Մատչելիության հղումներ

ԱԺ֊ում քննարկվում է բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը սահմանափակելու հարցը


Ազգային ժողովում քննարկվում է բուքմեյքերական ընկերությունների գրասենյակների գործունեությունը սահմանափակելու հարցը, սակայն գաղտնիք չէ, որ խաղադրույքների մեծ մասն իրականացվում է օնլայն հարթակում, ընդամենը մի քանի պարզ գործողություն ու չափահասի անձնագիր և խաղադրույքներ կատարելու համար հաշիվը պատրաստ է:

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը խոստովանում է՝ պատանի հասակում հենց այդպես էլ վարվել է․ - «11 տարեկան երեխան կարող է իր ընկերոջ անձնագրով, որի 18 կամ 21 տարին լրացած է, խաղալ: Իրեն ընդհամենը մեկ անգամ պետք է գրանցվել, դրանից հետո առանց սահմանափակումների խաղալ»:

Հայկ Սարգսյանն իր կուսակիցներ Ալեն Սիմոնյանի, Սիփան Փաշինյանի և ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի մշակած «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի փոփոխությունների նախագծի գլխավոր քննադատներից մեկն է: Պատգամավորի խոսքով՝ բուքմեյքերական գրասենյակների փակումը խաղամոլության դեմ պայքարում բավարար չէ, քանի որ խաղադրույքների մեծ մասը իրականացվում են օնլայն տիրույթում: - «Հակառակը՝ էդ գրասենյակներում աշխատողներին սարքում ենք գործազուրկ, փակման հետևանքով վարձավճարներ չեն տալու, որոնցից նաև եկամտահարկեր չեն պահվում», - ասում է պատգամավորը:

Հայկ Սարգսյանի գնահատմամբ տպավորություն է ստեղծվում, կարծես մարդկանց առաջարկվում է խաղալ օնլայն, քանի որ այդպես ավելի հարմար է: Ըստ նրա՝ նախագիծը չի լուծի խաղադրույքներ կատարող անչափահասների հարցը:

Շուկայի ամենախոշոր ընկերություններից մեկի՝ «Վիվառոբեթի» աշխատակիցն «Ազատությանը» հայտնեց՝ իրենք ամեն ինչ անում են, որ 18 տարին չլրացած քաղաքացիները խաղադրույք չկատարեն, իսկ կայքից օգտվելու համար անձնագիրը դեմքին պահած սելֆի է պահանջվում, որպեսզի հաճախորդը նույնականացվի:

Խոշոր ընկերություններից մյուսը՝ «Տոտոգեյմինգը», նույնպես նույնականացում է պահանջում:

Բուքմեյքերական ընկերությունները վստահեցնում են՝ ռիսկերը նվազագույնի են հասցրել, այդուհանդերձ «Ազատության» հարցմանը մասնակցած քաղաքացիներից մեկը պնդում է՝ անչափահասները շատ են խաղում:

Նախագծով առաջարկվում է նաև արգելել բուքմեյքերական ընկերությունների արտաքին և օնլայն գովազդը, իսկ հեռուստաեթերում թույլատրել միայն գիշերային ժամերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG