Մատչելիության հղումներ

«Արշակ Կարապետյանը ցուցմունք է տվել, թե նախագահը կարգադրել է փետրվարի 24-ին արտակարգ դրություն մտցնել». Քոչարյանի պաշտպան


Վերաքննիչ դատարանը հետաձգեց Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի բողոքի քննությունը, այն կշարունակվի վաղը։

Պաշտպանական խումբը բողոքարկում է առաջին ատյանի դատարանի որոշումը, որով ևս երկու ամսով երկարաձգվել է Քոչարյանի կալանքը։ Վերաքննիչ դատարանը այսօր քննում էր մեկ բողոք ևս, որը ներկայացրել է դատախազությունը։ Սա վերաբերում է Քոչարյանին Սիլվա Համբարձումյանի կաշառքի գործով հաղորդման հիման վրա առաջադրված մեղադրանքին։ Դատարանը գտել էր, որ այս մեղադրանքի համար հիմնավոր կասկած չկա, ինչի վերաբերյալ դատախազությունը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան։

Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ երկու բողոքի քննությունը կշարունավի վաղը․ - «Պարոն Քոչարյանի դեմ, էն էլ շատ փոքր, աննշան հատվածով ցուցմունքը կարելի է համարել Արշակ Կարապետյանի ցուցմունքը։ Եթե ամբողջ ցուցմունքը նայենք, էլի ինքը բավականին հատվածներ ունի, որոնցով հաստատվում է հակառակը՝ մեր դիրքորոշումը, բայց ընդեղ կա հատված, որի հետ հնարավոր չէ համաձայն լինել, ընդ որում՝ էդ հատվածը ամբողջությամբ հերքվում է, թե՛ էդ խորհրդակցությանը գտնված և հարցաքննված մնացած 12 հոգու ցուցմունքներով, թե՛ ուղղակի ինքն իրենով անհեթեթ է։ Օրինակ, ասում է, նախագահը կարգադրեց մյուս օրը ժամը 00-ից, այսինքն, պատկերացրեք՝ փետրվարի 24-ից, մտցնել արտակարգ դրություն, դա անհեթեթություն է»:

Ալումյանը ընդգծեց, որ փետրվարի 24-29-ը այդ կոմպոնենտներից գոնե մեկը առկա չի եղել. - «Ասել, որ ամսի 24-ից արտակարգ դրություն է եղել, էդ մենակ երևի Արշակ Կարապետյանը կարող էր ասել, մենակ որոշակի առավելություններ ստանալու ակնկալիքով»:

«Պաշտպանության նախարարը խնդիրը անհրաժեշտ է համարել իրականացնել էդ ձևով՝ 0038 հրամանը արձակելով։ Երբևիցե մինչև էդ, դրանից առաջ, դրանից հետո չկա, չի եղել, և էս մեր փաստարկը քննիչին շատ վաղուց ասել ենք, և եթե այս փաստարկը հերքվեր, ինքը վաղուց հերքած կլիներ, չի եղել էդպիսի ընթացակարգ, մշակույթ առհասարակ, որ Պաշտպանության նախարարի որևէ մի հրաման ուղարկվի նախագահական, ասենք, մի հատ ստուգեն կամ համաձայնություն տան: Չի՛ եղել։ Էս դեպքում էլ չի եղել։ Այնուամենայնիվ, էդ հրամանին ծանոթանալուց հետո պարոն Քոչարյանը ասեց, որ «եթե էն ժամանակ էլ էս հրամանը ես տեսնեի, կասեի, որ ինքը շատ ճիշտ ձևի կայացված հրաման է և լիարժեքորեն իր նպատակին ծառայող հրաման է եղել»։ Այսինքն էդ հրամանի արդյունքում իրոք բացառվել է բանակի ներգրավվածությունը այդ ամեն պրոցեսին», - ասաց պաշտպանը։

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) նյութեր է պատրաստում Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի նամակի հետ կապված՝ 1998 թվականի ընտրությունները կեղծելու առնչությամբ: «Ազատության» հարցին, թե արդյո՞ք կարծում է, որ բանը կհասնի նրան, որ Ռոբերտ Քոչարյանին նաև այդ մասով մեղադրանք առաջադրվի, փաստաբանն արձագանքեց․ - «Ես կանխատեսումներով չզբաղվեմ։ Հիմա, նկատի ունենալով, որ պարոն Քոչարյանը քաղաքական հետապնդումների է ենթարկվում, ես չեմ բացառում ցանկացած գործով նրա նկատմամբ քրեական հետապնդումը։ Եթե Սիլվա Համբարձումյանի կաշառքի դրվագը կարող էին վերագրել պարոն Քոչարյանին, ես ուրիշ ոչ մի բան չեմ բացառում»։

«Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ մեղադրվող Քոչարյանը կալանավորված է անցած տարվա դեկտեմբերի 7-ից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG