Մատչելիության հղումներ

«Սպայկան» պետությանը պատճառել է 7 միլիարդ դրամ վնաս․ ՊԵԿ նախագահ


Պետեկամուտների կոմիտեն մեղադրում է «Սպայկա» ընկերությանը պետությանը 7 միլիարդ 36 միլիոն դրամ վնաս պատճառելու մեջ և միջնորդություն ներկայացրել դատարան՝ կալանավորելու ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին՝ նրան երեկ մեղադրանք առաջադրելով առանձնապես խոշոր չափի հարկ ու տուրք չվճարելու համար:

Այս մասին ասված է այսօր տարածված ՊԵԿ հաղորդագրությունում:

Գյուղմթերքների արտադրությամբ և բեռնափոխադրումներով զբաղվող խոշոր այս ընկերությունը՝ «Սպայկան», ըստ լրատվամիջոցների, պատկանում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին, ով տարիներ առաջ ընկերությունը գնել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքից։

Ըստ ՊԵԿ-ի, «Սպայկա» ընկերության ղեկավարությունը եվրոպական տարբեր պետություններից, այդ թվում՝ Լեհաստանից, Բելգիայից, 2014-2015 թվականների ընթացքում ձեռք է բերել պանիր, տանձ, խնձոր, չինական կաղամբ, լոլիկ և այլ ապրանքներ, որոնք 2015 թվականի հունվարի 1-ից մինչև 2016 թվականի հունվարի 11-ը ընկած ժամանակահատվածում Վրաստանի տարածքով ներմուծել է Հայաստան: Սակայն ներմուծելիս Հայաստանի մաքսային մարմիններին ներկայացվել են կեղծ փաստաթղթեր այն մասին, թե իբր ներմուծված ապրանքներն իրենցից ներկայացնում մաքսատուրքի և ավելացված արժեքի հարկի վճարումից ազատված ապրանքատեսականի, իսկ որպես ներմուծող կազմակերպություն հանդես է եկել «Սպայկա» ընկերության տնօրինության կողմից կառավարվող «Գրինպրոդուկտ» ընկերությունը:

Արդյունքում, «կիրառելով վերը նկարագրված ստվերային եղանակը», «Սպայկան» պետական բյուջե չի վճարել 7 միլիարդ 36 միլիոն դրամ մաքսատուրք և հարկ:

«2016 թվականի մնացած ամիսների, ինչպես նաև 2017 և 2018 թվականների մասով պետությանը պատճառված վնասը պարզելու համար քննչական և դատավարական գործողությունները շարունակվում են», - ընդգծված է ՊԵԿ հաղորդագրությունում:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, «Սպայկայի» տնօրեն Դավիթ Ղազարյանը ձերբակալված չէ: Սպասվում է, որ այսօր դատարանը քննելու է նրա կալանավորման հարցը:

Ավելի վաղ ՊԵԿ-ը հայտարարել էր, որ «Սպայկան» 2015-ի հունվարի 1-ից մինչև 2018-ի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում արտահանված շուրջ 45 հազար տոննա լոլիկը փաստաթղթերում ներկայացրել է ոչ արժանահավատ գներով և դրա հետևանքով շահութահարկի գծով պակաս է հաշվարկել ու պետական բյուջե չի վճարվել 2 միլիարդ 45 միլիոն դրամ:

Մոտ տաս օր առաջ՝ «Սպայկայի» պանրի և կաթնամթերքի այլ տեսակների նոր գործարանի բացման արարողության ժամանակ, որին, ի դեպ, ներկա էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Դավիթ Ղազարյանը լրագրողներին հայտարարեց, որ ընկերությունը ամբողջովին մարել է պետբյուջեի առջև առկա պարտավարությունները:

Դավիթ Ղազարյան
Դավիթ Ղազարյան

Այսօր՝ ՊԵԿ-ի հայտարարությունից հետո, հրավիրված ասուլիսում Ղազարյանը հայտարարեց, թե իրականում, 2 միլիարդ 45 միլիոնի պահանջն անհիմն էր, ստիպված են եղել վճարել, որովեհետև «Սպայկայի» հաշիվները արգելափակվել էին և ընկերությունը պարզապես չէր կարողանում գործել․ - «Բայց մենք ճար չունեինք: Համակերպվանք․․․ մարդկանց մոտ խասիաթ դառավ»:

Ղազարյանը, իր բառերով ասած, շոկի մեջ էր, հայտարարեց՝ չի ընդունում ՊԵԿ-ի առաջ քաշած հարկային նոր՝ ավելի քան 7 միլիարդ դրամի պարտավարությունը․ - «Ընկերությունը պարալիզացնում են: Երևի մտածում էին, որ որոշումը բերեն, ես պետք ա ստորագրեմ: Դա բացառված ա»:

Դավիթ Ղազարյանի խոսքով, ո՛չ «Սպայկան», ո՛չ ինքն անձամբ որէև առնչություն չունեն ՊԵԿ-ի հիշատակած «Գրինպրոդուկտ» ընկերության հետ․ - «Բացարձակ, ոչ մի կապ: «Վիլիջ» ր «Գրինպրոդուկտ» ընկերությունների հետ «Սպայկան» ընդամենը ունի բիզնես հարաբերություններ»:

«Սպայկայի» տնօրենը նյարդայնացած էր․ - «Ի՞նչ ա նշանակում միջնորդություն կալանքի վերաբերյալ: Ասում ա՝ կա՛մ ստորագրում ես, կա՛մ կալանավորվում ես: Եվ ես ՊԵԿ-ի հետապնդումն եմ տեսնում «Սպայկայի» նկատմամբ: Որովհետև վճարող չկա «Գրինպրոդուկտից», որովեհտև չեն կարում «Գրինպրոդուկտի» թեման փակեն: Դրա համար իրանք փոխկապակցում են «Սպայկայի» հետ, որպեսզի կարողանան էդ փողը կորզեն: Շեֆին գնացել-ասել ա՝ 7 միլիարդ փող ա պարտք: Շեֆն էլ, մենք բոլորս ենք հարգում մեր հարգելի վարչապետին, բա՝ փող ա պարտք, թող բերի մուծի․․․ Մենք պարտք չունենք»:

Ըստ Ղազարյանի, ցայսօր ընկերությունը Հայաստանում կատարել է 250 միլիոն դոլար ներդրում: Այս տարի ծրագրում էին կատարել ևս 100 միլիոն դոլարի ներդրում, որի մեծ մասը վարկի տեսքով հատկացնելու էր Զարգացման եվրասիական բանկը, սակայն ՊԵԿ-ի երեկվա քայլերի հետևանքով բանկը կասեցրել է ֆինանսավորումը:

«Սպայկայի» բաժնետերերի անունները հրապարակելու՝ «Ազատության» հարցին ի պատասխան, Դավիթ Ղազարյանն ասաց․ - «Դավիթ Ղազարյան: Ես»:

Ապա հավելեց․ - «Միքայել Մինասյանին ես ճանաչում եմ, բայց մենք չունենք գործնական հարաբերություններ: Մեր համասեփականատերը եղել ա Ռոզա Ստեփանյանը»:

Անցած տարվա արդյունքներով «Սպայկան» 45-րդ խոշոր հարկատուն է Հայաստանում, սակայն ուշագրավն այն է, որ մինչև թավշյա հեղափոխությունը՝ 2017-ին, այն, ըստ ՊԵԿ-ի, պետբյուջե էր վճարել 1 միլիարդ 815 միլիոն դրամ հարկ ու տուրք, իսկ հեղափոխությունից հետո՝ 2018-ի ընթացքում վճարել է ավելի քան երկու անգամ շատ՝ 3 միլիարդ 747 միլիոն:

Դավիթ Ղազարյանի փաստաբանն «Ազատությանը» փոխանցեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ կալանավորումը խափանման միջոց ընտրելու միջնորդության հարցով վճիռը կհրապարակվի գալիք երկուշաբթի օրը, ժամը 10-ին:

Ավելի ուշ «Սպայկայի» ղեկավարի հայտարարություններին պատախանել է Պետական եկամուտների կոմիտեն՝ պնդելով, որ 7 միլիարդի հարկեր չվճարելու մեղադրանքի համար հիմք են հանդիսացել քրեական գործով ձեռք բերված բազմաթիվ ապացույցները, այդ թվում օտարերկրյա պետություններից ստացված հարցումների պատասխանները:

Հակադարձելով Դավիթ Ղազարյանի այն հայտարարությանը, թե ՊԵԿ-ը երևի մոռացել է, որ գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը ազատված է շահութահարկից՝ կառույցից պարզաբանում են, որ այդ արտոնությունը վերաբերում է գյուղմթերք արտադրողներին: Իսկ գյուղատնտեսական և այլ ապրանքներ ներմուծողների և դրանք հետագայում արտահանողների վրա այս արտոնությունը չի տարածվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG