Մատչելիության հղումներ

Այսօր Կրեմլում կկայանան ռուս-թուրքական բանակցությունները․ Էրդողանը ժամանում է Մոսկվա


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, Սոչի, 14-ը փետրվարի, 2019թ․
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, Սոչի, 14-ը փետրվարի, 2019թ․

Այսօր Կրեմլում կկայանան ռուս-թուրքական բանակցությունները: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Մոսկվա է ժամանում՝ մասնակցելու Ռուս-թուրքական բարձր մակարդակի խորհրդի հերթական՝ 8-րդ նիստին: Նախատեսված են նաև Վլադիմիր Պուտին-Ռեջեփ Էրդողան բանակցությունները ամենազգայուն հարցերի շուրջ, երեկ հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

Բանակցությունների օրակարգում, Ուշակովի խոսքով, սիրիական ճգնաժամն է, մասնավորապես՝ իրավիճակը Իդլիբում:

Ի դեպ, Սիրիայի շուրջ ռուս-թուրքական բանակցություններ անցկացվել են նաև փետրվարի 14-ին, երբ Էրդողանը այցելել էր Ռուսաստան՝ Սոչի, և այդ ժամանակ Իրանի նախագահը ևս մասնակցել էր բանակցություններին:

Այսօրվա բանակցությունների օրակարգում, Ռուսաստանի նախագահի օգնականի փոխանցմամբ, նաև S-400 (C-400) հրթիռային համակարգերի շուրջ ռուս-թուրքական գործարքն է, որի դեմ կոշտ է արտահայտվում պաշտոնական Վաշինգտոնը, և Անկարան պարբերաբար հայտարարում է, թե չի պատրաստվում հրաժարվել Մոսկվայի հետ այս գործարքից, և ռուսական հրթիռների ձեռքբերման հարցն արդեն լուծված է:

Պուտինն ու Էրդողանն այսօր քննարկելու են առևտրատնտեսական համագործակցությունը, մասնավորապես՝ համագործակցությունը էներգետիկ ոլորտում: Խոսքը, նախ և առաջ, «Թուրքական հոսք» գազատարի մասին է, որի շահագործումը նախատեսված է արդեն այս տարի: Երկու երկրների համար պակաս կարևոր չէ համագործակցությունը ատոմային էներգետիկայի ոլորտում, այսպես՝ ընթանում են Ակկույու ատոմակայանի շուրջ աշխատանքները:

Ակկույու ատոմակայանը Թուրքիայի համար կառուցում են ռուսաստանցի մասնագետները, և Ռուսաստանը այս նախագծի համար լուրջ ներդրումներ է կատարել: Ատոմակայանը պետք է շահագործման հանձնվի 2023 թվականին, ընդ որում՝ ատոմակայանի բացման արարողությունը Անկարան մտադիր է անցկացնել թուրքական հանրապետության 100-ամյակին նվիրված տոնական միջոցառումների շրջանակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG