Մատչելիության հղումներ

Փաստաբանի խոսքով՝ Քոչարյանը «խցում մենակ է, լավ տրամադրություն ունի»


Վերաքննիչ դատարանում 3-րդ օրն է շարունակվում է Մարտի 1-ի գործով կալանավորված Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի բողոքի քննությունը: Պաշտպանները բողոքարկում են առաջին ատյանի դատարանի որոշումը, որով երկարաձգվել է Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով: Պաշտպանները այս որոշումը անհիմն են համարում:

«Այսպես ասենք՝ չենք հասկանում 300.1 հոդվածի տեքստում նկարագրված արարքների և պարոն Քոչարյանի կապը: Այսինքն, պետք է լինի հոդված, որը պետք է նախատեսի գործողություններ և ապացուցվի, որ այդ գործողությունները կատարվել են անձի կողմից: Հիմա, ինչպես բազմաթիվ անգամ նշել ենք, մի շարք ձևակերպումներ կան՝ շատ ընդհանրական: Շրջապատի մարդիկ կատարել են գործողություն կամ շրջապատի մարդկանց կողմից կատարվել է գործողություն», - ասում է Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը:

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է Սահմանադրական կարգը տապալելու համար: Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանն օրերս լրագրողների հետ զրույցում վերահաստատել է իրենց դիրքորոշումը, որ Քոչարյանը պետք է շարունակի կալանքի տակ մնալ, քանի որ ազատության մեջ կարող է խոչընդոտել ճշմարտության բացահայտմանը: Սասուն Խաչատրյանի այս պնդմանը դատարանում արձագանքեց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը․ - «Իրականությունը կայանում է նրանում, որ պարոն Քոչարյանը, մնալով ազատության մեջ, ո՛չ միայն չի խոչընդոտի քննությանը և այդպիսի բան մտածելու հիմքեր գոյություն չունեն, այլ նաև չի թաքնվի քննությունից՝ այն, ինչը որ առաջին ատյանի դատարանը հաստատված համարեց: Պարոն Քոչարյանը օգոստոսի 13-ից մինչև դեկտեմբերի 7-ը մնացել է ազատության մեջ և չի կատարել որևէ այնպիսի գործողություն, որից հնարավոր լիներ ենթադրել, որ ինքը մտադրություն ունի գործի քննությանը խոչընդոտել կամ թաքնվել քննությունից»:

Չնայած պաշտպանների վստահեցումներին՝ Քոչարյանն այսօր էլ ելույթ չի ունեցել, հայտարարություն չի արել: Օրբելյանը փոխանցեց, որ անազատության մեջ գտնվող Քոչարյանը բարձր տրամադրություն ունի, գրքեր է կարդում, ծանոթանում նախաքննական նյութերին, յոգայով զբաղվում: - «Ինքը խցում մենակ է, լավ տրամադրություն ունի, որովհետև համոզված է, որ ինքը անմեղ է, որ սա քաղաքական հետապնդում է և որ ինքը արդարացվելու է», - ընդգծեց Օրբելյանը:

Սահմանադրական կարգի տապալման մասով նախաքննությունն ավարտվել էր դեռևս փետրվարին և 50 օրյա ժամկետում կողմերը պետք է ծանոթանային նախաքննական նյութերին: Ապրիլի 6-ին այդ ժամկետը լրացել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG