Մատչելիության հղումներ

Մաքրության պահպանման հարցում Փաշինյանի հորդորի թիվ մեկ հասցեատերը Երևանի քաղաքապետարանը պետք է լինի․ Դավիթ Խաժակյան


Մայրաքաղաքն աղբի մեջ կորած է, ահազանգում են ֆեյսբուքյան օգտատերերը՝ համացանցը հեղեղելով տարբեր համայնքներում աղբակույտերի լուսանկարներով:

Աղբակույտերի տեսարաններ այսօր արձանագրել է նաև «Ազատության» տեսախցիկը: Իրավիճակն անմխիթար էր անգամ որոշ կենտրոնական փողոցներում:

Երևանի ավագանում ընդդիմադիր «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մաքրության ու կարգուկանոնի հաստատաման իր քարոզչությունը նախ մայրաքաղաքում տիրող իրավիճակից պետք է սկսի, և գործադիրի ղեկավարի հորդորի թիվ մեկ հասցեատերը Երեւանի քաղաքապետարանը պետք է լինի:

«Երբ վարչապետը այցելում է այս կամ այն հաստատություն, խոսում տարածքի մաքրության կարևորության մասին, առաջին հերթին նաև քաղաքի պարագայում պետք է անդրադառնանք և ասենք, որ աղբահանության խնդրի լուծումը այս տարի ևս ձախողված կարելի է համարել, որովհետև տեսնում ենք, թե ինչ վիճակ է տիրում: Արդեն քանի ամիս է անցել քաղաքապետի պաշտոնավարումից, քանի ամիս է անցել այն պահից, երբ քաղաքապետը հայտարարեց, որ բանակցություններ են ընթանում, և մենք տեսնում ենք, որ դրանք անօգուտ, անարդյունք բանակցություններ են, և ունենք սրված վիճակ»:

Շրջակա միջավայրի մաքրությունը վարչապետի օրակարգի գլխավոր հարցերից է դարձել: Վերջին շրջանում երկրի ղեկավարի մասնակցությամբ սկանդալները հենց այս թեմայով են: Նախ մարտի 23-ին Համազգային թատրոնի նորակառույց շենքի հիմնարկեքի արարողության ժամանակ վարչապետը խիստ վրդովվեց շինհրապարակում ու հարակից տարածքում թափված ծխախոտի մնացուկների ու աղբի պատճառով, անձամբ լծվեց մաքրության գործին: Սրան հաջորդեց մաքսատան միջադեպը, երբ Երբ վարչապետը տեղում հրահանգեց ոչ պատշաճ վիճակում գտնվող դրոշի համար աշխատանքից հեռացնել երիտասարդ աշխատակցին:

Իսկ մայրաքաղաքում տիրող իրավիճակով պայմանավորված, ըստ Դավիթ Խաժակյանի, ոչ միայն աշխատանքից ազատվելու հրահանգներ չկան, այլ նույնիսկ աղբահանության բարելավման ժամկետներն են անորոշ․ - «Միջավայրը երբ մաքուր է լինում, մարդիկ սկսում են քիչ աղտոտել կամ չաղտոտել: Այսինքն, միջավայրի ընդհանուր առմամբ մաքրությունը շատ կարևոր է մարդկանց վարքագծի ձևավորման հարցում: Եվ երբ քաղաքում ընդհանուր առմամբ աղբահանությունը, որի թիվ մեկ հասցեատերը քաղաքապետարանն է և մասնավոր կազմակերպությունը, թերի են իրականացնում, և քաղաքը վերածվել է բաց երկնքի տակ աղբանոցի, նաև մարդկանց մեղադրել, որ իրենց էդ աղբանոցի վրա է՛լ ավելի են ավելացնում, արդարացված կլինի այնքանով, որքանով առաջինը իրենք իրենց անդրադառնան»:

Երևանի բնակիչների դժգոհություններին միացել է անգամ քաղաքային իշխանությունը: Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը խոստովանում է, որ մայրաքաղաքում աղբահանությունը նկատելիորեն վատթարացել է․ - «Իրավիճակը միշտ էլ անբավարար է եղել, անբավարար է գնահատվել: Զուգահեռաբար տարվել են բանակցություններ «Սանիթեքի» հետ, պարբերաբար նաև քաղաքապետարանի այլ պաշտոնյաներ հայտարարել են, որ պետք է երկրորդ օպերատոր»:

Աղբահանության խնդրի լուծման տարբերակներից մեկն էլ այն է, որ սանմաքրման երկրորդ օպերատորը քաղաքապետարանը դառնա: Դեռևս փետրվարին էր հայտարարվել մրցույթ՝ 24 նոր աղբատար մեքենա ձեռք բերելու համար: Արդյունքները բողոքարկել էր մրցույթի մասնակիցներից մեկը: Գնումների բողոքարկման հանձնաժողովը բավարարել է այդ բողոքը և կասեցրել գնման գործընթացը: Քաղաքապետարանը այդ որոշումը վիճարկում է դատարանում:

Քանի դեռ իրավական գործընթացն ավարտված չէ, նոր աղբատարները գործի չեն դրվի: Հայտնի չէ՝ այն երբ կավարտվի, իսկ առջեւում ամառն է:

Հակոբ Կարապետյան․ - «Ես, իհարկե, օր և ժամ չեմ կարող ասել, բայց քաղաքապետարանը ամեն ինչ անում է, որպեսզի դա լինի օր առաջ, հնարավորինս շուտ: Եղանակը տաքանում է, օրերը տաքանում են, և ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ խնդիրները ավելի ակնառու են լինելու, վտանգները ավելի առարկայական են լինելու: Մենք ոչ միայն վիզուալ տհաճ պատկեր ենք ունենալու, լցված աղբամաններ ենք ունենալու, այլ նաև ունենալու ենք գարշահոտություն և համաճարակային վիճակի վատթարացում»:

Երևանի քաղաքապետարանի և «Սանիթեք» ընկերության միջև կնքված պայմանագրի ժամկետի լրանալուն դեռ մի քանի տարի էլ կա: Բայց եթե մինչև այդ երկրորդ օպերատոր գտնվի, ըստ Հակոբ Կարապետյանի, «Սանիթեքի» հետ փոխադարձ համաձայնությամբ, լիազորությունների մի մասը կփոխանցվի մյուս օպերատորին:

Իսկ Դավիթ Խաժակյանը կարծում է, որ «աղբահանության խնդիրը կազմակերպչական խնդրից է բխում, և դրա հասցեատերը քաղաքապետարանն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG