Մատչելիության հղումներ

Փիլոնազրկված Տեր Ղազարի բողոքը թեմում ընդունելի են համարում, արտահայտչաձևերը՝ ոչ


Բյուրավանի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանա Տեր Ղազարը փիլոնազրկված է երեկվանից։ Այսօր նրան եկեղեցում տեսնող չի եղել, ժամերգության էլ չի եկել:

Տեր Ղազարը տրանսգենդեր կնոջ խորհրդարանական ելույթին հաջորդած բողոքի ցույցի ակտիվ մասնակիցն էր, բայց փիլոնազրկվեց ֆեյսբուքյան կես ժամանող ուղիղ եթերից հետո, որտեղ Խաչատուր Աբովյանի ու էվոլյուցիոն տեսության դեմ մտքերից բացի, նաև վարչապետ Փաշինյանին է հորդորներ ուղղում՝ «չհանդգնես, և իմացի, որ դու քրիստոնյա ես, սոդոմականությունը Աստծո դեմ մեղք է»:

Նույն ֆեյսբուքյան եթերում էլ քահանան տեղեկացրեց, թե ցույցին մասնակցելուց հետո իր եպիսկոպոսից դրական արձագանք է ստացել, բայց եթե այդ վերաբերմունքը փոխվի՝ ուրեմն իշխանական միջամտություն կա:

Փիլոնազրկումը տեղի ունեցավ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդի՝ Նավասարդ սրբազանի տնօրինությամբ։ Բացատրությունն այսպիսին է՝ հոգևորականն իրավունք ունի վրդովմունք արտահայտել այլասերության քարոզի շուրջ, բայց անընդունելի է քաղաքական հայտարարություններ անելն ու քաղաքացուն ոչ հարիր կեցվածք ցուցաբերելը։

«Կային այնպիսի արտահայտություններ, որ հոգևորականի առաքելության և ծառայության հետ ոչ մի կապ չունի, ավելի շատ քաղաքական է: Հոգևորականը քաղաքականությամբ չի զբաղվում կամ իշխանություններին խորհրդատու չէ», - «Ազատության» հետ զրույցում մանրամասնեց Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի պատասխանատու Տեր Եսայի քահանան:

Քահանայի բողոքը թեմում ընդունելի են համարում, արտահայտչաձևերը՝ ոչ։ Տեր Ղազարը պատժվել է 4 օրով: Մինչև ավագ Շաբաթ հոգևոր որևէ խորհուրդ նա չի կարող կատարել։ Հոտի հետ շփվել, ժամերգությանն ու պատարագին դիտորդի կարգավիճակով մասնակցել կարող է։ Փիլոնազրկման ժամկետը տրվում է փիլոնազրկման պատճառները քննելու ու ինքն իրեն վերանայելու, ապաշխարելու համար։

«Ինքը հասուն մարդ է, կայացած մարդ է: Այդ առումով իրեն հատուկ ուղղորդելու կարիք չկա», - ասում է Տեր Եսայի քահանան:

Տեր Ղազար քահանան Բյուրավանում է ապրում կնոջ ու երեք որդիների հետ։ Նա հարևան 7 գյուղերի քահանան է։ Հոտի մեծ մասը չի լսել հովվի փիլոնազրկման մասին:

Կան եկեղեցական իրադարձությունների հանդեպ անտարբերներ, և կան քահանայի փիլոնազրկումը ցավով ընդունողներ:

Շաբաթ օրը Տեր Ղազարի անվանակոչության՝ սուրբ Ղազարոսի հարության տոնն է, որ նա կանցկացնի առանց հատուկ ծեսի՝ փլիոնազրկվածի կարգավիճակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG