Մատչելիության հղումներ

Թեղուտի հանքավայրում արդեն սկսվել են վերագործարկման աշխատանքները. ԱԺ պատգամավոր


ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյան, Վանաձոր, 4-ը ապրիլի, 2019թ․
ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյան, Վանաձոր, 4-ը ապրիլի, 2019թ․

Թեղուտի հանքավայրի վերագործարկման աշխատանքները մեկնարկել են, հանքավայրի նախկին աշխատակիցների հետ հերթական հանդիպմանը հայտարարել է ռուսաստանաբնակ գործարար Նորայր Պետրոսյանը, ով պատրաստ է ներդրում կատարել ավելի քան մեկ տարի փակված հանքը վերագործարկելու համար։

Նախկին աշխատակիցների հետ հանդիպմանը մասնակցել է նաև Ազգային ժողովի պատգամավոր Արեն Մկրտչյանը։ Նա «Ազատությանն» ասաց, որ Թեղուտում արդեն սկսվել են վերականգնողական աշխատանքները։ Ավելի քան մեկ տարի կանգնեցված տեխնիկան մաշվածության է ենթարկվել, ենթակառուցվածքների հետ կապված խնդիրներ կան, և այժմ ընթանում է մեծ վերանորոգում, որը նախնական հաշվարկներով կտևի մինչև 2 ամիս։

«Վերանորոգման աշխատանքներին արդեն կներգրավվեն նախկին աշխատակիցների մի մասը, բավականին զգալի մաս, և դրանից հետո կլինի արդեն ամբողջական վերագործարկում, որի ժամանակ արդեն, նախնական հաշվարկներով, 1200 աշխատակիցները ներգրավված կլինեն», - նշեց Մկրտչյանը։

Ներդրողն ասել է, որ նաև պոչամբարի ամրացման հետ կապված աշխատանքներ են տարվում։ Հանքավայրը փակվելիս հայտարարվել էր, որ պոչամբարում վթարի լուրջ վտանգ կա։ Անցած տարի նախկին սեփականատերերի մոտ 400 միլիոն դոլարի չվճարված վարկային պարտավորությունների դիմաց հանքն անցել էր ՎՏԲ բանկին, որը ներգրավել է ներդնող և նոր օպերատոր։ Հանքավայրը շահագործելու համար ընտրել են բուլղարական հանքարդյունաբերող ընկերություն, ասաց պատգամավորը։

«Կուզեմ շեշտել, որ այն կերպ, ինչպես եղել է հանքարդյունաբերությունը Թեղուտում, որի արդյունքում առաջացել է սոցիալական ու բնապահպանական աղետ, մեզ համար անթույլատրելի է, և կառավարությունը իր մասով իրականացնելու է վերահսկողական գործառույթներ՝ հետագայում հանքի վերագործարկման մասով։ Ես հուսով եմ և վստահ, որ լրիվ նոր մոտեցումներ կլինեն և լրիվ նոր որակի հանքարդյունաբերություն կլինի այս հատվածում», - ընդգծեց Մկրտչյանը։

Դեռ 2011 թվականին հանքի շահագործման թույլտվություն ստացած «Վալլեքս» ընկերությունը ՎՏԲ բանկում գրավադրել էր հանրային սեփականություն հանդիսացող ընդերքը։ Պատգամավորը դա անթույլատրելի է համարում։

«Մենք անընդհատ շեշտում ենք, որ հանքերը հանրության սեփականությունն են, բայց դա դադարում է այդպես լինել, երբ հանքը դառնում է գրավի առարկա։ Ես համարում եմ անթույլատրելի և կարծում եմ՝ հետագայում մենք պետք է լուծումների գնանք այս հարցով, որպեսզի հանքերը չլինեն գրավի առարկա։ Պատկերացնո՞ւմ եք, օրինակ, լճերը կամ գետերը գրավի առարկա լինեն, և ինչ-որ մեկը գա սեփականության իրավունք ուզի», - ասաց Մկրտչյանը։

Հանքավայրի աշխատանքը դադարեցվել էր անցած տարեսկզբին։ Շահագործող «Թեղուտ» ընկերությունը, որը պատկանում էր «Վալլեքս» ընկերությունների խմբին, նախ հայտարարել էր, թե ընթացիկ վերանորոգման աշխատանքների պատճառով կարճատև դադար է վերցնում, հետո հայտնի դարձավ, որ պոչամբարի հետ կապված վտանգներ կան, ապա ավելի ուշ ընկերությունը հայտարարեց, որ ֆինանսական դժվարություններ ունեն և կորցրել են սեփականությունը հանքավայրի նկատմամբ։

Անցած տարեվերջին կառավարությունը հայտարարեց հանքի սեփականատեր դարձած ՎՏԲ բանկի և ռուսաստանաբնակ հայազգի գործարար Նորայր Պետրոսյանի միջև համաձայնության մասին։ Ներդրողը հանքավայրի արդեն գործազուրկ դարձած աշխատակիցներին հայտնել էր հանքավայրի վերագործարկման մասին։ Հետո ընկերության նախկին սեփականատերերի հարուցած դատական գործընթացների հետ կապված աշխատանքները փոքր-ինչ հետաձգվեցին։ Այսօր արդեն նախաձեռնողները հայտարարում են, որ խոչընդոտները վերացված են և երկու ամսվա ընթացքում փակված աշխատատեղերը կվերաբացվեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG