Մատչելիության հղումներ

«Կեղծ լուրեր հրապարակելը հանցագործություն չէ»․ Իոաննիսյան


«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանն, ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանին ուղղված հորդորին, «Ազատության» հետ զրույցում շեշտում է՝ կեղծ լուրեր հրապարակելը հանցագործություն չէ։

Այնպես որ, ըստ Իոաննիսյանի, Ազգային անվտանգության ծառայությունը կեղծ լուրեր տարածողների դեմ օրենքով որևէ քայլ անելու լծակ չունի, եթե, իհարկե, կեղծ լուր տարածողը հավելյալ այլ հանցագործություն չի կատարել:

Իոաննիսյանի համոզմամբ, պետությունը կարող է պարզապես զարգացնել մեդիագրագիտությունը՝ դրանով իսկ նվազեցնելով կեղծ լուրերի ազդեցությունը։

«Ազատություն». - Պարոն Իոաննիսյան, այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորեց Ազգային անվտանգության ծառայության ղեկավարին զբաղվել սոցիալական ցանցերում, ինչպես նաև լրատվամիջոցներում, նրա բնորոշմամբ, որոշ հանցավոր շրջանակների կողմից հասարակական կարծիքի մանիպուլյացիաներով՝ ասելով, որ դա Ազգային անվտանգության խնդիր է։ Ինչպե՞ս եք գնահատում Դուք այս հայտարարությունը, և ընդհանրապես ԱԱԾ-ն ինչպե՞ս կարող է կանխել մանիպուլյացիաներն, օրինակ, Ֆեյսբուքում կամ լրատվամիջոցներում։

Իոաննիսյան. - Եթե մենք հարցին նայենք զուտ օրենսդրական կարգավորումների տեսանկյունից, ապա այս պահին գրեթե չկան օրենսդրական կարգավորումներ, որոնք Ազգային անվտանգության ծառայությանը հնարավորություն կտան պայքարել կեղծ լուրերի դեմ, բացառությամբ, եթե կեղծ լուրեր տարածողները, կամ այդ խմբերն այլ հանցագործություն չեն կատարում։ Բայց միաժամանակ, եթե մենք խոսում ենք ավելի երկարաժամկետ առումով նաև օրենսդրական փոփոխությունների մասին, պետք է հաշվի առնենք, որ ինքնին կեղծ լուրը, կամ կեղծ լուր տարածելը ժողովրդավարական հասարակությունում չի կարող լինել հանցագործություն, դա չի կարող լինել պետության կողմից հետապնդելի արարք, և այս առումով նաև պետությունը շատ քիչ հնարավորություններ ունի օրենսդրական փոփոխությունների սահմաններում լծակներ տալ իրավապահներին՝ կեղծ լուրերի դեմ պայքարելու առումով։

«Ազատություն». - Եվ հիմա ի՞նչ պետք է անի ԱԱԾ տնօրենն այս իրավիճակում։

Իոաննիսյան. - Այս առումով ես դժվարությամբ եմ պատկերացնում, թե Ազգային անվտանգության ծառայությունն ինչ հնարավորություններ ունի, որովհետև որևիցե լծակներ չունի։

«Ազատություն». - Այսինքն՝ որևէ քաղաքացի, եթե սոցիալական ցանցում կեղծ լուր է հրապարակում, դա քրեորեն պատժելի չէ՞։

Իոաննիսյան. - Կեղծ լուրեր հրապարակելը որևիցե ժողովրդավարական երկրում ինքնին հանցագործություն չէ։ Որոշակի դեպքերում կեղծ լուրերը կարող են դիտվել հանցագործություն, օրինակ, երբ որ ուղղված են ընտրություններին մասնակցող սուբյեկտների դեմ, կամ իրենց մեջ հանցագործության մասին ակնհայտ կեղծ հաղորդում են պարունակում, կամ նմանատիպ այլ երևույթներ, բայց դա պետք է օրենքով սահմանվի, իսկ Հայաստանի քրեական օրենսգիրքն այս առումով բավականին թերի է, այն երբեք չի քննարկվել հենց կեղծ լուրերի ռակուրսի ներքո, և այժմ որևիցե լծակ չի նախատեսում իրավապահներին պայքարելու կեղծ լուրերի դեմ։

«Ազատություն». - Կարո՞ղ ենք ասել, որ եթե ԱԱԾ-ն որոշակի քայլեր ձեռնարկի, ապա դա կընկալվի որպես խոսքի ազատության դեմ ոտնձգություն։

Իոաննիսյան. - Դա կախված է նրանից, թե ինչ քայլեր ձեռնարկի, որովհետև ես չեմ բացառում, որ այդ կեղծ լուրեր տարածողներն իրականում նաև այլ հանցագործություններ են կատարում, միգուցե ԱԱԾ-ն կարողան նաև այլ հանցագործությունները բացահայտելով՝ նպաստել կեղծ լուրերը տարածողների գործունեության կանխարգելման։

Այսօր Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ եթե որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսելու սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում, հասարակական կարծիքի մանիպուլյացիաներ անելու համար, դա ազգային անվտանգության խնդիր է։

Դիմելով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին՝ Փաշինյանը հույս հայտնեց, որ նրա ղեկավարած ծառայությունը այս հարցում կկարողանա ապահովել արդյունքներ և կոշտ հակահարված տալ, իհարկե, կասկածի տակ չդնելով խոսքի ազատության իրավունքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG