Մատչելիության հղումներ

Ձերբակալվել է Ֆեյսբուքում «Դուխով Հայաստան բաց հասարակություն» էջը վարող անձը․ ԱԱԾ տնօրեն


ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը զրուցում է լրագրողների հետ, արխիվ
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը զրուցում է լրագրողների հետ, արխիվ

Այսօր ձերբակալվել է մի անձ, որը Ֆեյսբուքում վարել է «Դուխով Հայաստան բաց հասարակություն» էջը։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Ֆեյքերի հետ կապված հանձնարարությունը, որ ստացվել է վարչապետից, արդեն իսկ կատարվել է։ Այսօր ձերբակալվել է մեկ անձ։ Ֆեյսբուքում շատ հայտնի մի էջ կա, որը ակնհայտ ապատեղեկատվություն է տարածում՝ դա «Դուխով Հայաստան բաց հասարակություն» էջն է, որը, կարծում եմ, բոլոր օգտատերերը շատ լավ գիտեն, այդ էջի տակ թաքնված անձը պարզաբանվել, հայտնաբերվել և ձերբակալվել է։ Հարուցվել է քրեական գործ՝ ռասայական, կրոնական և ազգային ատելություն սերմանելու հատկանիշներով։ Մնացած մանրամասները կտրամադրի ԱԱԾ-ի մամուլի կենտրոնը», - ասաց Արթուր Վանեցյանը։

«ԱԱԾ-ն չի պայքարում ֆեյքերի դեմ, ԱԱԾ-ն պայքարում է այն հայտարարությունների ու հայտարարություններ անողների դեմ, որոնց հայտարարությունների պարունակության մեջ կա հանցակազմ։ Եթե հայտարարության մեջ հանցակազմ չկա, ԱԱԾ-ն այդտեղ որևէ գործ չունի անելու, որովհետև խոսքի ազատությունը ամենակարևոր սկզբունքն է, որը մենք չենք կարող խախտել», - ընդգծեց ԱԱԾ տնօրենը:

Երեկ կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանիպուլյացիան ազգային անվտանգության խնդիր էր որակել և ԱԱԾ պետին հանձնարարեց հակահարված տալ նման ինֆորմացիա տարածողներին:

«Եթե որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսելու սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում հասարակական կարծիքի մանիպուլյացիաներ անելու համար, դա ազգային անվտանգության խնդիր է: Եվ ես հույս ունեմ, որ ձեր ծառայությունը կկարողանա այս հարցում ապահովել կոնկրետ արդյունքներ․․․ Սոցիալական ցանցերում կան ընդհուպ հեղափոխական դրոշներով հանդես եկող ֆեյքեր, որոնք բռնությունների կոչեր են անում ընդհուպ նախկին իշխանությունների ներկայացուցիչների հասցեին՝ ցույց տալու համար, թե դա իրոք մեր հեղափոխական շրջանակների հետ կապ ունի: Այս կարգի մանիպուլյացիաները պետք է շատ կոշտ հակահարված ստանան», - մասնավորապես ասել էր վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG