Մատչելիության հղումներ

Սպիտակի տնակային ավանում դեռևս 210 ընտանիք է ապրում


Սպիտակի տնակային թաղամասում, ապրիլ, 2019թ․
Սպիտակի տնակային թաղամասում, ապրիլ, 2019թ․

Սպիտակցի Մերուժան Սողոմոնյանը խոնավ ու անհարմար տնակում տասնամյակներ ապրելով՝ կորցրել է առողջությունը, այնուհետև՝ զույգ ոտքերը։ Ասում է՝ պետությունից ստացած՝ ապրելու համար անպատրաստ բնակարանը վաճառել է բուժվելու համար, բայց առողջությունը չի վերականգնվել, տնից էլ զրկվել է։

«Էս մարդու մեջքն ա կոտրված, իմ էլ էրկու ոտս ա կտրած: Ըհը, էկել եք, էլի: Դակումենտով չեն տվել դոմիկները, ասում են՝ ապրի, կարող ա էքուց էլ հանեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սողոմոնյանը:

Քաղաքից 6 կիլոմետր հեռու գտնվող տնակային թաղամասում ապրում է 210 ընտանիք՝ անհույս, թե պետությունն իրենց նկատմամբ պարտավորություն կստանձնի և քարե բնակարանով կապահովի։

«Ես ամուսնալուծված եմ, հինգ հատ էրեխա ունեմ, քաղաքապետարան եմ դիմել, դոմիկ եմ ուզել, չեն տվել, ազատ դոմիկ ա էղել, դուռը ջարդել եմ՝ մնացել», - պատմեց տնակային թաղամասի մի բնակչուհի:

«Երեսուն տարի՝ երկրաշարժից հետո մենք ստացել ենք էս դոմիկը ու մինչև հմի ստեղ ենք», - իր հերթին, ասաց մի տղամարդ:

«Ես ամուսնացել եմ, ընտանիքով տեղափոխվել ենք ստեղ: Ու արդեն 15 տարի ա՝ ստեղ ենք», - ասաց մեկ այլ կին:

Անցած տարի կառավարության հանձնարարությամբ երկրաշարժից տուժած բնակավայրերում տնակների վերահաշվառում սկսվեց։ Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանն ասում է՝ քաղաքում 1200 տնակում ապրող ընտանիք են հաշվառել։ «Պատկերը շատ տխուր և դաժան է», - «Ազատության» հետ զրույցում նշեց նա:

Քաղաքապետը միաժամանակ շեշտում է, որ այդ բոլոր 1200 ընտանիքներն անցած տարիներին պետությունից կամ փոխհատուցում են ստացել, կամ տուն, կամ բնակարանների գնման վկայագրեր, կամ էլ տրոհված ընտանիքներ են, որոնց նկատմամբ պետությունը պարտավորություն չունի։

«Արդյո՞ք պետությունը պարտավորություն ունի էն մարդու նկատմամբ, ում մի անգամ բավարարել է տնով, բայց էդ մարդը, հայտնվելով կյանքի դժվարին պայմաններում, ստիպված է եղել վաճառել էդ տունը և էսօր անօթևան է», - ասաց Սահակյանը:

Քաղաքապետն ասում է՝ երկրաշարժից անմիջապես հետո դրամական փոխհատուցում ստացած ընտանիքներից շատերն այդպես էլ անտուն են մնացել։ Նոր քաղաքի հատակագիծ այդպես էլ չեն ունեցել, իսկ հին քաղաքի տեղում տուն կառուցելու թույլտվություն սպիտակցիները չեն ստացել։ Գումարները բանկերում փոշիացել են։

«Մի մասը՝ մի փոքր հատվածը, օգտագործել է՝ տուն է կառուցել: Մի մասը օգտագործել է, ցավոք սրտի, քանի որ մեր զոհերն էլ շատ-շատ էին, գերեզմաններ են կառուցել: Մի մասը ունեցել է ուրիշ գումար, էդ բոլոր իր ծախսերը հոգացել է, բանկում մնացել է էդ փողը և դարձել է ոչինչ՝ էսօրվա դրությամբ», - նշեց Գագիկ Սահակյանը:

Վերջին տարիներին իշխանությունները տներ կառուցելու կամ դրամական փոխհատուցումներ տալու փոխարեն բնակարանների գնման վկայագրեր էին տալիս։

Սպիտակում 50 անօթևան ընտանիքներ մեկ սենյականոց բնակարանի գնման վկայագրեր են ստացել, նրանցից 40-ն այդպես էլ տնատեր չեն դարձել։ «Բայց Սպիտակում 50 մի սենյականոց բնակարան չկա, նույնիսկ 30-ը չկա: Էլ չեմ ասում, որ էդ 30-ից քանիսը կվաճառեն, որ էդ մարդիկ առնեն: Այսինքն, ի սկզբանե մենք գիտեինք, որ էդ մարդիկ էդ տունը չեն առնելու՝ գումարը ստացել են, գնացել են էլի իրենց հին տնակում ապրում են», - ասաց քաղաքապետը:

Սպիտակի Իտալական կոչվող տնակային թաղամասում տեղյակ են տնակներում ապրողներին հաշվառելու կառավարության նախաձեռնության մասին։ Անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակներ են ուղարկել կառավարություն։ Շեշտում են՝ տնակային ավաններում թացն ու չորը խառնվել են, ու դժվար է լինելու գլուխ հանել՝ ովքեր են ժամանակին տուն ստացել ու վաճառել, ովքեր են ապօրինի ցուցակների մեջ խցկվել, և ովքեր են արժանի պետության աջակցությանը։

Բայց մի հարցում բոլորը մի օրի են․ հիմնականում բազմազավակ ընտանիքներ են, որ ապրում են ծայրահեղ թշվառության մեջ:

«Խոնավ, թաց, փտած․․․ ստեղ ապրել՝ ոնց որ ճարահատյալ մի կերպ ապրենք, էլի ստեղ․․․»:

«Հենա, աղջիկս, մի ամիս ա՝ հիվանդ, չի բուժվում, խոնավության մեջ՝ թոքերը, բրոնխները․․․»:

«Էնքան որ ոնց որ գոյատևես, ապրես․․․»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG