Մատչելիության հղումներ

ՀՀ վարչապետն ու Վենետիկի հանձնաժողովի նախագահը քննարկել են Ընտրական օրենսգրքի բարեփոխման հարցեր


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում այսօր հանդիպել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի («Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողով) նախագահ Ջանիի Բուքիքիոյի հետ:

Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի, Վենետիկի հանձնաժողովի նախագահը նշել է, որ ուրախ է հանդիպել Հայաստանի վարչապետին Ստրասբուրգում և քննարկել համագործակցության հարցեր:

Նիկոլ Փաշինյանը և Ջաննի Բուքիքիոն անդրադարձել են նախորդ տարվա դեկտեմբերին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Վենետիկի հանձնաժողովի նախագահը նշել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում անցել են ազատ և արդար միջազգային չափանիշներին համապատասխան:

Հայաստանի վարչապետը կարևորել է Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցությունն` ընդգծելով Եվրոպայի խորհրդի մոնիթորինգային և խորհրդատվական մարմինների, ներառյալ Վենետիկի հանձնաժողովի նշանակալի դերը բարեփոխումների օրակարգի իրականացման գործում:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական օժանդակությունը Հայաստանի օրենսդրությունը միջազգային չափանիշներին ներդաշնակեցնելու գործում:

Կառավարության ղեկավարի խոսքով` Հայաստանն առաջընթաց է արձանագրում ժողովրդավարության ամրապնդման, դատական համակարգի կատարելագործման, մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական հասարակության զարգացման ուղղությամբ, և ժողովրդավարությունը մեր հասարակության ներքին համոզմունքն է և հիմնարար արժեքը:

Նիկոլ Փաշինյանը և Ջաննի Բուքիքիոն քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր` մասնավորապես, անդրադառնալով Ընտրական օրենսգրքի բարեփոխմանը և ՀՀ օրենսդրական դաշտի կատարելագործմանը:

Վարչապետը նշել է, որ Հայաստանի կառավարությունը վայելում է ժողովրդի լիակատար աջակցությունը և մանդատ է ստացել` քաղաքական և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում հավակնոտ և լուրջ բարեփոխումներ իրականացնելու համար:

Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը եվրոպական արժեքներին և նշել, որ Հայաստանի կառավարությունը ներդնելու է առավելագույն ջանքերը` ժողովրդավարության հզորացման, օրենքի գերակայության ամրապնդման և մարդու իրավունքների պաշտպանության, անկախ դատական համակարգի կայացման, կոռուպցիայի դեմ պայքարի և հետայսու ևս ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումն ապահովելու համար: Այս գործում Հայաստանի վարչապետը կարևորել է Վենետիկի հանձնաժողովի և անձամբ պարոն Բուքիքիոյի հետ արդյունավետ համագործակցությունը:

Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոն ողջունել է ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգը, այդ թվում` նաև ընտրական օրենսդրության կատարելագործման ուղղությամբ` կարևորելով ընտրական գործընթացների ինստիտուցիոնալացումը և պատրաստակամություն հայտնել օժանդակել Հայաստանին այդ գործում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG