Մատչելիության հղումներ

Նաիրա Զոհրաբյանը հրաժարական չի տա


Պատգամավոր Նաիրա Զոհրաբյան, արխիվ
Պատգամավոր Նաիրա Զոհրաբյան, արխիվ

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հրաժարական չի տա Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Այդ մասին այսօր Ստրասբուրգում` պատասխանելով «Ազատության» հարցերին, ասաց Զոհրաբյանը։

«Ազատություն». - Տիկին Զոհրաբյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Բարգավաճ Հայաստան»-ը պետք է մտածի, թե արդյո՞ք Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի ղեկավարը համապատասխանում է նվազագույն պահանջներին, Ձեզ նկատի ունի։

Զոհրաբյան. - «Բարգավաճ Հայաստան»-ը հստակ պատասխանել է վարչապետի մտահոգությանը։ Ավելին, քան ասել է իմ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը և իմ գործընկերները, ես ավելացնելու ոչինչ չունեմ։ Նաիրա Զոհրաբյանը, որպես Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, առաջնորդվել է բացառապես Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով, որևէ դրույթ ես չեմ խախտել, լսումները եղել են սահմանված օրակարգով, ավելին՝ ես թույլ եմ տվել, որ անձնավորությունը մինչև վերջ իր խոսքն ավարտի, որից հետո ընդամենը, ինչպես և պահանջում էր Ազգային ժողովի կանոնակարգ օրենքը, նկատել եմ, որ ինքը շեղվել է օրակարգից։ Այսքանն՝ այս թեմայով, ես բացարձակապես որևէ ցանկություն չունեմ որևէ մեկնաբանություն տալու։

«Ազատություն». - Տիկին Զոհրաբյան, բայց Ձեր խմբակցության պատգամավորները, օրինակ՝ Միքայել Մելքումյանը և՛ս շեղվել էր օրակարգից, ինչո՞ւ իր հետ այդ տոնով չէիք խոսում։

Զոհրաբյան. - Դուք շատ լավ հասկանում եք հարցի զգայունությունը, շատ լավ հասկանում եք, որ հարցը շատ նուրբ է, և շատ լավ, կարծում եմ, հասկանում եք, որ նման հարցեր չի կարելի այդպես կազմակերպած ձևով բերել և բացարձակապես այլ օրակարգով խորհրդարանական լսումների տակ փորձել էպատաժ սարքել, և, ինչպես նշեց տվյալ անձնավորությունը, հայտարարել, որ «այսօր այստեղ պատմություն է կերտվում»։ Ես նորից եմ ասում՝ մենք պատրաստ ենք որպես հանձնաժողով ցանկացած հարց քննարկել, բայց դա պետք է լինի հանձնաժողովի որոշմամբ, դա չպետք է լինի անակնկալ, դա չպետք է լինի անսպասելի։

«Ազատություն». - Չե՞ք ընդունում, որ խտրականություն եք դրսևորել։

Զոհրաբյան. - Որևէ խտրական վերաբերմունք որևէ մեկի հանդեպ ես չեմ դրսևորել։

«Ազատություն». - Ձեր խմբակցության պատգամավորներից Գևորգ Պետրոսյանն ասում է՝ «իրենց պետք է հետապնդել», Վարդան Ղուկասյանն ասում է՝ «իրենց պետք է այրել»։

Զոհրաբյան. - Ես նշեցի՝ որպես հանձնաժողովի նախագահ որևէ իրավական նորմ՝ ո՛չ իրավական, ո՛չ բարոյական, չեմ խախտել, որևէ խտրական վերաբերմունք չի եղել։ Լսել՝ չի նշանակում ընդունել, չի նշանակում այդ սկզբունքները կիսել։ Ես յուրաքանչյուրին կարող եմ լսել, ես յուրաքանչյուրին կարող եմ տրամադրել ամբիոն, բայց ես կարող եմ ունենալ և ունեմ իմ սեփական դիրքորոշումը, և աշխարհում չկա որևէ մարդ, որևէ ուժ, որ կարող է ստիպել ինձ՝ փոխել իմ դիրքորոշումը։ Իմ կուսակցության ղեկավարը շատ հստակ ամեն ինչ ասեց, իմ գործընկերներն ասեցին, և ես հիմա կարծում եմ, որ մենք այս ինստիտուտում շատ ավելի կարևոր հարցեր ունենք քննարկելու։

«Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպության նախագահ Լիլիթ Մարտիրոսյանն անցած շաբաթ Ազգային ժողովում մասնակցել է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ղեկավարած Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի հրավիրած լսումներին: Ելույթ ունենալով ԱԺ ամբիոնից՝ Մարտիրոսյանը բողոքել է սեռական փոքրամասնությունների իրավունքների ոտնահարումներից և նրանց նկատմամբ խտրական վերաբերմունքից:

Տրանսգենդերի ելույթից հանկարծակիի եկած Նաիրա Զոհրաբյանը նկատողություն էր արել օրակարգից դուրս թեմաներ քննարկելու համար, ապա դուրս հրավիրել նրան նիստերի դահլիճից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել է՝ ԲՀԿ-ն պետք է մտածի՝ արդյոք Զոհրաբյանը համապատասխանում է իր զբաղեցրած պաշտոնին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG