Մատչելիության հղումներ

Կարող է ստեղծվել իրավիճակ, երբ թե՛ Ադրբեջանը, թե՛ միջնորդները ստիպված լինեն վերականգնել եռակողմ ձևաչափը. Մայիլյան


Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը զրուցում է «Ազատության» հետ, Ստեփանակերտ, 8-ը մարտի, 2019թ.
Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը զրուցում է «Ազատության» հետ, Ստեփանակերտ, 8-ը մարտի, 2019թ.

Կարող է ստեղծվի մի իրավիճակ, երբ թե՛ Ադրբեջանը, թե՛ միջնորդները ստիպված լինեն վերականգնել եռակողմ ձևաչափը, այս մասին «Ազատություն» հետ զրույցում ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։

«Ազատություն». - Հայաստանի վարչապետը այստեղ՝ Ստեփանակերտում և Երևանում բազմիցս հայտարարել է, որ ինքը չի ներկայացնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, ինքը ընտրված չէ Արցախի ժողովրդի կողմից, ուստի բանակցություններում չի կարող ներկայացնել Արցախի ժողովրդին, հետևաբար անհրաժեշտություն կա, որ բանակցություններում ներկա լինեն նաև պաշտոնական Ստեփանակերտի ներկայացուցիչները: Այս մոտեցումը չեն կիսում Բաքվում: Գործնականում Դուք ինչպե՞ս եք պատկերացնում՝ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները ինչպե՞ս կարող են, ինչպե՞ս պետք է մասնակցեն բանակցություններին։

Մասիս Մայիլյան. - Որպես մեխանիզմ կարելի է առաջարկել հետևյալ ձևով, որ քանի որ Հայաստանի Հանրապետության իշխանության ներկայացուցիչները խոսելու են միայն Հայաստանի Հանրապետության անունից, նաև պետք է կատարվի դերերի բաժանում։ Այս հակամարտության մեջ կա հինգ առանցքային խնդիր, որ, ըստ կողմերի, առանցքային են, կարևոր են։ Դա կարգավիճակի խնդիրն է, անվտանգության խնդիրն է, տարածքների, փախստականների, շրջափակման խնդիրներն են, այդ հարցերի մեծ մասը Արցախի Հանրապետության իշխանությունների լիազորությունների ներքո են գտնվում, և պարզ է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները չեն կարող բանակցել նմանատիպ խնդիրներ, այսինքն՝ կարող է ստեղծվի մի իրավիճակ, երբ թե՛ Ադրբեջանը, թե՛ միջնորդները ստիպված լինեն վերականգնել եռակողմ ձևաչափը։ 92-ից 97 թվականը Արցախի պաշտոնական պատվիրակությունը մասնակցել է այդ բանակցություններին, և ամենաշոշափելի արդյունքները գրանցվել են հենց այդ ժամանակահատվածում, երբ Արցախը լիարժեք մասնակցում էր, իր վրա էր վերցրել իր բաժին պատասխանատվությունը տարածաշրջանային խաղաղության համար։

«Ազատություն». - Ես ճի՞շտ հասկացա, որ Ձեր դիրքորոշումը հետևյալն է՝ «գիտե՞ք, որ դուք կարող եք բանակցել Վիեննայում կամ այլ տեղ, բայց ի վերջո մենք պետք է որոշենք այդ փոխզիջման սահմանները, որովհետև մենք հակամարտության կողմ ենք, և առանց մեր համաձայնության որևիցե փոխզիջում, որևիցե պայմանավորվածություն չի կարող լինել»։

Մայիլյան. - Դա ենթադրում է հենց այդ բանակցությունների և այդ հանդիպումների ընդհանրապես կարգավորման տրամաբանությունից, այսինքն՝ կան երեք կողմեր և կա երկու հիմնական կողմ այս հակամարտության՝ Արցախի Հանրապետությունը և Ադրբեջանը, և հնարավոր չէ առանց լիարժեք ձևաչափի ինչ-որ որոշումներ ընդունել, և այդ կողմը, որը չի մասնակցել այդ հանդիպումներին կամ ընդհանրապես կարգավորման փիլիսոփայությանը և վերջնական փաստաթղթի ստորագրմանը, ինքը կատարի այդ մյուս երկու կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը։ Այսինքն՝ դա բնական է, և այստեղ որևէ արտառոց բան չկա։

«Ազատություն». - Պարոն նախարար, ինչպե՞ս եք պատկերացնում փոխզիջումը, հաշտությունը Ադրբեջանի հետ, ո՞րն է Ձեր դիրքորոշումը, ի՞նչ կարող եք ասել։

Մայիլյան. - Այս հարցին պատասխանելու համար նախ պետք է հասկանալ, թե ինչին է պատրաստ Ադրբեջանը։ Կան երեք հիմնական սցենարներ՝ կարող է հարցը խաղաղ կարգավորվի, խաղաղ կարգավորման ճանապարհով կարող ենք գնալ՝ ստատուս քվոն կարող է պահպանվել կամ կա մեկ ուրիշ սցենար, երբ Ադրբեջանը սկսում է պատերազմական գործողությունները, ինչպես եղավ թե՛ 91-94 թվականներին, թե՛ 16 թվականի ապրիլին, և ստանում է լիարժեք պատասխան մեր կողմից, այսինքն՝ դեռևս մենք չենք տեսնում այն ազդանշանները, որ Ադրբեջանը պատրաստ է խաղաղության և խաղաղ կարգավորման, և դրա ապացույցներից մեկը հենց այն է, որ իրենք ընդդիմանում են, որ բանակցային ձևաչափը լիարժեք լինի և Արցախի Հանրապետությունը մասնակցի այդ հանդիպումներին և բանակցություններին։ Մնացած բոլոր սցենարներին մեծ հաշվով մենք պատրաստ ենք, բայց մեզ համար նախընտրելի է խաղաղ կարգավորումը, և դա պետք է լինի արժանապատիվ խաղաղություն։

«Ազատություն». - Ես ճի՞շտ եմ հասկանում, որ ցանկացած սցենարի դեպքում Լեռնային Ղարաբաղում կարծում են, գտնում են, որ Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակը պետք է էսպես ճանաչվի, այսինքն՝ անկախություն կամ այլ տարբերակ, և այն միջազգայնորեն ճանաչվի։

Մայիլյան. - Իհարկե, կարգավիճակը այն հարցն է, որը գտնվում է հենց Արցախի քաղաքացիների լիազորությունների ներքո, և միայն Արցախի ժողովուրդն է որոշում կարգավիճակը, և այդ կարգավիճակը որոշվել է բազմաթիվ հանրաքվեների միջոցով, և տարբեր՝ ուղղակիորեն երեք հանրաքվե է տեղի ունեցել, մեկը՝ 91 թվականի անկախության հանրաքվեն, և երկու անգամ մենք Սահմանադրություն ենք ընդունել անկախ պետության։ Ինձ թվում է՝ կարգավիճակի հարցով և մեր անկախության հարցը ընդհանրապես քննարկման առարկա չի կարող լիել նաև բանակցությունների ընթացքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG