Մատչելիության հղումներ

ԱԺ փոխխոսնակ․ Օնլայն բուքմեյքերների գործունեության արգելումն աննպատակահարմար է


ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը զրուցում է «Ազատության» հետ, Երևան, 13-ը ապրիլի, 2019թ․
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը զրուցում է «Ազատության» հետ, Երևան, 13-ը ապրիլի, 2019թ․

Խաղադրույքների ոլորտում ուղիղ մարդկային շփման նվազեցումն արդեն իսկ մեծ քայլ է, ասում է Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի համահեղինակներից մեկը:

«Միջանձնային հարաբերությունները վերացնելով՝ դու վերացնում ես նիսիայի հնարավորությունը, դրանով մարդուն է՛լ ավելի խորը փոսի մեջ չգցելու հնարավորություն տալով», - նշում է Սիմոնյանը՝ արձագանքելով «Իմ քայլը» խմբակցության իր գործընկեր Հայկ Սարգսյանի այն հայտարարությանը, թե բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը սահմանափակելով խաղամոլության դեմ պայքարը ոչինչ չի շահի:

Սարգսյանն անդրադարձել էր նաև անչափահասների կողմից խաղադրույքներ կատարելու խնդրին՝ պնդելով, որ գրասենյակները փակելով անչափահասների ներգրավվածությունը վերահսկել հնարավոր չի լինի, քանի որ նրանք կսկսեն օնլայն խաղալ։

ԱԺ փոխնախագահի խոսքով՝ նախագծի ընդունման դեպքում կնվացեցվի նաև այդ ռիսկը․ - «Օրենքը նաև նախատեսում է տարիքային շեմի ֆիքսում՝ դա 21 տարեկանն է, իսկ օնլայն պարագայում այդ շեմը կհետևվի վճարումները կատարելու և վճարումներ ստանալու պարագայում: Միգուցե գրանցվելը ուրիշի անձնագրով հնարավոր կլինի, բայց այդ պարագայում դու չես կարողանալու գումար ստանաս, կամ էդ անձը պետք է գնա, գումարը ստանա, փոխանցի քեզ ամեն անգամ»:

«Ազատություն»-ը հարցում էր անցկացրել շուկայի խոշոր ընկերությունների շրջանում: Նրանք վստահեցնում էին, որ մեխանիզմներ են մշակել անչափահասների խաղադրույքներ կատարելու ռիսկը նվազեցնելու համար՝ անձնագրի միջոցով նույնականացում են պահանջում։

Ալեն Սիմոնյանը հավելում է՝ օրենքի փոփոխությունից հետո դեպքերը սակավաթիվ կլինեն: «Գումար քո հաշվի վրա դնելու համար դու կրկին պետք է էդ անձին վերցնես և գնաս: Միգուցե ինչ-որ մարդիկ կկարողանան նման բան անել, բայց դա կրկնակի, եռակի կդժվարացնի», - նշում է նա:

ԱԺ փոխնախագահի խոսքով՝ օնլայն բուքմեյքերների գործունեության արգելումը նպատակահարմար չէ, քանի որ դա և՛ շատ միջոցներ է պահանջում, և՛ չկա նախադեպ, որ որևէ երկրում հնարավոր է եղել ամբողջական վերահսկում սահմանել:

«Նման սահմանափակում դնելու համար մեր պետական բյուջեն մենք պետք է ծանրաբեռնենք ևս մեկ միլիարդ դոլարով, որը որ 100-տոկոսանոց արդյունք, այնուամենայնիվ, չի տալիս», - ընդգծում է Սիմոնյանը:

Նա ևս մեկ կետ է առանձնացնում․ օնլայն խաղադրույքներն արգելելու դեպքում քաղաքացիները կօգտվեն արտասահմանում գրանցված դոմեյններից, ինչի արդյունքում գումարը դուրս կգնա, իսկ այսպես հնարավոր կլինի վերահսկողություն սահմանել։

ԱԺ փոխնախագահը բուքմեյքերական ընկերություններից տվյալներ է ճշտել՝ պարզելու համար, թե խաղադրույքներ կատարողների թիվը որքան է կազմում: Ըստ Ալեն Սիմոնյանի՝ այժմ խաղադրույքներ կատարողների թիվը հասնում է 63 հազարի, որոնցից 3 հազարը մոլի խաղացողներ են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG