Բրիտանուհի անվանի իրավապաշտպան Ամալ Քլունին այսօր ասել է, որ լրագրողների հետապնդումները մարդու իրավունքների ոտնահարման ամենաբիրտ օրինակներից են:
Քլունին ելույթ է ունեցել Մեծ յոթնյակի արտգործնախարարների՝ Ֆրանսիայում գումարված ժողովի շրջանակներում:
Նա ասել է, որ մեծ թվով լրագրողներ սպանվում են ոչ թե զինված հակամարտությունների գոտիներում իրենց աշխատանքը կատարելու ընթացքում, այլ թիրախ են դառնում, քանի որ տեղեկատվություն են տարածում:
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջերեմի Հանթը Ամալ Քլունիին նշանակել է մամուլի ազատության հարցերով հատուկ բանագնաց և լրագրողներին իրավական աջակցություն տրամադրող փորձագետների հատուկ խմբի ղեկավար:
Ամալ Քլունին որպես փաստաբան ժամանակին ներկայացրել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի և Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի շահերը:
Բացի այդ, ինչպես Reuters լրատվական գործակալությունն է նշում, Ամալ Քլունին աշխատանք է կատարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ասպարեզում: