Քիչ առաջ Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հետաքննության և օպերատիվ հետախուզական վարչության աշխատակիցները հեռացան «Առինջ մոլից»։
Նրանք առավոտյան ժամը 10-ից «Առինջ մոլում» խուզարկություն էին սկսել։ Օպերատիվ հետախուզական վարչության աշխատակիցները «Առինջ մոլի» վարչական մասից արկղերով, պարկերով բավականին մեծ թվով փաստաթղթեր տեղափոխեցին իրենց մեքենաներ։
«Առինջ մոլ»-ի տնօրեն Սամվել Հակոբյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իր տպավորությամբ՝ ՊԵԿ աշխատակիցները ահազանգ են ստացել, թե այնտեղ տաղավարների վարձավճարները նախատեսվածից շատ են վերցնում և ավելի փոքր թիվ են ցույց տալիս։
Նշենք, որ «Առինջ մոլում» կա 958 կրպակ՝ քառակուսի մետրը 800 դրամ վարձավճարով։
Հակոբյանը պնդում է՝ որևէ ապօրինության մասին խոսք գնալ չի կարող և վստահեցնում է, որ առևտրի կրպակների բոլոր աշխատակիցները գրանցված են, աշխատում են կտրոններով։ Տնօրենը նաև զայրացած էր Օպերատիվ հետախուզական վարչության աշխատակիցների քանակից։ Նա նշեց, որ ՊԵԿ-ը ամեն շաբաթ այստեղ ստուգումներ է անում մի քանի հոգով, ու հարց բարձրացրեց՝ ինչո՞ւ են հիմա 40 հոգով եկել։ Այս ամենը նա անվանեց «շոու»։
«Չորս տարի է մենք շուկան աշխատացնում ենք, չորս տարի է Պետեկամուտների բոլոր տեսությունների հետ ես աշխատում եմ՝ ինչ է պետք, ոնց է պետք, տաղավարների տերերին կանչում եմ, հետները զրուցում եմ, որ աշխատող գրանցեք, ՀԴՄ խփեք և այլն, ամեն ինչ անում ենք, որ օրենքի սահմաններում լինի», - ընդգծեց Հակոբյանը։ - «Իրանք ինձ մինչև վերջ չեն ասում ինչի մասին է խոսքը գնում, ես չգիտեմ։ Հիմա ես սպասում եմ իրանց քննությունը ավարտվի, նոր հետո ես ինքս եմ արդեն պահանջելու՝ էս շոուի նպատակը ո՞րն է»։
Հակոբյանը դժգոհեց՝ ՊԵԿ-ի նախաձեռնած ստուգումների հետևանքով շուկան այսօր չի աշխատել: - «Հիմա արդեն համացանցում տարածված է՝ «Առինջ մոլը» պլոմբել են։ Չի պլոմբվել, չի էլ պլոմբվելու «Առինջ մոլը»։ Առևտրականները կարող են աշխատել, առևտրականները ոչ մի պրոբլեմ չունեն, նույնն էլ մենք՝ պրոբլեմ չունենք, ո՛չ վախենալու ունենք, ո՛չ մի բան։ Մենք օրինական աշխատում ենք, էսքան ժողովրդի համար ախատատեղեր ստեղծել ենք։ Մեր մոտ օրենքը սենց է՝ մեկը բոլորի համար, բոլորը մեկի համար։ Մերը տոնավաճառ չի, մերը ընտանիք է», ֊ հավելեց նա։
Ըստ մամուլի հարպարակումների՝ մոլում նաև ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն է եղել և նշել է, որ սրան հաջորդելու են շատ խիստ, կոնկրետ քաղաքական գնահատականներ։
Քիչ առաջ ՊԵԿ-ը տարածեց հայտարարաություն, որում վստահեցնում է, որ քննչական ու դատավարական գործողություններն իրականացվում են օրենքի շրջանակներում։
Ըստ ՊԵԿ-ի՝ խուզարկությունն իրականացվում է ընկերության նկատմամբ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի՝ հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը, հատկանիշներով հարուցված քրեական գործով: