Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհակալական նամակ է հղել Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյին՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման կապակցությամբ:
«Թույլ տվեք ՀՀ Ազգային ժողովի և անձամբ իմ անունից խորին շնորհակալություն հայտնել Իտալիայի Պատգամավորների պալատի կողմից Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ որոշման ընդունման համար: Վստահ եմ, որ Պատգամավորների պալատի այդ քայլն իր կարևոր նպաստը կունենա մարդկության դեմ նման ոճրագործությունների կանխարգելման գործում: Իտալիայի Պատգամավորների պալատը ևս մեկ անգամ հավաստեց իր հավատարմությունը համամարդկային այն բարձր արժեքներին, որոնք դավանում է Իտալիայի ժողովուրդը», - ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասված է նամակում:
Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը ապրիլի 10-ին ընդունած բանաձևով կոչ է անում երկրի կառավարությանը պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը և միջազգային մակարդակում բարձրացնել այդ հարցը: Հայաստանը ողջունել է բանաձևի ընդունումը, Թուրքիան՝ դատապարտել: