հարևանությամբ գտնվող հյուրանոց տանող ապակեպատ սրահում, իսկ համալիրին հարող հրապարակում այդ պահին հավաքվել են նրա մոտ երկու հազար աջակիցներ:
«Վովա, ո՞ւր ես, դուրս արի», - վանկարկել են գործող նախագահի ընտրողները:
Պորոշենկոն մարզահամալիր է եկել տիկնոջ և զավակների ուղեկցությամբ: Նա ողջունել է հանդիպումը վարողներին և բացակայող Զելենսկուն:
«Վոլոդիմիր Օլեքսանդրովիչ, ես համոզված եմ, որ Դուք հիմա դիտում եք այս ամենը, հուսով եմ, որ վերադարձել եք Փարիզից, հանգստացել եք և պատրաստ եք թարմ ուժերով մասնակցել դեմոկրատիայի այնպիսի հիմնարար միջոցառմանը, ինչպիսին բանավեճն է: Մենք կսպասենք մինչև ժամը 3-ը», - ասել է Պորոշենկոն:
«Մենք համոզված ենք, որ Պորոշենկոն ունի շատ մեծ թվով աջակիցներ: Մենք հուսով ենք, որ բարին կհաղթի չարին: Այսպես ասեմ՝ Պետրո Օլեքսեևիչն այսօր խոստացավ մեզ և մեր երկրին, որ նրա ընտրածը միակ ճիշտ ուղին է», - ասել է գործող նախագահի աջակից, Կիևի բնակիչ Լյուդմիլա Օլշևսկա:
«Մյուս թեկնածուն շատ է փորձում բոլորի ուշադրությունը հրավիրել, բայց հաճախ տալիս է խոստումներ, որոնք չի կատարում: Նա հիմա թաքնվում է, նրան հնարավոր չէ գտնել: Մինչդեռ, եթե ուզում է իրեն ժողովրդի ներկայացուցիչ համարել, պետք է այսօր այստեղ լիներ», - ասել է նախագահի մեկ ուրիշ աջակից՝ Սերգեյ Մաստրենկոն Կիևից:
Ավելի ուշ Պորոշենկոն աջակիցներին հրավիրել է մարզահամալիր, զրուցել և լուսանկարվել է նրանց հետ, ապա բոլորը միասին կատարել են Ուկրաինայի օրհներքը:
Շոումենի նախընտրական շտաբից հայտնել են, որ Զելենսկին ցանկանում է բանավեճն անցկացնել միայն ապրիլի 19-ին և որևէ այլ նմանօրինակ միջոցառման մասնակցելու մտադրություն չունի: