Երևանի աղբահանությունն իրականացնող «Սանիթեք» ընկերության տնօրինությունը այսօր հաղորդագրություն է տարածել՝ հայցելով երևանցիների ներողամտությունը և տեղեկացնելով, որ քաղաքապետարանի հետ քննարկումները «շատ մոտ են հանգուցալուծմանը»:
«Սանիթեք» ընկերությունը հարկ է համարում պարզաբանում ներկայացնել վերջին շաբաթում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Դեռևս նախորդ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ընկերությունը քաղաքապետարանի հետ քննարկումների ժամանակ նախազգուշացրել էր, որ եթե չլինի համատեղ լուծում, ապա աղբահանության կազմակերպման հետ կապված կարող են ծագել խնդիրներ։ «Սանիթեք» ընկերությունն այս ողջ ընթացքում անդադար վնասներ է կրել և չի ստացել ոչ մի փոխհատուցում», - ասված է հաղորդագրությունում: - «Տեղեկացնում ենք, որ ընկերության և քաղաքապետարանի հետ համատեղ քննարկումները շատ մոտ են հանգուցալուծմանը, որը պետք է հանգեցնի մեր քաղաքի անխափան ու բարձր մակարդակի աղբահանությանը։ Շուտով ավարտին կմոտենա «Սանիթեք» ընկերության և քաղաքապետարանի համագործակցության նոր ձևաչափի քննարկման գործընթացը»։
«Եվս մեկ անգամ հայցում ենք ձեր բոլորի ներողամտությունը և խոստանում ենք հնարավորինս սեղմ ժամկետներում լուծել մեր սիրելի քաղաքի աղբահանության խնդիրը և վերջնականապես ունենալ անաղբ և մաքուր Երևան», - նշված է «Սանիթեք»-ի հաղորդագրությունում:
Վերջին շրջանում Երևանում աղբահանության վիճակը վատթարացել է: Երկու օր առաջ քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքում գրել էր՝ աղբահանության միակ օպերատորի աշխատանքը, որը մինչ այդ էլ գոհացուցիչ չէր, է՛լ ավելի անբավարար է դարձել: