Մատչելիության հղումներ

Ավանդական մանկապատանեկան հանդեսները հայտնվել են փակման վտանգի առջև


Այսօր Գրողների միությունում էին հավաքվել ուսուցիչներ, մանկագիրներ, հրատարակիչներ, խմբագիրներ և իրենց տագնապն ու վրդովմունքն էին արտահայտում Հայաստանում շուրջ 100 տարի լույս տեսնող ավանդական մանկապատանեկան պարբերականների փակման դեմ:

Մինչև այժմ «Աղբյուր», «Ծիծեռնակ» և «Կանչ» մանկապատանեկան հանդեսները հրատարակվում էին պետական ֆինանսավորմամբ: 1990 թվականին Գերագույն խորհուրդը որոշում էր ընդունել յուրաքանչյուր տարի բյուջեից ֆինանսավորում հատկացնել այս երեք ամսագրերի տպագրության համար, և մինչև այժմ այդ որոշումը չեղյալ չի հայտարարվել: Բայց այս տարվանից արդեն մանկապատանեկան պարբերականները հրատարակելու համար գումար կստանան, եթե հաղթեն Կրթության և գիտության նախարարության հայտարարած մրցույթում:

Վերոնշյալ երեք ավանդական հանդեսները հաղթող չեն ճանաչվել և այժմ կանգնած են փակման վտանգի առաջ:

Ինչպես շեշտում է Հայաստանի գրողների միության նախագահ, մանկագիր Էդվարդ Միլիտոնյանը, այս պարբերականները մշտապես հրատարակել են ոչ միայն ժամանակակից գրողների, այլև նկարիչների ու կոմպոզիտորների մանկապատանեկան ստեղծագործությունները՝ սկսած մեծանուն Չարենցից մինչև մեր օրերը:

«Այդ ընտրված ձևը, գնումների գործակալության տիպի ձևը ինքնին խոտոր է, ինքնին չի ծառայում բովանդակությանը: Ինքս երկար տարիներ աշխատելով այդ բնագավառում՝ հասկացել եմ, որ գիտությունը, կրթությունը դնել զուտ ֆինանսական չափորոշիչների տակ, ճիշտ ճանապարհը չէ: Այդպես մենք կարող ենք դուրս մղել շատ հետաքրքիր, լավ, հայացած, արդեն իրենց տեղը ունեցող մշակութային հիմնարկներ, խմբագրությունները և այլն», - ասաց Միլիտոնյանը:

«Աղբյուր» հանդեսի գլխավոր խմբագիր Թադևոս Տոնոյանը տարակուսում է․ - «Ամեն տարի տենդեր հայտարարել և չիմանալ, թե ով է շահելու այդ տենդերը: Այս տարի մարդիկ տենդերը շահել են միակ չափորոշիչով՝ ամենաէժան գին, և չի հետաքրքրվել, չեն հարցրել՝ այդ մարդիկ այս ոլորտում մասնագե՞տ են, մանկավարժական կրթություն ունե՞ն գոնե: Գեղագիտական առումով չափորոշիչներ չկան այսօր»:

«Ծիծեռնակ» հանդեսի գլխավոր խմբագիր, մանկագիր Անուշ Վարդանյանը հավելեց․ - «Հիմա հարցը ոչ միայն այն է, որ մենք չենք տպագրվելու, այլ այն է, որ շատ ցավալի կլինի, որ հետո սկսեն դպրոցներից այդ ամսագրերը հավաքել: Որովհետև ի՞նչ է նշանակում․․․ հաղթել են ամսագրեր, որոնք դեռ չեն տպվում, և չգիտենք մեջ ի՞նչ է լինելու, ի՞նչ նյութեր են լինելու: Մենք հանդիպեցինք նախարարի հետ և ասացինք՝ այնպես չլինի մրցույթի ժամանակ անհայտ դեմքեր հանդես գան: Պարոն նախարարը մեզ ասաց՝ գոնե տասը տարվա պարբերականություն այդ մամուլը պետք է ունենա: Բայց այդպես չեղավ: Ես համոզված եմ, որ Արայիկ Հարությունյանը չգիտի, թե ովքեր են հաղթել: Մենք միայն շենքի վարձ տարեկան տալիս ենք 600 հազար դրամ: Էլի պետությանը, իրենց տված փողը տալիս ենք վարձ: Հիմա ուրեմն մենք չպիտի ունենանք խմբագրություն, պիտի չունենանք վեց-յոթ հատ աշխատող օֆիցիալ, երեք-չորս հատ էլ՝ արտահաստիքային»:

«Կանչ» թերթի գլխավոր խմբագիր Վարուժան Մնացականյանն ասաց․ - «Սխալ բան է տեղի ունեցել: Մենք այս տարի հունվարի 1-ից չենք տպագրվել, որովհետև փող չկա: Մեր ամբողջ աշխատակազմը դատապարտված է․․․ աշխատավարձ չկա, ոչ մի բան չկա, շուտով պարտքեր կկուտակվեն»:

Այսօր Գրողների միությունը հանդես եկավ հայտարարությամբ, որը հրապարակեց Թադևոս Տոնոյանը․ - «Նման ձևով երեխաների կրթությունից և դաստիարակությունից գումար տնտեսելու փորձերը ճիշտ չեն: Մանավանդ եթե հաշվի առնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրթությունը երկրի զարգացման համար գերակայություն է հռչակել: Մանկապատանեկան մամուլի ֆինանսավորումն ավելացնելու, նրա կրթադաստիարակչական գործունեությունը համակարգելու մասին մտածելու փոխարեն Կրթության և գիտություն նախարարությունը ընտրում է հեշտ և էժան տարբերակը, որը, համոզված ենք, անչափ թանկ է նստելու մեր երկրի վրա: Պահանջում ենք չափորոշիչների հստակեցման հիմքով անվավեր ճանաչել կայացած մրցույթ-տենդերը, գոնե նախորդ տարվա համամասնությամբ բյուջեով նախատեսված գումարի չափով վերսկսել մանկապատանեկան մամուլի ֆինանսավորումը, մինչև ընթացիկ տարում մասնագետների հետ՝ փորձառու մանկավարժներ, խմբագիրներ, ճանաչված գրողներ, լրագրողներ, հիշյալ ոլորտի համար մշակվեն և սահմանվեն հստակ չափանիշներ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG