Մատչելիության հղումներ

Մենք երբևէ չենք հրաժարվել և չենք հրաժարվում հիմնավորված հարկային պարտավորությունների կատարումից. «Սպայկա»


«Սպայկա» ընկերությունը ի պատասխան Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հրապարակած տեղեկատվության պարզաբանում է տարածել։

ՊԵԿ-ը պնդում է, որ բեռնափոխադրումներով զբաղվող այս խոշոր ընկերությունը հարկային պարտավորություններից խուսափելով 7 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը, և երեկ դատարան միջնորդություն է ներկայացրել՝ կալանավորելու «Սպայկա»-ի տնօրեն Դավիթ Ղազարյանին։

Ընկերության պարզաբանման մեջ, մասնավորապես, նշված է, որ ՊԵԿ-ը «չճշտված, ենթադրական բնույթ կրող, ենթադրյալ հարկային պարտավորության վերաբերյալ ընկերության տնօրենի առարկություններին և խորացված ուսումնասիրություն իրականացնելու միջնորդությանը խոսում է սպառնալիքներով»: «Միայն նրա համար, որ ընկերության տնօրենը հլու-հնազանդ չի կատարում ներկայացված պահանջը, ՊԵԿ-ը փորձում է օգտագործել կալանք քրեաիրավական գործիքը՝ անձին վախեցնելու և գումար գանձելու համար», - ասված է հաղորդագրությունում:

«ՊԵԿ-ի մեկնաբանությունների մեջ նշված բոլոր փաստարկները ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի պաշտպանների կողմից հիմնովին հերքվել են ապրիլի 5-ի կալանքի միջնորդության վերաբերյալ դատական նիստի ժամանակ: Անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք առաջիկայում ասուլիս հրավիրել և հրապարակել դրանք: ՊԵԿ-ի կողմից իրավական փաստարկները իրավական պրոցեսից դուրս մեդիա ցանցերում հրապարակելը ըստ մեզ հանդիսանում է դատական համակարգի վրա ոչ իրավաչափ ազդեցություն գործադրելու փորձ», - հայտարարում է «Սպայկա»-ն՝ հավելելով, թե ՊԵԿ-ի կողմից ապատեղեկատվության տարածումը դիտարկում է որպես ոչ միայն ոչ իրավաչափ, այլև ընկերության գոյությանը ուղղված ուղղակի սպառնալիք:

«Մենք երբևէ չենք հրաժարվել և հիմա էլ չենք հրաժարվում հիմնավորված հարկային պարտավորությունների կատարումից և պատրաստ ենք ՊԵԿ-ի հետ այդ ուղղությամբ արդյունավետ համագործակցել», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG