Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն այսօր վկայի կարգավիճակում ցուցմունք տվեց դատարանում՝ 2016-ին Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի գործով:
Անդրադառնալով ՊՊԾ գնդի գրավման օրերին հարակից Սարի թաղում տեղի ունեցած դեպքերին՝ Սանասարյանն ասաց՝ իրենց նպատակն արյունահեղությունը կանգնեցնել է եղել: - «Մեր ներկայությամբ փորձել ենք այնպես անել, որ տեսնեն, որ տարածքում ենք և չշարունակեն կրակոցները», - նշեց նա:
Ըստ մեղադրանքի Անդրիաս Ղուկասյանը ՊՊԾ գունդը գրաված Սասնա Ծռեր զինված խմբին միանալու փորձ է արել, զինվել, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք է կրել, որպեսզի զինված խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակի պահել զավթածն ու պատանդներին, սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:
Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը՝ կալանավորումը նախորդ տարի փոխվել է երկրից չհեռանալու մասին ստորագրությամբ: Դատախազը Դավիթ Սանասարյանին հարցրեց՝ ձեր գործողությունները տրամաբանական ավարտին հասա՞ն։ Սանասարյանը հեգնեց՝ դա ոստիկանությունն «ապահովեց»՝ քաղաքացիներին ծեծելով․ - «Հատուկ միջոցներ կիրառելով, ծեծ ու ջարդ կազմակերպելով, քաղաքացիների առողջությանն ու կյանքին վտանգ պատճառելով․․․ դա էր, հավանաբար, տրամաբանական ավարտը»:
Սանասարյանը դատարանում պատմեց, որ այդ լարված իրավիճակում ցուցարարների մեջ եղել են ամրակազմ, սև վերնազգեստներով ու գլխարկներով քաղաքացիներ, որոնք ցուցարարների կողքով անցնելիս գլխարկով դեմքերը ծածկել․ - «Գլուխները կախ էին անցնում, որ հնարավորինս չֆիքսվի ու վանկարկում էին, որ պետք է գնալ ներքև՝ փայտերը ձեռքերին: Զգալով, որ դա սադրիչ գործողություն է, ես ինքս վազել եմ դեպի ներքև ու խնդրել եմ, որ հետ վերադառնան»:
Նախկին ակտիվիստ, այժմ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ասաց՝ նկատել է, թե ինչպես են մի խումբ քաղաքացիներ ներքևից քարեր նետել իրենց ուղղությամբ, ինքն այդ մասին տեղեկացրել է Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանին ու ընդգծել, որ դա սադրանք է․ - «Վերջինիս կողմից հնչել է, որ դա բացառվում է»:
Սանասարյանն ասաց, որ այդ օրերին ոստիկանության աշխատակիցներն իրեն բռնության են ենթարկել ու խոշտանգել:
Անդրիաս Ղուկասայանի փաստաբան Կարեն Մեջլումյանը մեղադրանքի որոշումից մի հատված կարդաց, ըստ որի Անդրիաս Ղուկասյանը հանդիպել է Սարի թաղի բնակիչներից մեկի հետ, նրան խնդրել գնալ ուսումնասիրել ՊՊԾ գնդի հարակից տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանական ուժերի տեղակայումը, ու հայտնել մարդկանց բազմության միջոցով ոստիկանական շղթան ճեղքելու և կազմակերպված խմբին միանալու իր մտադրության մասին: Սանասարյանն ասաց՝ Ղուկասյանն այդպիսի միամտություն չէր անի: Ավելին՝ Անդրիաս Ղուկասյանը ելույթ է ունեցել և հորդորել, որ հավաքված ժողովուրդը չգնա Խորենացի փողոց։ - «Մենք նման որոշում չենք ունեցել, Անդրիաս Ղուկասյանն էլ ինչ֊որ Գեղամի չէր ասի՝ գնա նայի, որ հեսա՝ գնում ենք հարձակվելու», - նկատեց նա:
Դատարանում ցուցմունք տալուց հետո Պետական վերահսկողության ծառայության պետը պատասխանեց լրագրողների հարցերին․ ԱԱԾ-ում այս պահին հեմոդիալիզի սարքավորումների աղմկահարույց մրցույթի քրեական գործի շրջանակներում կալանավորված ՊՎԾ երկու աշխատակիցներից մեկը՝ Գևորգ Խաչատրյանը, ստորագրությամբ ազատ արձակվելուց հետո աշխատանքի չի գնացել: Սանասարյանի խոսքով, ՊՎԾ-ն ծառայողական քննություն է իրականացնում, եթե շարունակի չներկայանալ՝ Խաչատրյանն աշխատանքից կազատվի:
ՊՎԾ պետն ասաց, որ առջևում նոր բացահայտումներ են սպասվում․ - «Ցանկացած պետական հիմնարկի հետ, եթե կա ուսումնասիրություն, վստահեցնում եմ՝ դա եղել է քաղաքականություն: Ես ինքս արդեն ամեն տեղից այդ տպավորությունն եմ ստանում, որ եղել է համապատասխան քաղաքականություն, խաղի կանոններ, որոնք իրացնելով, արվել են շատ խախտումներ, չարաշահումներ, տարբեր տեսակի հանցագործություններ»:
ԱԱԾ-ն ավելի վաղ հայտնել էր, որ հեմոդիալիզի սարքավորումների մրցույթում ՊՎԾ-ի աշխատակիցները հովանավորչություն էին դրսևորել մասնակիցներից մեկի նկատմամբ: ՊՎԾ-ն հերքում է այս մեղադրանքները՝ պնդելով, որ ընդամենը փորձել են այդ ոլորտում մենաշնորհը կոտրել: