Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանն «Ազատության» հետ զրույցում՝ գնահատելով ԵԽԽՎ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը, նշեց՝ իր առջև դրված խնդիրները լուծած ելույթ էր։
Ըստ քաղաքագետի, Նիկոլ Փաշինյանն իր անձնական օրինակով ջախջախեց Հայաստանի մինչ թավշյա հեղափոխություն ժամանակահատվածի քաղաքական համակարգը։
«Մի քանի խնդիր կար լուծելու, որը լուծել է Նիկոլ Փաշինյանը, և եթե նրա ելույթը դիտարկում ենք իր կառավարության տեսանկյունից, առաջին խնդիր՝ ինչպիսի՞ն էր երեկվա Հայաստանը, որ փոխեց թավշյա հեղափոխությունը։ Վերին աստիճանի դիպուկ, հենց իր անձնական օրինակի վրա, Նիկոլ Փաշինյանը հյուսեց Հայաստանի քաղաքական համակարգի ամբողջ պատկերը, որը, ես ենթադրում եմ, որ նախկին իշխանություններին բնականաբար ցավեցրել է, և հենց այս հատվածն է, որ նրանց հիմք է տվել ուղղակի թույլ համարելու Նիկոլ Փաշինյանի ելույթը, որովհետև ակնհայտորեն Նիկոլ Փաշինյանն իր անձնական օրինակով ջախջախեց Հայաստանի մինչ թավշյա հեղափոխություն ժամանակահատվածի քաղաքական համակարգը, ներկայացրեց մի բան, որը նախկինում արել էին ընդդիմադիր պատգամավորները՝ տարբեր թեմաներով զեկույցների ժամանակ, բայց Հայաստանի Հանրապետության իշխանության կողմից այդպիսի գնահատական Եվրոպայի խորհրդի ամբիոնից չէր տրվել», - ասաց Սաֆարյանը։
Սաֆարյանը նշեց՝ գեղարվեստական առումով բավական հետաքրքիր կառուցված ելույթ էր։
«Կար անձնական սթորի՝ անձնական պատումի մեջ, երկրի քաղաքական հետագիծ, անհատների ողբերգական, քաղաքական ճակատագրեր և այլն, այսինքն՝ այդպիսի ելույթը պարզ էր, որ դուր չի գալու Նիկոլ Փաշինյանի այսօրվա քաղաքական ընդդիմախոսներին։ Սա ակնհայտորեն բացեց այն իրական Հայաստանը, որը նախկինում եվրոպացիներին ներկայացվում էր որպես, այսպես ասած, առաջ գնացող, զարգացող երկիր, և այստեղ Նիկոլ Փաշինյանը դրեց պետության մոդելի խնդիրը, դրանք եվրոպական ժողովրդավարության ուղենիշներն են, որից ավել հնարավոր չէ ասել», - ասաց քաղաքագետը։
Քաղաքագետին նաև հաճելիորեն զարմացրել էր, որ Նիկոլ Փաշինյանն իրեն այնտեղ ոչ թե հյուր էր զգում, այլ ուղղակի մեծ ընտանիքի անդամ։
«Ինձ համար բավականին անսպասելի էր, հանուն արդարության և հաճելիորեն զարմացնող, որ Նիկոլ Փաշինյանն իրեն այնտեղ ոչ թե հյուր էր զգում, այլ ուղղակի մեծ ընտանիքի անդամ, և նաև խոսեց այդ կառույցի թերի կողմերից, մասնավորապես, անվտանգության խնդիրների վերաբերյալ՝ հիշեցնելով 2016 թվականի ապրիլյան պատերազմի նախօրեին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում երկու հայտնի զեկույցները, ցուցադրելով այն վտանգները, որոնք հաճախ առաջանում են այդ մարմնում՝ նրան ներքաշելու հակամարտությունների մեջ որպես կողմ։ Ես այստեղ ուղղակի կցանկանայի, որ Փաշինյանը նաև հիշեցներ եվրոպական մեծ ընտանիքի անդամներին, որ 2001 թվականին Ադրբեջանը և Հայաստանը ընդունվելիս ստանձնել են մի շարք պարտավորություններ, և այդ պարտավորություններից մեկը վերաբերում է Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու պարտավորությանը», - ասաց քաղաքագետը։
Եզրափակելով խոսքը, Սաֆարյանն ընդգծեց՝ այն, ինչ պետք էր Հայաստանին, հիմնականում ասվեց։
«Եվ այստեղ խոսել՝ «թույլ էր», «չտվեց, սրա ծնոտը չջարդեց», ներեցեք, քաղաքականությունը գյադայականության, քուչի կամ տղայականության վայր չի, բավականին իր առջև դրված խնդիրները լուծած ելույթ էր», - ասաց քաղաքագետը։