Մատչելիության հղումներ

Զարթոնք գյուղում լարված իրավիճակ է․ հնչել են կրակոցներ, կան տուժածներ, բերման ենթարկվածներ


Այսօր վաղ առավոտյան ոստիկանության Մեծամորի բաժնում ահազանգ է ստացվել, որ Զարթոնք գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ միջադեպ է եղել։ Այդ ընթացքում մասնակիցներից մեկը որսորդական հրացան է գործադրել։

«Ահազանգին արագ արձագանքած ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները կանխել են միջադեպի հնարավոր անդառնալի հետևանքները։ Բացի այդ, ոստիկանները վնասազերծել են հրացան գործադրած անձին, նրան և միջադեպի մի քանի մասնակիցների բերման են ենթարկել բաժին», - ասված է Հայաստանի ոստիկանության լրատվական վարչության հաղորդագրությունում:

Միջադեպի մասնակից հինգ անձ դիմել է բուժօգնության։ Նրանցից երկուսի վնասվածքը, նախնական վարկածով, առաջացել է որսորդական փամփուշտի կոտորակից։ «Տեղում ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ վերահսկում են օպերատիվ իրավիճակը», - փոխանցում է Ոստիկանությունը:

Քննչական կոմիտեն հաղորդում է, որ Արմավիրի մարզային քննչական վարչությունում Զարթոնք գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով` «խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ»:

«Իրականացված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են զինված միջադեպի մի շարք հանգամանքները: Խուլիգանություն կատարելու կասկածանքով երկու անձ ձերբակալվել է: Կատարվում են անհրաժեշտ քննչական, դատավարական և այլ գործողություններ միջադեպին մասնակից անձանց շրջանակը հստակեցնելու և նրանցից յուրաքանչյուրի գործողությունների քրեաիրավական գնահատական տալու վերաբերյալ», - տեղեկացնում է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղարը՝ հավելելով, որ նախաքննությունը շարունակվում է, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում իրավիճակը շարունակում է լարված մնալ. գյուղացիները պահանջում են գյուղապետի հրաժարականը: Գյուղ է ժամանել Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը:

Մանրամասները՝ այսօր ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG