Մատչելիության հղումներ

Քոչարյանը ծավալուն ելույթ է ունեցել Վերաքննիչ դատարանում


Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր Վերաքննիչ դատարանում ծավալուն ելույթ է ունեցել՝ կրկին անդրադառնալով 2008-ի արյունալի իրադարձություններին։

«Այդ ելույթների բովանդակությունը մենք տարբեր առիթներով հատված առ հատված ներկայացրել ենք: Նորից՝ արդեն դատարանի համար, պարոն Քոչարյանը ներկայացրեց, թե ինչ հանգամանքներ են եղել 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո և ինչն է պատճառ հանդիսացել արտակարգ դրություն մտցնելու համար», - դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

Պաշտպանն ասաց՝ վաղը պարզ կդառնա՝ Վերաքննիչը կբեկանի առաջին ատյանի դատարանի որոշումը, թե ոչ։ Դատարանն այսօր անցավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

Պաշտպանական կողմը բողոքարկում էր առաջին ատյանի դատարանի որոշումը։ Մարտի 15-ին առաջին ատյանի դատարանը ևս երկու ամսով երկարաձգել էր Քոչարյանի կալանքի ժամկետը՝ մերժելով պաշտպանական կողմի առաջարկը գրավ կիրառելու մասին։ Վերաքննիչը, միևնույն ժամանակ, քննում է նաև մեղադրող կողմի բողոքը։ Գլխավոր դատախազությունը վիճարկում է առաջին ատյանի դատարանի որոշումն այն մասին, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դրվագով հիմնավոր կասկած չկա և չկա թաքնվելու վտանգ։

«Ազատության» հարցին՝ Քոչարյանի ընտանիքի անդամներից ովքեր իրավունք ունեն տեսակցել նրան, Ալումյանն ասաց՝ բոլորը, բացի Սեդրակ Քոչարյանից:

Չմանրամասնելով մեղադրանքն ու Քոչարյանի գործողություններին վերաբերող ցուցմունքները՝ Ալումյանն ասաց՝ մեղադրանքի մեջ ցուցմունք կա, որ Քոչարյանը հրամանատարական կազմի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ արտակարգ դրություն կմտցնի փետրվարի 24-ին։ Մինչդեռ այլ ցուցմունքներ հերքում են դա․ - «Միայն այդ ցուցմունքը վերցրած գալիս էին դատարան: Բանից պարզվում է, որ կար այդ ցուցմունքը հերքող 12 ուրիշ ցուցմունք, որոնք ուղղակի քննիչը դատարան չէր բերում: Եվ ստացվում էր այնպես, որ ինչ֊որ մի հատ հիմնավոր կասկած էր առաջանում, որ միգուցե այդպիսի արտահայտություն Ռոբերտ Քոչարյանի կողմից արվել է փետրվարի 23-ին: Այդպիսի տպավորություն էին փորձում ստեղծել դատարանների մոտ: Հիմա գործի նյութերին ծանոթացել ենք՝ մնացած մասնակիցները բոլորը պնդում են, որ այդպիսի բան չի եղել: Այսպիսի հնարքներով, ասենք՝ ինչ֊որ մի նյութ թաքցնելով դատարանից, մինչև հիմա փորձ են արել հասնել նրան, որ պարոն Քոչարյանը մնա կալանքի տակ»։

Հայկ Ալումյանն այսօր հայտարարեց՝ Մարտի 1-ի գործով հարցաքննվել են գեներալներ Արշալույս Փայտյանն ու Կամո Քոչունցը։

Հատուկ քննչական ծառայությունը 50 օր էր հատկացրել Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի մասով գործի նյութերին ծանոթանալու համար։ Այս ժամկետը լրացել է ապրիլի 6-ին։ Ալումյանն ասաց, որ իրենց այդ ժամկետը բավարար չի եղել․ - «Մենք ծանոթ չենք գործի բոլոր նյութերին, մենք ծանոթ ենք միայն մի մասին: Հնարավոր չէր 50 օրվա մեջ 76 հատորին ոչ միայն ծանոթանալ, այլ ուղղակի ընթերցել, իսկ գործի նյութերում չկա անկարևոր նյութ»:

Ըստ Ալումյանի, Մարտի 1-ի գործով բուն դատական գործընթացը ըստ ամենայնի կմեկնարկի մայիսի կեսից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG