Մատչելիության հղումներ

Հայաստանը մարդասիրական օգնություն է տրամադրում Իրանին


Այսօր Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից դեպի Իրան են շարժվել ջրհեղեղից տուժած մարդկանց անհրաժեշտ պարագաներով բեռնված մեքենաներ։

Ըստ նախարարության, օգնությունը տրամադրվել է Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեության շրջանակներում: Թավրիզ է ուղարկվել 40 վրան, 250 մահճակալ ու 400 ծածկոց։

«Իրանում վերջին շաբաթներին տեղի ունեցած ջրհեղեղների հասցրած վնասը հասնում ու անգամ գերազանցում է 1 միլիադ դոլարը», - ասում է Ազատության» ռադիոկայանի իրանական ծառայության լրագրող Ռուբիկ Մինասյանը․ - «Իհարկե, սա պետական, շատ նախնական գնահատական է, քանի որ դեռ անհայտ կորածներ կան, հայտնի չէ, թե ինչքան բնակելի տուն է վնասվել և այլն, և այլն»:

Ռուբիկ Մինասյանի խոսքով, Հայաստանի օգնությունը Իրանին խորհրդանշական է՝ հաշվի առնելով, թե ինչպիսի վնասներ է կրել երկիրը․ - «Շատ խորհրդանշանական է: Կարելի է ասել, որ մյուս երկրների հատկացրած օգնություններն էլ խորհրդանշական են: Մեծ ծավալի օգնություն առայժմ ես չեմ հանդիպել, որ Իրանը ստացած լինի: Եվրոպական պետությունները ոչ դրամական օգնություններ են հատկացնում, արդեն մի քանի օդանավ եվրոպական երկրներից ժամանել են Իրան»:

Իրանի 15 նահանգների մոտ 400 գյուղեր ու քաղաքներ են տուժել ջրհեղեղներից, շուրջ յոթ տասնյակ զոհերից բացի, կան հազարավոր տեղահանված մարդիկ։

Հարցին, թե կկարողանա՞ Իրանը կարճ ժամանակում հաղթահարել ճգնաժամը ու ոտքի կանգնել, իրանահայ լրագողը պատասխանեց. - «Կարևոր է հիշել, որ մեծ երկրաշարժից հետո է տեղի ունեցել այս ջրհեղեղը: Իրանը դեռ չի կարողացել ձերբազատվել երկրաշարժի հետևանքներից: Ընդհանրապես ժողովուրդն էլ հարցազրույցներում, կամ երբ ձայնագրում են կարճ ռեպորտաժներ և ուղարկում են լրատվամիջոցներին, նշում են, որ պետական մարմինների տված խոստումները չեն կարող իրականանալ, քանի որ դեռ ամիսներ առաջ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները չեն վերացվել, պետությունը ոչ մի բան չի կարողացել այդ առումով անել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG