Մատչելիության հղումներ

«Կանենք ամեն ինչ Հայաստանի նոր կառավարությանն աջակցելու համար». ԵԽ գլխավոր քարտուղար


Եվրամիությունը գործողությունների նոր պլան է հաստատել Հայաստանի համար, դա շատ լայն ծրագիր է, որն առաջ կտանի և կզարգացնի Հայաստանում ժողովրդավարությունը, այսօր Ստրասբուրգում հայտարարեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

«Ընտրությունները, որ տեղի ունեցան դեկտեմբերին, եզրափակեցին խաղաղ իշխանափոխությունը։ Ուզում եմ նաև ողջունել վարչապետին նրա կատարած քայլերի համար, որոնք քայլ առաջ են։ Մենք պատրաստակամ ենք աջակցելու այդ քայլներին: Վերջերս ընդունել ենք գործողություների նոր պլան 2019-2022 թվականների համար: Դա շատ մեծ գործողությունների ծրագիր է, և մենք շարունակելու ենք նույն ոգով աշխատել միասին, ինչպես նախկինում՝ հզորացնելով ժողովրդավարական ինստիտուտները և հակակշռումների և փոխզսպումների մեխանիզմները երկրում: Դրվատում եմ հատկապես նոր կառավարության ջաները՝ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում: Հրաշալի է, որ վարչապետն այստեղ է, շնորհավորում եմ պարոն վարչապետ այն ամենի համար, ինչին հասել եք Դուք մինչև հիմա: Վստահեցնում եմ, որ Եվրոպայի խորհրդի համար Հայաստանը կարևոր գործընկեր է, Հայաստանը եվրոպական պետություն է՝ եվրոպական արժեքներով և եվրոպական պատմությամբ», - ասաց Յագլանդը։

Փաշինյանն իր հերթին նշեց, որ Հայաստանը հեղափոխության ընթացքում հավատարիմ է մնացել եվրոպական արժեքներին։

«Շատ կարևոր էր, որ ժողովրդավարական, «սիրո և հանդուրժողականության հեղափոխությունը ամբողջովին տեղական, ներքին, քաղաքական գործընթաց էր և ոչ մի արտաքին ուժ դրանում ներգրավված չէր: Եվ դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ ժողովրդավարությունը մեր ժողովրդի մտքում և սրտում է, մեր ժողովրդի ցանկություններում: Կասկած չկա, որ Հայաստանի կառավարությունը ամբողջովին նվիրված է ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին: Նաև պետք է ընդգծենք, որ այն օրվանից, երբ Հայաստանը դարձավ Եվրոպայի խորհրդի լիարժեք անդամ, Եվրոպայի խորհրուրդը իր գործունեությամբ ու ծրագրերը մշտապես աջակցել է ժողովրդավարական բարեփոխումներին: Եվ հիմա, երբ մենք կարող ենք հայտարարել, որ Հայաստանը արդեն ժողովրդավարական երկիր է, հիմա ևս մենք Եվրոպայի խորհրդից աջակցության հույս ունենք, մեզ պետք է այն հսկայական փորձառությունը, որ կառույցը ունի՝ իրական և ինստիտուցիոնալ ժողովրդավարություն, օրենքի գերիշխանություն, մամուլի ազատության, մարդու իրավունքների պաշտպանության, անկախ դատական համակարգ ունենալու հարցերում: Մենք միակարծիք էինք, որ կշարունակենք համագործակցել՝ Հայաստանի ժողովրդավարությունը հզորացնելու ուղղությամբ», - ասաց Փաշինյանը։

«Ազատության» հարցին, թե որևէ նոր առաջարկ ունե՞ն Հայաստանի համար, ի՞նչ են ակնկալում հետհեղափոխական Հայաստանից մարդու իրավունքների և ժողովրդավարական փոփոխությունների հարցում, Յագլանդը պատասխանեց. - «Մենք արդեն տեսել ենք, որ նոր կառավարությունը բարեփոխումների օրակարգ ունի և պատասխանատվություն է ստանձնել իրականություն դարձնելու դա, մեզ համար հատկապես շատ կարևոր է դատական համակարգի բարեփոխումները: Շատ կարևոր է, թե ինչպես է ընդդիմությունը աշխատում, ինչպես են լրատվամիջոցները աշխատում փոխզսպումների և հակակշիռների պայմաններում: Իսկ դա կոռուպցիայի դեմ պայքարի միակ ճանապարհն է, որովհետև եթե խորհրդարանում չկա հակակշիռների և փոխզսպումների մեխանիզմ, չկա անկախ դատական համակարգ, ազատ լրատվամիջոցներ, միշտ էլ կոռուպցիան է հաղթում: Ես գիտեմ, որ սա է կառավարության օրակարգը, ամեն ինչ կանենք, որ աջակցենք դրան»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG