Մատչելիության հղումներ

Վլադիմիր Պոզների «Հրաժեշտ պատրանքներին» գիրքը լույս է տեսել հայերեն


Ռուսաստանցի լրագրող, հրապարակախոս Վլադիմիր Պոզներ, արխիվ
Ռուսաստանցի լրագրող, հրապարակախոս Վլադիմիր Պոզներ, արխիվ

«Օրակուլ» հրատարակչությունը հայերեն լույս է ընծայել Վլադիմիր Պոզների «Հրաժեշտ պատրանքներին» խորագրով գիրքը:

Գրքի թարգմանիչը՝ Ֆելիքս Բախչինյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ այս գիրքը 18 տարի առաջ լույս է տեսել անգլերեն, հետո նոր միայն, տարիներ անց, նաև ռուսերեն: Ընդգծում էր, որ ինքը մեկ տարուց ավել է աշխատել թարգամանության վրա: Փաստավավերագրական այս գրքում հեղինակը ներկայացնում է իր կյանքի պատմությունը՝ թե՛ Միացյալ Նահանգներում, թե՛ իր ծննդավայր Ֆրանսիայում, թե՛ Ռուսաստանում, թե՛ Գերմանիայում տեղի ունեցած քաղաքական ամենատարբեր իրադարձությունների ֆոնին:

«Նա ամեն մի թեմային անդրադառնում է խորը և ամեն մի թեման մեկնաբանում է ազնվորեն։ Սա Պոզների առաջին գիրքն է հայերեն, մեծ սիրով հանձն առա, բայց դա բավականին ծանր և լուրջ աշխատանք էր, քանի որ սա ոչ թե գեղարվեստական է, ավելի շատ քաղաքական է։ Իր հայացքներն են՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների և հիմնականում Խորհրդային Միության, այն երկրների, որտեղ ինքը երկար ապրել է։ Հիմնականում շատ լուրջ քննադատում է այն գործիչներին, որոնք ատելություն են հանդես բերել, ասենք՝ Ռուսաստանում, Սովետական Միությունում ինչ ատելություն է եղել հրեաներին. հիշենք Կրեմլի բժիշկների գործը, նրանց համարում էին աշխարհի քաղաքացի՝ հրեաներին, և այստեղ ինքը ամբողջ գրքում կարմիր գծով անցնում է», - նշեց Բախչինյանը։

Ուշագրավ է, որ գրքում Պոզները անդրադառնում է նաև Հայաստանին ու հայ ժողովրդի պատմությանը։

«Շատ լավ է տրամադրված հայերի հանդեպ, և պիտի նշել, որ նրա առաջին կինը եղել է շատ հայտնի կոմպոզիտոր Ջեմբերջիի դուստրը հայազգի, որը ընդամենը 44 տարի է ապրել և Ալեքսանդր Սպենդիարյանի մորաքրոջ տղան է ու նույն մակարդակի կոմպոզիտոր, իսկ նրա դուստրը դասական բանասիրություն է ուսումնասիրել Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանում, որտեղ ուսանել է նաև Պոզները, և սիրահարվել են ու ամուսնացել։ Նրանք ունեն ընդհանուր դուստր, որը ապրում է Գերմանիայում՝ Կատյա Ջեմբերջին, որը նույնպես շատ ճանաչված կոմպոզիտոր է և դաշնակահար։ Պոզները այցելել է Հայաստան և նա հրաշալի է նկարագրում իր այցելությունը հայկական մի օջախում, ապա անդրադառնում է հայ ժողովրդի պատմությանը, նշում, որ մենք ինչքան հին ժողովուրդ ենք, բայց կարողացել ենք գոյատևել, չնայած պատմության դառը դրվագներին, չնայած Եղեռնին։ Բացի դա, նա ևս մի քանի անգամ անդրադառնում է Եղեռնի թեմային, ինչպես նաև Արցախի հարցերին ետխորհրդային տարիներին», - ասաց Ֆելիքս Բախչինյանը։

Պոզների հրեական ծագումով նախնիները սկիզբ են առնում լեհական Պոզնան քաղաքից, ասաց Ֆելիքս Բախչինյանը և որպես Հայաստանում Նանսենի թանգարանի տնօրեն և Նանսենի հիմնադրամի նախագահ հիշեցնում, որ Առաջին աշխարհամարտի տարիներին «նրա հայրը՝ Պոզների հայրը փրկվել է Նանսենյան անձնագրով, և, ասում է, միայն Գերմանիայում չէր անցնում Նանսենյան անձնագիրը»։ «Ես էդտեղ տակը տողացի բացատրություն եմ տվել, որ Նանսենյան անձնագիրը անցնում էր աշխարհի 52 երկրներում։ Այդ անձնագրերով 320 հազար հայ է փրկվել», - նշեց Բախչինյանը:

«Օրակուլ» հրատարակչության տնօրեն Ռուբեն Իշխանյանն էլ շեշտում էր, որ գրքի շնորհանդեսը տեղի կունենա մայիսի վերջին՝ շնորհանդեսին մասնակցելու նպատակով Հայաստան կգա նաև գրքի հեղինակը՝ Վլադիմիր Պոզները:

«Այս գիրքը, չեմ կարող ասել, որ շատ լայն լեզուներով է թարգմանվել, կարելի է ասել, որ СНГ-ի բանով մենակ Ռուսաստանում է թարգմանվել այս պահին ու Հայաստանում։ Թարգմանվել է Կորեայում, թարգմանվել է Ճապոնիայում, թարգմանվել է տարբեր տեղեր։ Գրիքի շնորհանդեսը տեղի կունենա շատ շուտով։ Երկուշաբթի օրվանից արդեն գրախանութներում հասանելի կլինի: Առաջին տիրաժն է դուրս եկել, որը 1000 օրինակ է ընդամենը, իրականում, ինձ թվում է, լինելու է վերահրատարակումներ», - ասաց Իշխանյանը։

«Ապրիլի 1-ին նրա 85-ամյակը լրացավ, բայց նա երիտասարդական ավյունով դեռևս զբաղվում է իր պրոֆեսիոնալ գործունեությամբ», - ընդգծեց Ֆելիքս Բախչինյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG