Վերաքննիչ դատարանը երկրորդ օրն է՝ քննում է Մարտի 1-ի գործով կալանավորված Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի բողոքը: Նրանք բողոքարկում են առաջին ատյանի դատարանի որոշումը, որով Հայաստանի երկրորդ նախագահի կալանքը երկարաձգվել է:
Նիստին ներկա էր նաև Ռոբերտ Քոչարյանը:
Պաշտպանական խումբը որոշումն անհիմն է համարում: «Մենք գտնում ենք, որ պետք ա վերացվի, որովհետև կա մի շարք հանգամանքներ: Ամենաառաջին հանգամանքը կայանում է նրանում, որ առաջին ատյանի դատարանի որոշումը պատճառաբանված չէ: Ի՞նչ ա նշանակում պատճառաբանված չէ: Ուղղակի, որպեսզի պարզ լինի բոլոր ունկնդիրների համար, սա ձևական պահանջ չի», - ասաց նախկին նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը՝ մանրամասնելով․ - «Առաջին ատյանում մի շարք խնդիրներ ենք բարձրացրել, մի շարք արգումենտներ ենք բերել, դրանց հիմա կանդրադառնամ, առաջին ատյանի դատարանը դրանց չի անդրադարձել: Եթե նախկին փուլում կատարվում էր ընդհանուր բնույթի ձևակերպում, որ այս փուլի քննարկման հարց չի, այս անգամ առաջին ատյանում բերել ենք նաև Վճռաբեկ դատարանի այն որոշումները, որտեղ ուղղակիորեն նախատեսվում է, որ չէ, հենց ա՛յս փուլի քննարկման հարց է, միգուցե ինչ-որ այլ ձևով, կամ այլ կոնտեքստում, բայց կալանքի մասին որոշում ընդունելուց դատարանը պարտավոր է դրանց նույնպես անդրադառնա: Այս անգամ առաջին ատյանի դատարանը մի շարք հանգամանքների չի անդրադարձել ընդհանրապես, այսինքն՝ ոչ ասել ա «ճիշտ եք», ոչ ասել ա «սխալ եք», ոչ ինչ-որ հիմնավորում ա բերել, ոչ պատճառաբանություն, ուղղակի մնացել ա չպատճառաբանված: Սա համար մեկ և երևի անկյունաքարային կարճ խնդիրն ա, որովհետև սա հնարավորություն չի տալիս պաշտպանվել»:
Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար: Այս մեղադրանքն առաջադրվել է նաև Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին ղեկավար Սեյրան Օհանյանին, Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանին, Երևանի կայազորի նախկին պետ Յուրի Խաչատուրովին և պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին: Վերջինս հետախուզվում է: Այս մեղադրանքի մասով նախաքննությունն ավարտվել, և կողմերը ծանոթանում են նախաքննական նյութերին: Ապրիլի 6-ին այդ ժամկետը լրանալու է: Լրագրողները հետաքրքրվեցին՝ կա՞ն ցուցմունքներ, որոնցով հաստատվում է, որ Ռոբերտ Քոչարյանը 2008-ի արյունալի իրադարձությունների ժամանակ տապալել է սահմանադրական կարգը:
«Ախր ցուցմունքներին չեմ կարող անդրադարձ կատարել, որովհետև ցուցմունքներին անդրադարձ կատարելը նախաքննության գաղտնիքի բացահայտման ռիսկ է պարունակում: Ոչ միանշանակ ընկալում կա՝ կարող եմ հիմա բացահայտել, թե չեմ կարող բացահայտել, եթե նման մոտեցում կա, և հստակ չի՝ կարող եմ, թե՝ չէ, ես նախընտրում եմ չբացահայտել: Որովհետև կա պոտենցիալ ռիսկ քրեական գործի, պարբերաբար սպառնալիքներ կա ՀՔԾ-ի [Հատուկ քննչական ծառայության] կողմից, և որովհետև դա կարող է խաթարել, եթե նույնիսկ իմ հանդեպ քրեական գործի խնդիրը վերջում կկարգավորվի, կա մեծ ռիսկ, որ դա կարող է խաթարել պարոն Քոչարյանի պաշտպանության գործընթացը, օրինակ՝ որովհետև մեկ էլ տեսար ՀՔԾ-ի մտքով կանցնի խուզարկություն անել մեր գրասենյակում, ինչը կլինի, իհարկե, փաստաբանության մասին օրենքի և պարոն Քոչարյանի արդար դատաքննության իրավունքի խաթարում, բայց, ամեն դեպքում, նման առիթ չտալու համար ես հիմա դետալներին չեմ անդրադառնա», - հայտարարեց Օրբելյանը՝ շարունակելով․ - «Կասեմ ընդամենը հետևյալը․ այն ծավալով, ինչով ուսումնասիրել ենք, ցավոք սրտի, ամբողջական, բոլոր ցուցմունքները ծայրից ծայր չենք հասցրել կարդալ, բայց մեծամասամբ, հիմնականում փորձում ենք գոնե նայել <...>, որևէ նյութ, հանգամանք, ցուցմունք, փորձագետի եզրակացություն, այլ բան, որը կլինի ապացույց, որը ինչ-որ ձևով չի տեղավորվի այն կոնցեպտի, այն ընկալման մեջ, որը մենք ունենք, չկա»:
Այսօր ավարտվեց պաշտպանների բողոքի ներկայացման գործընթացը: Նիստը կշարունակվի ապրիլի 9-ին, այդ օրն էլ կներկայացվեն առարկությունները, և ըստ պաշտպանների՝ հնարավոր է դատարանը որոշում կայացնի:
Երկօրյա նիստում Քոչարյանը ելույթ չի ունեցել, պաշտպաններն ասացին՝ որոշման օրը հայտարարություն կանի: