Մատչելիության հղումներ

Ծեծուջարդ, կրակոցներ Զարթոնքում․ համայնքապետի հրաժարականի հարցը գյուղը երկու մասի է բաժանել


Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում լարված իրավիճակ է, 13-ը ապրիլի, 2019թ․
Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում լարված իրավիճակ է, 13-ը ապրիլի, 2019թ․

Այսօր առավոտյան կրակոցներ են հնչել Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում: Դրանց նախորդել է ծեծուջարդը:

Համայնքի 23 տարվա ղեկավար Պարույր Սարգսյանի հրաժարականի հարցն է ամիսներ շարունակ գյուղը երկու մասի բաժանել։ Իրավիճակն սկսել է սրվել երեկվանից՝ դպրոցում, որտեղ աշխատում են հիմնականում գյուղապետի համախոհները, իսկ տնօրենը նրա դուստրն է:

«Հովհաննեսի երկու տղաները կանգնած են լինում դպրոցի հայաթում, բրթում են մեր կնանիքին, մեկին քցում են առվի մեջը, մի հատ հիվանդ էրեխու էլ, էդ էրեխեն, ով որ ընգնում ա հիվանդանոց, խփում ա քցում ա: Ժողովուրդը որ էտ են տեսնում, ջղայնանում են: Մենք էլ չենք իմանում, որ Հովհաննեսի մի տղան էլ էպիլեպսիկ հիվանդ ա, միանգամից վատանում, ընգնում ա գետին, իրան թափ ա տալի: Հետո Հովհաննեսը իրիկունը զանգում ա իմ ամուսնու վրեն, հեռախոսով հաթաթա ա տալի՝ «ես կգամ գյուղ, դու կտենաս», - «Ազատությանը» պատմեց գյուղի բնակչուհիներից մեկը:

Դպրոցի առջև տեղի ունեցած միջադեպից հետո, շաբաթ առավոտյան, կողմերը շարունակել են հաշիվ պարզել: Գյուղապետի հակառակորդները պատմում էին բոլորով գնացքի ռելսերին նստած՝ փակել էին երկաթուղին․

«Գյուղացիները որ հավաքվեցին, որ գնան, իրանց վրա տան, որ մեր վրա էին տալի, իրանք հանեցին էդ հրացանը և կրակեցին: Իրանց տղաներից՝ Նարեկ Մելքոնյանը․․․»:

«Մեկից վազելով էդ պատի հետևով դուս եկավ ու կրակեց»:

Կրակողը, ըստ գյուղացիների, համայնքապետ Պարույր Սարգսյանի թոռն էր՝ Նարեկ Մելքոնյանը:

Համայնքապետի դուստրը՝ Զարթոնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Հոռոմսիմ Սարգսյանը, «Ազատության» հետ զրույցում հաստատեց, որ իր որդին է կրակողը․ - «Այո՛: Ինչո՞ւ: Սեփական տարածք ներխուժելու իրավունք ամբոխը ունի՞»:

Գյուղապետի դուստրն էլ, նրանց համախոհներն էլ պնդում են՝ տղան օդ է կրակել և միայն՝ ինքնապաշտպանության համար։

«Աստված չանի՝ ձեր տների վրա ինչ-որ մեկը հարձակվի, քո հայրը, քո եղբայրը չի պաշտպանվի՞: Ասեք՝ չի պաշտպանվի՞», - հարցնում էր համայնքապետ Պարույր Սարգսյանը:

Միջադեպի հետևանքով 6 հոգի Մեծամորի հիվանդանոց է տեղափոխվել՝ սալջարդեր, արյան զեղումներ ու քերծվածքներ են, ասաց հերթապահ բժիշկը ։ Օրվա երկրորդ կեսին այնտեղ միայն Վարդան Պողոսյանն էր, որ քթի ու ականջի վնասվածքներ ուներ: Նա պնդեց, որ համայնքապետի թոռն ու կողմնակիցն են իրեն ծեծել․ - «Բա «կտենաս, քեզի գյուլլելու ենք», բան, ասի՝ «խելոք մնա»: Բան արեց՝ խփեց, գլխով խփեց, ստիս խփեց, ֆռացի՝ ստեղս էլ խփին՝ էրկաթով խփին: Բայց էսի գյուղապետի թոռը խփեց»:

Գյուղապետի համախոհները մի վայրում էին մեկտեղվել, նրա հրաժարականը ռելսերի վրա էին պահանջում: Երկու վայրում էլ տասնյակ ոստիկաններ էին:

«Հանցագործներին պտի բռնեն պատժեն: Բոլորի՛ն, ով հայհոյանքներ տվել ա մեր սրբություններին, պտի էտի պատասխան տան իրանք: Հերի՛ք ա իրանք կուլ տան մեզի, հերի՛ք ա, մարդասպաններ են իրանք, մեր տեքրներին, մեր մարդկանց սպանում են իրանք», - հայտարարում էին համայնքապետի հրաժարականը պահանջող կանայք:

Գյուղապետն ու իր կողմնակիցները վստահ են՝ հրաժարականի առիթ չկա:

«Մենք իրան չենք թողի դուրս գա, չենք թողի», - ասաց համայնքապետի կողմնակիցներից մեկը:

«Ո՛չ, ես էսօր չեմ պատրաստվում հրաժարական տալու, ես նորից եմ ասում, չեմ պատրաստվում, որովհետև 1600 ընտրող ունեմ, իրանք, ասենք, մի 50 կամ 100 հոգով կամ 150 հոգով համայնքի ղեկավարի հրաժարականը չեն կարա տան: Ես հրաժարական չեմ տալու», - պնդեց Պարույր Սարգսյանը:

Օրվա երկորդ կեսին զարթոնք եկավ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը՝ տեղակալի հետ։ Ասաց՝ եկել է խաղաղության ու խոհեմության կոչեր անելու:

«Հակաիրավական որևիցե բան պետք ա չլինի: Ժողովուրդը որ բողոքում ա՝ դա իրենց իրավունքն ա, սա էլ ա իրավական գործընթաց, իրենց իրավունքից բխող գործընթացի մեջ են ժողովուրդը: Բայց պետք ա նենց անենք, ժողովուրդ ջան, բոլոր խնդիրներին մենք աչալուրջ ենք լինելու, հետևողական ենք լինելու», - ասաց Սանասարյանը:

Նրա տեղակալ Արգիշտի Քյարամյանի տեղեկացմամբ՝ Զարթոնքում ուսումնասիրություններ են արել, ու կան չարաշահումներ․ - «Տեղեկանքում արտացոլվել են առերևույթ հանցագործության մասին վկայող հանգամանքներ, որոնք, բնականաբար, համապատասխան ընթացք են ստանում, ամենայն հավանականությամբ, երկուշաբթի օրը կստանան համապատասխան ընթացք, ինչը ենթադրում է՝ տեղեկանքը որպես հանցագործության մասին հաղորդում կուղարկվի Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն»:

Պետական վերահսկողական ծառայության պետն ու Զարթոնքի գյուղապետը փակվեցին գյուղապետարանում և երբ վերադարձան լրագրողների մոտ՝ համայնքապետ Սարգսյանը կարծես թե վերանայել էր չհեռանալու հաստատակամությունը, ասաց՝ երկուշաբթի օրը հայտարարություն կանի:

Զարթոնքում գյուղապետի հրաժարականը պնդողներն ասացին՝ չեն խաղաղվելու, մինչև երկուշաբթի օրը հանգուցալուծումը չտեսնեն։ Երկաթուղին արդեն բաց է, իսկ ոստիկանները գյուղում շարունակելու են հերթապահել՝ շուրջօրյա։ Հրացան գործադրած անձն ու միջադեպի մի քանի մասնակիցներ բերման են ենթարկվել ոստիկանության Մեծամորի բաժին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG