Հարկավոր է, որ կոռուպցիան իսպառ վերանա դատական համակարգից, այսօր Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) տարեդարձի միջոցառման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետն ընդգծեց՝ այսօր պատմական շանս կա Հայաստանում իսկապես ունենալ անկախ դատական համակարգ, և այսօր չկա որևէ քաղաքական խոչընդոտ այդ պրոցեսն արգելակելու համար։
«Հայաստանի կառավարությունը հրաժարվել է այն գործելակերպից, երբ քաղաքական իշխանությունը, գործադիր իշխանությունը փորձում է որոշումներ պարտադրել, կամ միջամտել դատական իշխանության և համակարգի գործունեությանը, սա շատ կարևոր արձանագրում է, և ես ուզում եմ, որ մենք բոլորս այս արձանագրմանը շատ լուրջ վերաբերվենք։ Եթե անգամ իշխանության տարբեր օղակներից գտնվեն մարդիկ, պաշտոնյաներ, օղակներ, ովքեր կգործեն կամ կփորձեն գործել այս տրամաբանությունից դուրս, նրանք ուրեմն գործում են Հայաստանի Հանրապետության կառավարության դեմ և Հայաստանի Հանրապետության ժողովրդի դեմ», - ասաց Փաշինյանը՝ շարունակելով. - «Շատ կարևոր է, որ դատական համակարգն ի վիճակի լինի օգտվել այս համակարգից, սրա համար հարկավոր է, որ Հայաստանում լինեն դատավորներ, ովքեր պատրաստ են իրենց վրա վերցնել այդ պատասխանատվությունը և պատրաստ են գործել օրինականության, արդարության, իրավունքի շրջանակներում, և այս իրավիճակն ապահովելու համար մեզ հարկավոր է նաև երկրորդ պայմանը, որ դատական համակարգից իսպառ վերանա նաև կոռուպցիան»։
Փաշինյանն ընդգծեց՝ Հայաստանում ոչ մի կոռումպացված պաշտոնյա չի կարող գիշերը հանգիստ քնել։
«Անկախ նրանից՝ դատավոր է, նախարար է, որևէ մակարդակի կոռումպացված պաշտոնյա չի կարող հանգիստ քնել, նա պետք է իմանա, որ արդարությունը, արդարադատությունը, պայմանականորեն ասած, ժողովուրդն անպայման գալու է իր հետևից։ Այսօր մենք պատմական շանս ունենք Հայաստանում իսկապես ունենալ անկախ դատական համակարգ։ Այսօր չունենք որևէ քաղաքական խոչընդոտ այդ պրոցեսն արգելակելու համար», - ասաց վարչապետը։