Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը հաջորդ շաբաթ կքննարկվի Ազգային ժողովի լիագումար նիստում: Թեկնածուն իրավաբանական գիտությունների դոկտոր Գոռ Հովհաննիսյանն է: Նա ապրում և աշխատում է Գերմանիայում, Հայաստան է եկել թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար:
Մինչ լիագումար նիստը թեկնածուն նախ պետք ՝է հանդիպի խորհրդարանական խմբակցություններին: Այսօր այն մեկնարկեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից:
Ազգային ժողովում պատգամավորներին ներկայանալուց առաջ թեկնածուն նախ լրագրողներին պատմեց իր մասին․ - «Գերմանիայում ապրելու ընթացքում ու մինչև այսօր ես միշտ աշխատել եմ զուգահեռ նաև Հայաստանում, դասավանդել եմ փաստաբանների դպրոցում, եղել եմ Եվրախորհրդի փորձագետ հայկական օրենքների՝ մասնավորապես վարչական իրավախախտումների մասին օրենքի նախագծի մշակման աշխատանքներում»:
Սահմանադրական դատարանի նախագահը նախկին իշխանությունների օրոք ընտրված Հրայր Թովմասյանն է: Գոռ Հովհաննիսյանը վստահեցրեց, թե քաղաքական ուժերի հետ երբևէ առնչություն չի ունեցել, կուսակցական չի եղել: Անդրադառնալով այն կարծիքներին, որ իր առաջադրվելը, մասնավորապես, ոգևորել է նախկին իշխանության ներկայացուցիչներին, ասաց․- «Անկախ նրանից, թե ով ինչպես է արտահայտվել իմ մասին, դա այդ ուժի կամ այդ մարդու մասնավոր կարծիքն է ու ինձ հետ ոչ մի կապ չունի: Ես որևէ մեկի կամ որևէ քաղաքական ուժի հետ իմ թեկնածության հարցը երբևէ չեմ քննարկել»:
Գոռ Հովհաննիսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնում նախագահ Արմեն Սարգսյանի առաջադրած երրորդ թեկնածուն է: Այս թափուր պաշտոնում երկու թեկնածուի էլ՝ Վահե Գրիգորյանին և Էմիլ Բաբայանին, Սարգսյանը առաջադրել էր դեռ նախորդ գումարման Ազգային ժողովում, սակայն երկուսի ընտրությունն էլ տապալվել էր:
Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանն իր թեկնածությունն այս անգամ էլ էր առաջադրել: Առաջադրվել էր նաև փաստաբան Մարտին Մանուկյանը, սակայն Արմեն Սարգսյանը երեքից ընտրեց Գոռ Հովհաննիսյանին: Վերջինս չի բացառում, որ բացարձակ մեծամասնություն ունեցող իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը հնարավոր է չքվեարկի իր օգտին․ - «Ես ընդամենը իմ օգնությունն եմ առաջարկում մեր երկրին՝ զարգացնելու հայկական իրավունքը: Եթե խորհրդարանը կորոշի, որ չի ցանկանում ինձ տեսնել այնտեղ, դա ինձ համար կունենա ընդամենը մեկ նշանակություն՝ պետությանը իմ օգնությունը պետք չէ: Եվ այդ տեսանկյունից իմ կյանքում ոչինչ չի փոխվի, ես կշարունակեմ ապրել ու աշխատել Գերմանիայում»:
Մեր հարցին՝ Հայաստանում օգտակար լինելու միա՞կ միջոցն է դա: Արդյոք չի նշանակում, որ իր նպատակը պարզապես Սահմանադրական դատարանում հայտնվելն է, Գոռ Հովհաննիսյանը պատասխանեց․ - «Ես ուզում եմ անպայման շեշտել, որ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը ինքնին ինձ ընդհանրապես չի հետաքրքրում: Ուղղակի այդ պաշտոնը իմ նպատակին հասնելու ամենակարճ ու ամենաարդյունավետ ճանապարհն է, որովհետև ես սահմանադրական իրավունքի մասնագետ եմ ու գտնում եմ, որ մենք Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական իրավունքի ու ընդհանրապես իրավունքի ոլորտում շատ անելիքներ ունենք»:
ԲՀԿ խմբակցության հետ հանդիպումը մոտ մեկ ժամ տևեց: Խմբակցության մեծ մասը ներկա չէր: Պատգամավոր Սերգեյ Բագրատյանին թեկնածուի կրթական, կենսագրական տվյալները գոհացրել են, բայց վերապահում ունի: Կնախընտրեր, որ Հայաստանում գործունեություն ծավալող, երկրի անցուդարձին քաջատեղյակ թեկնածու լիներ: - «Ինձ համար կարևոր է, որ մեր ներկա իրողությունը հասկացող կադր լինի: Շատ կարևոր է այն պարզ պատճառով, որ՝ գիտեք, բոլոր երկրներն ունեն նաև ազգային առանձնահատկություններ, և եթե մեր այսօրվա թեկնածուն Գերմանիայում է կրթություն ստացել, բայց հայկական մենթալիտետը մենք գիտենք՝ բավականին խրթին է և դժվար է շատ դեպքերում ճիշտ կողմնորոշվել: Ես մտավախություն ունեմ, որ հնարավոր է՝ մեր իրականության մեջ Գոռ Հովհաննիսյանը հաճախ դժվարանա կողմնորոշվել», - պարզաբանեց Բագրատյանը:
ԲՀԿ-ում դեռ չեն հայտարարում՝ կքվեարկեն Գոռ Հովհաննիսյանի թեկնածության օգտին, թե ոչ: Խմբակցության քարտուղար Արման Աբովյանը փոխանցեց, որ մինչև լիագումար նիստը կարծիք չեն հայտնի, թեև արդեն ունեն: