Մատչելիության հղումներ

Լոռու մարզպետն անիմաստ է համարում պարգևավճարների շուրջ աղմուկը


Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անիմաստ է համարում աշխատակիցներին պարգևատրելու շուրջ սոցիալական ցանցերում բարձրացած աղմուկն ու պնդում, որ սա ընդամենն իրենց թափանցիկ աշխատանքի հետևանքն է։

«Բոլոր մարզպետարաններն ու պետական հիմնարկները երկրորդ եռամսյակում նախատեսված պարգևատրումներ են արել։ Մենք պարզապես առաջինն ենք հրապարակել այդ մասին՝ կարգադրությունն ընդունելուց անմիջապես հետո։ Մեր պարգևատրված աշխատակիցներն անգամ դեռևս չեն ստացել այդ գումարները», ֊ «Ազատության»֊ը քիչ առաջ ասաց մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։

Ըստ Անդրեյ Ղուկասյանի մարզպետարանի բոլոր 130 աշխատակիցներն էլ պարգևատրվել են աշխատավարձի 40֊ից մինչև 100 տոկոսի չափով։ Մարզպետն ինքն իրեն պարգևատրել է աշխատավարձի 75 տոկոսով՝ 496050 դրամ՝ այդ թվում մոտ 30 տոկոս հարկերը։

«Մարզպետարաններն ունեն պարգևավճարների ֆոնդ, որը հենց միայն դրա համար է նախատեսված։ Մենք իրավունք չունենք այդ գումարը ծախսել այլ նպատակներով», ֊ ասաց Ղուկասյանը։

Նա համարում է, որ մարզպետարանի աշխատակիցներն արժանի են եղել պարգևատրումների, շեշտելով, որ անցած ամիս «պատշաճ կերպով կազմակերպել են մեծամասշտաբ բիզնես-ֆորում, որոշ աշխատակիցներ օրուգիշեր ներգրավված են եղել մարզի տնակների հաշվառման գործառույթներում, շատերը՝ քաղաքացիների խնդիրների լուծման և այլ հարցերում»։

Լոռու մարզպետարանի պարգևավճարների համար նախատեսված ֆոնդը տարեկան 93 միլիոն դրամ է։ Կան մարզպետարաններ, որտեղ, կախված աշխատողների թվից, այդ գումարն ավելին է։

«Այս ֆոնդն այս տարի կառավարությունն առաջին անգամ է հատկացրել պետական համակարգի աշխատակիցների համար։ Սա կարող եք համարել աշխատավարձերի բարձրացում։ Նոր մասնագետներ ներգրավելու, կոռուպցիան բացառելու համար կառավարության քաղաքականությունն է», ֊ ավելացրեց Անդրեյ Ղուկասյանը։

Վաղը Լոռու մարզպետը նախատեսում է այս մասին հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG