Այսօր Վերաքննիչ դատարանը մերժեց պաշտպանական կողմի բողոքը առաջին ատյանի դատարանի՝ պաշտոնաթող նախագահի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգելու որոշման դեմ, այս մասին տեղեկացրեց գործով դատախազ Պետրոս Պետրոսյանը:
Քոչարյանի փաստաբանները նիստերի դահլիճից դուրս եկան ավելի ուշ, ինչպես փաստաբան Հայկ Ալումյանը փոխանցեց, երկրորդ նախագահի հետ քննարկում էին պաշտպանական կողմի հետագա անելիքները: Ասաց՝ Քոչարյանը կալանքի տակ մնալու որոշմանը ավելի հանգիստ արձագանքեց, քան պաշտպանները, ովքեր դատարանի որոշումը ստանալուց հետո պատրաստվում են բողոքարկել այն։
«Մեր դատարանները շարունակում են ենթարկվել էն սկզբունքին, որ գործի նյութերը ուսումնասիրի, բայց կալանքը ուզես-չուզես պիտի տաս, այս սկզբունքն է մինչև էսօր գործում։ Ուզեն-չուզեն կալանքը տալիս են, անկախ նրանից՝ գործի նյութերում ինչ կա և ինչ չկա», - նշեց Ալումյանը։
Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ նախկին նախագահի պաշտպանները շարունակում են պնդել, որ գործի նյութերին ծանոթանալու համար տրամադրված 50-օրյա ժամկետը բավարար չէ: Այս առումով ինքը՝ Քոչարյանը, փաստաբաններից նույնիսկ առաջ է ընկել, քանի որ ավելի շատ ազատ ժամանակ ունի:
«Ազատության» հարցին, թե ինչ-որ դրվագ առանձնացվե՞լ է, Ալումյանը պատասխանեց. «Մենք առանձնացրել ենք ցուցմունքներ, որոնցով իսպառ հերքվում են մեղադրանքները, ուղղակի իսպառ հերքվում են»։
Հարցին էլ, թե մեղադրանքը ավելի շատ կառուցված է վկայությունների՞ հիման վրա, պատասխանեց. «Մի հատ ցուցմունք են գտել Արշակ Կարապետյանի, ով ասում է, որ փետրվարի 24-ից հանձնարարվել է մտցնել արտակարգ դրություն, ու ցուցմունքի հիման վրա փորձում են ապացուցել, որ փետրվարի 24-ից Հայաստանում եղել է արտակարգ դրություն, երբ որ էդ հանգամանքը ցուցմունքով ընդհանրապես չի կարող հաստատվել կամ հերքվել, պիտի ուղղակի նայել ամսի 24-ից իրավունքի ինչ սահմանափակումներ են եղել կամ չեն եղել, կամ հրամանագիր եղե՞լ է արտակարգ դրություն հայտարարելու մասին, թե՞ ոչ։ Այ էս մակարդակի իրավական վեճ է գնում»։
Դիտարկմանը՝ ՀՔԾ պետը նորից վերահաստատեց, որ զինված ուժերը ներգրավվել են արտակարգ դրություն հայտարարելուց առաջ, այսինքն փետրվարի 24-ից, Ալումյանը արձագանքեց. «Ուրեմն ներգրավվելը՝ հենց հիմա էլ զինված ուժերը շատ բաների մեջ են ներգրավված՝ է՛լ զորավարժություններ, է՛լ ուսումնական կրակոցներ, հազար բանի մեջ հենց հիմա զինված ուժերը ներգրավված են։ Չի քննարկվում զինված ուժերի ներգրավված լինելը, այդ բառախաղերը, այդ բառերի հետ կապված հնարքները ամբողջությամբ ուղղված են՝ մոլորության մեջ գցել ձեզ և ձեր միջոցով՝ հասարակությանը, իրականում մեղադրանքի մեջ խոսք է գնում՝ զինված ուժերը օգտագործվե՞լ են արդյոք մինչև մարտի 1-ը, թե՞ չէ։ Մինչև էսօր ոչ ոք չի կարող ցույց տալ մի հատ դրվագ, որ մինչև մարտի 1-ին արտակարգ դրություն մտցնելը զինված ուժերը օգտագործվել են։ Ներգրավված լինելը էնքան լայն հասկացություն է, որ մի հատ փողոցով շարքով անցնելը կարելի է դիտարկել, որ ինչ-որ չափով ինչ-որ բանի ներգրավված են»։
«Ազատության» հարցին՝ իսկ այն կադրե՞րը, որ հրապարակի մոտ տեսնում ենք Պաշտպանության նախարարության մեքենաները, փաստաբանը պատասխանեց. «Օգտագործվելու մասին եմ ես ասում. չկա դրվագ, որ մինչև մարտի 1-ը զինված ուժերը օգտագործվել են»։
Իսկ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ցուցմունք տվե՞լ է, թե՞ ոչ․ Ալումյանն ասաց՝ տվել է: «Ասեմ էսպես, որ պարոն Օսկանյանի ցուցմունքով, ինչպես և շատ մարդկանց ցուցմունքներով, հստակ հիմնավորվում է պարոն Քոչարյանի ասածներից մի շարք դրվագներ», - նշեց փաստաբանը:
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: Նրա, ինչպես նաև Մարտի 1-ի գործով մյուս մեղադրյալներ Արմեն Գևորգյանի, Յուրի Խաչատուրովի և Սեյրան Օհանյանի վերաբերյալ գործով նախաքննությունն ավարտվել է, փաստաբաններն ասում են՝ ամենայն հավանականությամբ գործը դատարան կուղարկվի մայիսի կեսերին:
«Դատախազների փաստարկներից մեկը հենց էս դատավարության ընթացքում կայանում էր նրանում, որ իրենք 0038 հրամանի մասին, այսինքն դատախազությունը 0038 հրամանի մասին ընդամենը մեկ տարի առաջ և դրա համար նոր սկսել է էս բոլոր հանգամանքերը բացահայտել։ Մոտավորապես էս մակարդակի իրավական վեճ են ծավալել», - նշեց Ալումյանը։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոնի նստավայրում այսօր ավարտվեց նաև Ռոբերտ Քոչարյանի նկատմամաբ անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքի քննությունը։ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը տեղեկացրեց, որ որոշումը դատարանը կհրապարակի վաղը։
«Բողոքով խնդրել ենք դատարանին ճանաչել իրավունքի խախտում այն ժամանակահատվածի համար, երբ որ պարոն Ազարյանի որոշման հիման վրա, հիմք ընդունելով պարոն Քոչարյանի անձեռնմխելիությունը, վերջինս կալանքից ազատվեց։ մինչև այդ դատական ակտի փոփոխվելը, այսինքն վճռաբեկ դատարանի բեկանվելը այդ դատական ակտը ուժի մեջ մտած էր և պետք է հիմք ընդունվեր բոլոր պետական մարմինների կողմից, այդ թվում՝ քննիչի և դատախազի կողմից, սակայն վերջիններս անգամ այդ դատական ակտի պայամններում շարունակել են քրեական հետապնդման իրականացումը, ինչի իրավունքը չունեին», - ասաց Հովհաննես Խուդոյանը։