«Բարգավաճ Հայաստան»-ը իր գնահատականը կներկայացնի «Առինջ մոլում» Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) երեկվանից մեկնարկած ստուգումների վերաբերյալ, երբ ավարտվեն իրավական միջոցառումները, երեկ «Ազատության» հետ զրույցում ասաց խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
«Մենք մեր գնահատականը կներկայացնենք, եթե իրավական միջոցառումներն ավարտվեն։ Այսինքն՝ էս պահին իրենց հայտարարությամբ իբրև թե ահազանգ կա, ըստ որի, վարձավճարների իրական գները չեն տարբերվում պայմանագրային գներից։ Հիմա իրենք խուզարկություն են իրականացնում փաստաթղթերի, և դրա արդյունքում իրենք կասեն, թե արդյոք ահազանգն իսկապես հիմնավո՞ր է եղել, թե՞՝ անհիմն, երբ իրենք հնչեցրին իրենց գնահատականը, մենք էլ դրա վերաբերյալ քաղաքական գնահատականով հանդես կգանք», - ասաց Պետրոսյանը։
Նշենք, որ երեկ առավոտյան ժամը 10-ից ՊԵԿ-ի հետաքննության և օպերատիվ հետախուզական վարչության աշխատակիցները խուզարկություն էին սկսել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Առինջ մոլում»։ Վարչության աշխատակիցներն «Առինջ մոլի» վարչական մասից արկղերով, պարկերով բավականին մեծ թվով փաստաթղթեր տեղափոխեցին իրենց մեքենաներ։
«Առինջ մոլի» տնօրեն Սամվել Հակոբյանն «Ազատության»-ն ասաց, որ իր տպավորությամբ՝ ՊԵԿ աշխատակիցները ահազանգ են ստացել, թե այնտեղ տաղավարների վարձավճարները նախատեսվածից շատ են վերցնում և ավելի փոքր թիվ են ցույց տալիս։
Հակոբյանը պնդեց՝ որևէ ապօրինության մասին խոսք գնալ չի կարող, և վստահեցրեց, որ առևտրի կրպակների բոլոր աշխատակիցները գրանցված են, աշխատում են կտրոններով։
Նշենք, որ «Առինջ մոլում» կա 958 կրպակ՝ քառակուսի մետրը 800 դրամ վարձավճարով։
Ըստ ՊԵԿ-ի՝ խուզարկությունն իրականացվում է ընկերության նկատմամբ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի՝ հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը, հատկանիշներով հարուցված քրեական գործով: