Պետական եկամուտների կոմիտեն հաղորդում է, որ (ՊԵԿ) կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպք:
Ըստ ՊԵԿ-ի, «Սպայկա» ընկերության ղեկավարությունը ԵԱՏՄ անդամ պետություններ չհանդիսացող եվրոպական տարբեր պետություններից, այդ թվում՝ Լեհաստանից, Բելգիայից, 2014-ից 2015թթ. ընթացքում «Սպայկա» ընկերության միջոցով ձեռք է բերել դեպի Հայաստան փոխադրման և ներմուծման ենթակա պանիր, տանձ, խնձոր, չինական կաղամբ, լոլիկ և այլ ապրանքներ, որոնք 2015-ի հունվարի 1-ին 2016-ի հունվարի 11-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանի տարածքով իրականում ներմուծել է Հայաստան:
ՊԵԿ-ը նշում է, որ իրականացված ներմուծումների ժամանակ նշված ապրանքների խմբաքանակները Վրաստանի մաքսային սահմանից դեպի Հայաստան արտահանելիս Վրաստանի մաքսային մարմիններին ներկայացվել են հիշյալ ապրանքատեսակների իրական անվանումները, քաշը, արժեքը, ծագման երկիրը, մատակարար և գնորդ կազմակերպությունների և այլ իրական տվյալների վերաբերյալ տեղեկություններ պարունակող փաստաթղթերը, այդ թվում՝ ինվոյսները, սակայն նշված ապրանքատեսակները Հայաստան ներմուծելիս՝ Հայաստանի մաքսային մարմիններին ներկայացվել են կեղծ փաստաթղթեր այն մասին, թե իբր ներմուծված ապրանքներն իրենցից ներկայացրել են բացառապես մաքսատուրքի և ավելացված արժեքի հարկի հաշվարկումից և վճարումից ազատված ապրանքատեսականի, իսկ որպես ներմուծող կազմակերպություն հանդես է եկել «Սպայկա» ընկերության տնօրինության կողմից կառավարվող «Գրինպրոդուկտ» ՍՊԸ-ն:
Արդյունքում, ըստ հաղորդագրության, արտերկրի տարբեր կազմակերպություններից իրականում ներմուծված ապրանքները Հայաստանում մաքսազերծել է այլ ապրանքատեսակի անվան տակ, որոնց մաքսազերծումն ազատված է մաքսատուրքի և ավելացված արժեքի հարկի հաշվարկումից և վճարումից:
«Այսպիսով, փորձագիտական եզրակացության հիման վրա միայն 01.01.2015-11.01.2016թթ. ընթացքում, կիրառելով վերը նկարագրված ստվերային եղանակը, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չհայտարարագրելով «Սպայկա» ՍՊ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների վերաբերյալ իրական տեղեկությունները, այսինքն` չներկայացնելով համապատասխան մաքսային հայտարարագրերը և հակառակը՝ դրանց փոխարեն «Գրինպրոդուկտ» ՍՊ ընկերության անվամբ մաքսային մարմիններին ներկայացնելով հարկը, տուրքը և այլ պարտադիր վճարը հաշվարկելու հիմք հանդիսացող կեղծ տեղեկություններ և ուղղակի դիտավորությամբ նպատակ հետապնդելով չվճարել հարկը, տուրքը և պարտադիր այլ վճարը, պետական բյուջե չի վճարել «Սպայկա» ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7 036 666 312 դրամ մաքսատուրք և հարկ», - ասված է հաղորդագրությունում:
Պետական եկամուտների կոմիտեն նշում է, որ 2016 թվականի մնացած ամիսների, ինչպես նաև 2017 և 2018 թվականների մասով պետությանը պատճառված վնասը պարզելու համար քննչական և դատավարական գործողությունները շարունակվում են:
«Վերը նշված հանրորեն վտանգավոր արարքը կատարելու համար 2019թ. ապրիլի 4-ին Դավիթ Վենգերի Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ [Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով] մասով: Դավիթ Վենգերի Ղազարյանը չի ձերբակալվել, այլ ՊԵԿ քննչական վարչության քննիչի կողմից 04.04.2019թ-ին միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Դավիթ Վենգերի Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Միջնորդության քննարկումը նշանակված է 05.04.2019թ-ին»։ Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական, քննչական, ինչպես նաև դատավարական միջոցառումներ՝ վերը նշված հանցավոր գործունեության մասնակից հանդիսացած յուրաքանչյուր անձի գործողություններն անհատականացնելու, ինչպես նաև պետությանը պատճառված վնասի վերջնական չափը հստակեցնելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում: