Մատչելիության հղումներ

«Վարդավառ» զբոսայգու տարածքն ապօրինի օտարելու փաստով հարուցվել է քրեական գործ


Դատախազությունը քրեական գործ է հարուցել Էրեբունի վարչական շրջանի «Վարդավառ» զբոսայգու տարածքն ապօրինի օտարելու փաստով:

Դատախազության տարածած հաղորդագրությունում ասվում է, որ համայնքի ավագանու որոշմամբ քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցման ոչ ենթակա՝ Երևան քաղաքի Էրեբունու թաղային համայնքի սեփականությունը հանդիսացող «Վարդավառ» զբոսայգու տարածքում գտնվող 84 քմ ընդհանուր մակերեսով գարեջրի սրահն՝ իր ավելի քան 2245 քմ մակերեսով սպասարկման հողամասով, 780 հազար ՀՀ դրամով օտարվել է Վ. Ս-ին, 748,45 քմ մակերեսով շինությունները և դրա սպասարկման համար 5600 քմ մակերեսով հողը 1 միլիոն 550 հազար դրամով՝ «Դավիթ-Արտակ» ՍՊԸ-ին, 18 քմ մակերեսով շինությունը՝ իր 1890 քմ մակերեսով սպասարկման հողամասով, 108 հազար դրամով՝ Դ. Ս-ին: Իսկ 1807 քմ ընդհանուր մակերեսով շինությունները և դրա սպասարկման համար 2300 քմ մակերեսով հողամասն անհատույց նվիրատվությամբ տրվել է Վ. Ս-ին:

Մամուլը, բացելով դատախազության տարածած հայտարարության հապավումները, գրում է, որ Դ․Ս․-ն ու Մ․Ս․-ն Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդիներն են՝ Դավիթ ու Մհեր Սեդակյանները:

Դավիթ Սեդրակյանի փաստաբան Ալեքսան Խաչատրյանն «Ազատությանը» փոխանցեց, որ Դավիթ Սեդրակյանը հայտարարություն է տարածել՝ պնդելով, որ եթե 2002 թվականի դրությամբ ուսումնասիրենք օտարված հատվածի՝ տիեզերքից կատարված լուսանկարները, ապա պարզ կլինի, որ դրանք զբոսայգու տարածք փաստացի չեն եղել: Իսկ ինչ վերաբերում է հարակից «Վարդավառ» զբոսայգուն, ապա այն այսօր Երևան քաղաքի ամենաբարեկարգ այգիներից է դարձել ու իր ընտանիքի ամենօրյա ուշադրության կենտրոնում է:

Դավիթ Սեդրակյանի փաստաբանը չհերքեց, որ «Վարդավառ» զբոսայգին վարձակալած ընկերության բաժնետերերից մեկն էլ Դավիթ Սեդրակյանն է․ - «Այգու էսօրվա էդ բարեկարգ վիճակի համար հարյուր միլիանովոր դրամներ է ծախսել Սեդրակյանների ընտանիքը: Բացի այդ, ամսեկան մեծ գումարներ են ծախսում այդ այգու պահպանման համար․․․ Զբոսայգու հետ կապված, ո՛չ էդ ընկերությունը, ո՛չ Սեդրակյանների ընտանիքը երբևիցե որևէ շահույթ չեն հետապնդել»:

Փաստաբանը պնդում է, թե օրենքի խախտում չի եղել: Ի դեպ, նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը 1999-2005 թվականներին եղել է Էրեբունու թաղապետ: Ըստ դատախազության հայտարարության, այդ օտարումները 2004-ին են տեղի ուենցել: Ավելին՝ Էրեբունի համայնքի ղեկավարը, ավագանու որոշումների դեմ առարկություններ ներկայացնելու և դրանք դատական կարգով բողոքարկելու փոխարեն, իր որոշումներով օտարել է «Վարդավառ» զբոսայգու տարածքում նշված ողջ հողատարածքը:

Նախորդ տարվանից Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է Արման Աբրահամյանը, որը հրաժարվեց տեսազրույցից, իսկ հեռախոսով ասաց, որ թաղապետարանի շենքի մի մասը նույնպես օտարված է․ - «Հետևի մասը, որտեղ տեղակայված ա «Փարոսը», սոցծառայությունը և հարկային տեսչությունը, այդտեղից մի մասն ա միայն պատկանում վարչական շրջանին: Մնացածը ունեն սեփականատերեր»:

Ավելի վաղ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն էր հայտարարել, որ Երևանին պատկանող որոշ տարածքներ տարիներ շարունակ օտարվել են․ - «Այսպես ասած՝ յուղոտ
տարածքները գնվել են թաղապետերի կողմից կամ իրենց մերձավորների կողմից, և ցավոք սրտի, այսօր արդեն գրանցված են, իրենք սեփականության վկայականներ ունեն և այլն»:

Քաղաքապետարանից տեղեկացանք, որ 2007թվականին էրեբունի համայնքի ավագանու որոշմամբ օտարվել է աշխատակազմի շենքի մի զգալի հատվածը:

Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող թիվ 3 գրադարանն օտարվել է Վազգեն Վարդանյանին, իսկ թիվ 10 գրադարանը՝ Հենրի Միքայելյանին: 2009-ին օտարվել է նաև թիվ 1 մարզադպրոցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG