Մատչելիության հղումներ

Շարժումն առաջինը ԵՊՀ հասավ, բայց այստեղ հեղափոխություն տեղի չունեցավ․ ԵՊՀ-ականներ


Հայաստան - Ժողովրդական շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում Երևանի Պետհամալսարանի դիմաց, ապրիլ, 2018թ․
Հայաստան - Ժողովրդական շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում Երևանի Պետհամալսարանի դիմաց, ապրիլ, 2018թ․

Մեկ տարի առաջ ապրիլի 13-ին, երբ Նիկոլ Փաշինյանի գլխավորած քայլերթը հասավ Երևան, առաջինը կոտրեց մայր բուհի դիմադրությունը՝ բացելով կողպված դռները: Ըստ համալսարանական, Երևանի Պետհամալսարանի «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանի՝ համալսարանի բացված դռներն էլ ոգևորեցին հազարավոր ուսանողների՝ նրանց մղելով պայքարի:

«Երբ որ մենք հեղափոխության էս պրոցեսը զարգացման նայում ենք, կարևոր նախադրյալներ են եղել, որոնք բերել են էդ հաջողությանը՝ համալսարանի դեպքն էր, ռադիոյի դեպքն էր, մարդկանց խոսքերն ու հայտարարություններն էին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Պետրոսյանը՝ շեշտելով․ - «Երիտասարդությունը լուրջ դեր ունեցավ, երիտասարդության օրակարգը, գլխավոր օրակարգերից մեկը, որ մինչև հիմա մնում ա, էդ համալսարաններում փոփոխությունն ա, ու երիտասարդությունը ներգրավվել ա նախաձեռնության մեջ՝ թե՛ «Մերժի՛ր Սերժին» նախաձեռնության, թե՛ «Իմ քայլը» նախաձեռնության, ամենաառաջինը հենց համալսարանական, ուսանողական ռեֆորմների օրակարգից ելնելով»:

Չնայած շարժումն առաջինը Երևանի Պետական համալսարան հասավ, բայց այստեղ հեղափոխություն տեղի չունեցավ․ նախկին իշխանության դաշնակից ռեկտոր Արամ Սիմոնյանը շարունակում է ղեկավարել բուհը, մթնոլորտն էլ գրեթե չի փոխվել, ասում է ԵՊՀ ուսանող, «Ռեստարտ»-ի անդամ Գարիկ Միսկարյանը:

«Կարևոր է շատ, ուզում եմ կարևորեմ վարչապետի՝ Ազգային ժողովում հնչեցրած, այսինքն՝ քաղաքական գնահատական տալու պարագան, երբ հստակ արձանագրվեց, որ այն ռեկտորներն, ովքեր դռներ են փակել, այսինքն, զուտ դուռ՝ հենց էդ իմաստով դուռ չէ, այլ ճնշվել է ազատ միտք, և այլն, և այլն, նոր Հայաստանում անելիք չունեն: Ու մինչև այսօր մենք այդ քաղաքական գնահատականի արդյունքները չենք տեսնում․ միգուցե մթնոլորտի ինչ-որ փոփոխություն, որովհետև ուշադրությունը շատ ա, մեդիան ավելի բաց ա հիմա, այսինքն՝ վախ կա, որ միանգամից կդառնան մեդիայի թիրախ՝ էս ա, այսինքն՝ իրական փոփոխություն չկա», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Միսկարյանը:

Միայն համալսարանում չէ, որ հեղափոխությունը կիսատ է, շատ ոլորտներ կան, որտեղ շոշափելի արդյունքներ դեռ նկատելի չեն, դժգոհում է հետհեղափոխական Հայաստանում մի քանի ամիս գյուղատնտեսության նախարարի պաշտոնը զբաղեցրած դաշնակցական Արթուր Խաչատրյանը:

«Մի տարի անցնելուց հետո պետք է ասենք, որ մեր հույսերը ոչ ամբողջովին իրականացան, որովհետև տնտեսության մեջ համակարգային որևէ փոփոխություն մենք չենք տեսնում՝ էլի նույն կենտրոնացումները, էլի նույն խոշոր ձեռնարկությունները, էլի պետության ձեռնպահ տնտեսական քաղաքականությունը, էլի ամեն ինչ թողնելով շուկայի անտեսանելի ձեռքին: Իհարկե, այդ ամեն ինչը մեզ չի կարող գոհացնել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Խաչատրյանը՝ շարունակելով․ - «Օլիգարխներ չկան, կոռուպցիա էլ չկա, բայց դրա մասին հայտարարվեց 2018 թվականի օգոստոսի 17-ին, բայց արի ու տես՝ չեղած կոռուպցիայի պայմաններում մի ամիս առաջ առողջապահության փոխնախարար ձերբակալվեց»:

Արթուր Խաչատրյանը, այնուամենայնիվ, երկու դրական փոփոխություն առանձնացնում է՝ մեկն արդեն արձանագրված ազատ արդար ընտրություններն են․ - «Դրական բան, իհարկե, տեսնում եմ՝ այն է, որ ընդհանրապես ակնկալիքները փոփոխություններից շատ դրական են, և մարդկանց մեջ հույս է առաջացել, որ ինչ-որ փոփոխություն կարող է լինի: Տեղի ունեցան ընտրություններ՝ թե՛ ՏԻՄ մակարդակով ընտրություններ, թե՛ պետական մակարդակով ընտրություններ»:

Իշխանության ներկայացուցիչ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նարեկ Բաբայանն ընդդիմախոսներին հակադարձում է ի՛ր նկատած շոշափելի ձեռքբերումները հիշեցնելով, որոնք, ըստ նրա, անհնար էր պատկերացնել մինչև հեղափոխությունը:

«Չկա համակարգային կոռուպցիա, էն ամենակարևորը, որը որ եղել ա՝ չկա կեղծված ընտրություններ, որը պատճառ և հետևանք ա եղել էդ կոռուպցիայի, էս ամեն ինչը չկա: Իհարկե, կոռուպցիան չի վերացել, կոռուպցիայի դեմ պայքար կա, և, ինձ թվում ա, կույր պետք ա լինել՝ չտեսնելու համար», - «Ազատության» հետ զրույցում շեշտեց Բաբայանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG