ԱՄՆ փոխնախագահը զգուշացրել է Թուրքիային «անխոհեմ քայլեր չանել» Ռուսաստանի հետ հարաբերություններում: Ելույթ ունենալով Վաշինգտոնում՝ ՆԱՏՕ-ի հիմնադրման 70-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, Մայք Փենսը կոչ է արել Անկարային ընտրություն կատարել ՆԱՏՕ-ի և ռուսական C-400 (S-400) հակաօդային պաշտպանության համակարգերի միջև, ընդգծելով, որ դրանց ձեռքբերումը վտանգավոր է Հյուսիսատլանտյան դաշինքի համար:
«Թուրքիան պետք է ընտրի՝ մնում է պատմության մեջ ամենահաջողակ ռազմական կառույցի առանցքային գործընկե՞րը, թե՞ ուզում է վտանգի տակ դնել այդ գործընկերության անվտանգությունը անխոհեմ որոշումներով, որոնք սասանում են մեր դաշինքը», - հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը:
Չնայած Վաշինգտոնի և ՆԱՏՕ-ի նախազգուշացումներին՝ Թուրքիայի նախագահը հայտարարում է, թե ռուսական համակարգերի գնման շուրջ գործարքը կնքված է, ետդարձի ճանապարհ չկա: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ առաջին երկիրն է, որ Ռուսաստանի հետ նման խոշոր ռազմական գործարքի է գնում: