Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ դեսպան Մուհամմադ Իսա Ալ Զաաբին:
Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի, Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՀՀ-ԱՄԷ հարաբերությունների շարունակական զարգացումը և հույս հայտնել, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում դրանք կբարձրանան նոր մակարդակի:
Կառավարության ղեկավարը նշել է, որ վերջին շրջանում երկու երկրների միջև նկատվում է տնտեսական համագործակցության աշխուժացում և առկա են լավ հնարավորություններ՝ գործարար կապերին նոր թափ հաղորդելու համար:
Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է հայտնել, որ Հայաստանն ու ԱՄԷ-ն զարգացնում են փոխգործակցությունը նաև զբոսաշրջության ոլորտում, ինչը նպաստում է երկու ժողովուրդների միջև կապերի ամրապնդմանը:
Մուհամմադ Իսա Ալ Զաաբը պատրաստակամություն է հայտնել ջանքեր գործադրել երկկողմ հարաբերությունների ընդլայնման ու խորացման նպատակով:
Դեսպանը նշել է, որ իր երկիրը շահագրգռված է զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, ներդրումների, գյուղատնտեսության, զբոսաշրջության և հումանիտար այլ ոլորտներում:
Նա տեղեկացրել է, որ այժմ քննարկվում է Հայաստանի հետ երրորդ ուղիղ ավիաչվերթի կազմակերպման հնարավորությունը, ինչը կնպաստի ոչ միայն զբոսաշրջության, այլ նաև առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը:
Մուհամմադ Իսա Ալ Զաաբը նշել է, որ ԱՄԷ կառավարությունը պատրաստ է քննարկել ներդրումային ծրագրեր՝ Հայաստանի հետ համատեղ իրականացնելու նպատակով:
Երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման առումով զրուցակիցները կարևորել են առաջիկայում նախատեսված միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացումը:
Փաշինյանը հույս է հայտնել, որ դրա ընթացքում կկայացվեն կոնկրետ որոշումներ, որոնք միտված կլինեն երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների ընդլայնմանը:
Կառավարության ղեկավարն առանձնակի կարևորել է երկու երկրների միջև ՏՏ ոլորտում համագործակցությունը և հույս հայտնել, որ ԱՄԷ-ի ընկերություններն ակտիվորեն կմասնակցեն աշնանը Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին:
ՀՀ-ԱՄԷ հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու տեսանկյունից կողմերը կարևորել են նաև գործարար ֆորումների անցկացումն ու բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԱՄԷ կառավարությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում հավասարակշռված դիրքորոշում ցուցաբերելու համար: