Անանուն հանդես գալն օգտատիրոջ իրավունքն է, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, հստակեցնելով՝ նրանք ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում հայտնվում են, երբ գրառման մեջ առկա է հանցակազմ, «Դուխով Հայաստան բաց հասարակություն» էջը վարող անձը, օրինակ, կալանավորվել է «ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու» հոդվածով: ԱԱԾ տնօրենը չի հերքում նման գրառումները ամիսների վաղեմություն ունեն։
«Ազատության» հարցին՝ ինչո՞ւ միայն վարչապետի հրահանգից հետո անդրադարձան խնդրին, Վանեցյանը պատասխանեց. - «Որովհետև դա ծանր աշխատանք է»։
Հարցին՝ հանրությանը հայտնի՞ է էջը վարող անձը, պատասխանեց. - «Չեմ կարող ասել»։
Կառավարության ապրիլի 4-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ազգային անվտանգության ծառայության տնօրենին հանձնարարեց կոշտ հակահարված տալ մանիպուլյացիայի և ֆեյքերի վրա միլիոններ ծախսող հանցավոր շրջանակներին, մեկ օր անց կալանավորվեց «Դուխով Հայաստան բաց հասարակություն» էջը, որում բավական շատ գրառումներ կան նոր իշխանությունների դեմ՝ ուղեկցված հայհոյանքներով, ապատեղեկատվությամբ և վտանգավոր կոչերով:
«Ազատության» այն հարցին, որ պարոն Փաշինյանը ասում էր միլիոններ են օգտագործել, ո՞վ է օգտագործել այդ միլիոնները, օրինակ, «Դուխով Հայաստանի» դեպքում, Վանեցյանը արձագանքեց. - «Քննությունը երբ որ կհասնի այն փուլին, երբ հնարավոր կլինի բացահայտել նախաքննության ընթացքում ստացված տվյալները, ամբողջովին պարզ կլինի։ Հիմա ինչ հարց տաք, ոնց հարցը պտտեք, մեկ ա դրանից ավել բան չեմ ասելու»։
Եթե կեղծ էջերը կենտրոնացված կառավարվում են և փոխկապակցված են, ապա կարող են նման գնահատականի արժանանալ, ավելի վաղ հայտարարել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
ԱԱԾ տնօրենը չի հստակեցնում կալանավորված անձը նման մեխանիզմով է գործել, թե ոչ: - «Ժամանակ տվեք, կանցնի որոշ ժամանակ, ամեն ինչին կպատասխանեմ», - նշեց Վանեցյանը։
Արթուր Վանեցյանը տեղեկացրեց նաև, որ Ազգային անվտանգության ծառայության իրավաբաններն ուսումնասիրում են դատարանի որոշումն, ըստ որի, ԱԱԾ-ն խախտել է անմեղության կանխավարկածը Սեդրակ Քոչարյանի նկատմամբ:
«Ըստ դատարանի որոշման՝ խախտվել է անմեղության կանխավարկածը, այդ հարցը կուսումնասիրեն իրավաբանները և ժամկետի մեջ, եթե չի լինի որոշում, որ պետք է բողոքարկել վերաքննիչ դատարան, ուրեմն, իհարկե, օրենքով նախատեսված բոլոր պահանջները կկատարվեն», - նշեց Վանեցյանը։
2019 թվականի փետրվարի 19-ին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել՝ «Սեդրակ Քոչարյանի վերաբերյալ քրեական գործով հաղորդագրություն» վերտառությամբ, որում նշվում էր, թե բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու հանցադեպեր, որոնց կազմակերպման հետ անմիջական առնչություն է ունեցել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը:
Սեդրակ Քոչարյանի պաշտպանական խմբի դիտարկմամբ` նշված հաղորդագրությամբ ԱԱԾ-ն խախտել է Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածը: Պաշտպանները բողոք էին ներկայացրել դատարան:
Ապրիլի 5-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Սեդրակ Քոչարյանի պաշտպանների բողոքը և արձանագրել, որ ԱԱԾ-ի կողմից թույլ է տրվել անմեղության կանխավարկածի խախտում: