«Բարգավաճ Հայաստան»-ը վարչապետին հրավիրելու է խորհրդարանում փակ հանդիպման՝ Արցախի հարցը քննարկելու, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
«Ես ասեմ՝ դա մեզ համար մութ է, իհարկե, տեսանք տարբեր հայտարարություններ արեցին՝ Ադրբեջանն՝ առանձին, մեր վարչապետն՝ առանձին, դրա համար մենք հրավերք ենք կազմակերպել վարչապետին՝ խորհրդարանում փակ հանդիպում խորհրդարանի անդամների հետ, և մենք հրավիրելու ենք Արցախի մեր պատգամավորական ընկերներին, որ էդ հարց ու պատասխանները մեր համար հասկանալի լինի, և մենք ձեզ կասենք», - նշեց Ծառուկյանը։
Լրագրողների դիտարկմանը, որ Արցախի Անվտանգության խորհրդի նախագահ Վիտալի Բալասանյանը հայտարարել էր, որ ով Արցախը մարզ է համարում՝ Արցախ չգա, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահն արձագանքեց. «Լրիվ ճիշտ է, ես ընդունում եմ այդ հայտարարությունը, որովհետև արդեն, գիտենք, 25 տարի, 28 տարի է Արցախը առանձին անկախ պետություն է, որն ունի իր նախագահը, իր Ազգային ժողովի նախագահը, իր ծրագիրը, իր գործունեությունը, և մեր ժողովրդի հիմնական պայքարը անկախ պետության համար է եղել, որ դա այդպես էլ պետք է լինի»։