Նոր բացված Բուխարեստ-Երևան չվերթով Հայաստան է ժամանել Ռումինիայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ, Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, որին այսօր ընդունել է նախագահ Արմեն Սարգսյանը:
ՀՀ նախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն, հանդիպման մասնակիցները կարևորել են Ռումինիա-Հայաստան ուղիղ օդային կապի առկայությունը՝ նշելով, որ այն կխթանի զբոսաշրջությունը:
Զրուցակիցները խոսել են երկու երկրների միջև տնտեսական կապերի աշխուժացման, այս ոլորտում զարգացումը խթանող երկուստեք քայլերի ձեռնարկման անհրաժեշտության մասին:
Արմեն Սարգսյանը և Վարուժան Ոսկանյանը քննարկել են նաև երկու երկրների միջև խորհրդարանական կապերի ամրապնդման, այս ոլորտում առկա ներուժի օգտագործմանն առնչվող հարցեր:
Անդրադարձ է կատարվել նաև Ռումինիայի հայ համայնքին, համայնքում առկա խնդիրներին ու հեռանկարներին: Կարևորվել է Հայաստանի հետ կապերի ամրապնդումը մշակութային, գիտական և կրթական ոլորտներում: