Պետական վերահսկողական ծառայությունը (ՊՎԾ) խախտումներ է արձանագրել Արարատի մարզի Ռանչպար գյուղում՝ հողահատկացումների ու գործող երկու ավազի հանքերի գործունեության հետ կապված:
ՊՎԾ-ի տասնօրյա ուսումնասիրություններն ու դիտարկումները չեն սահմանափակվել միայն համայնքում գործող երկու ավազի հանքերով, դրանցից մեկն, ի դեպ, համայնքը 17 տարի ղեկավարած գյուղապետ Մանուկ Օհանյանինն է:
Ըստ ՊՎԾ-ի, Ռանչպարում մեծ քանակությամբ հողեր օտարվել ու վարձակալության են հանձնվել նաև համայնքի ղեկավարի հետ փոխկապակցված անձանց:
Պետական վերահսկողական ծառայությունն այդ հողերի հատկացման ու վարձակալության հանձնված տարածքների վճարների օրինականությունը լրացուցիչ ստուգելու անհրաժեշտություն է տեսնում:
«Որոշակի խնդիրներ հայտնաբերվեց նաև օրինական ձեռնարկատիրական գործունեության հետ կապված համատեքստում, մասնավորապես, կուզենայի նշել համայնքի տարածքում գործող «Վիերա ալսու», «Սաշա և Սպարտակ» ընկերություններին պատկանող ավազի հանքերի կողմից հողօգտագործման կանոնների խախտման դեպքերը», «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց ՊՎԾ պետի օգնական Արգիշտի Քյարամյանը։
Դեռ նախորդ ամիս էր, որ Ռանչպար կատարած իր անակնկալ այցի ժամանակ վարչապետը՝ լսելով ավազի հանքի վերաբերյալ գյուղացիների դժգոհությունները, հարցրեց, թե ինչու՞ այդ հարցերով համայնքի ղեկավարին չեն դիմում:
Գյուղացիները կարճ պատասխանեցին. - «Հենց նա ու նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն են հանքի տերերն, ո՞ւմ դիմենք»:
«Ստեղ մենք 20 հեկտար հող ունեինք, հիմա էդ հողից ոչինչ չկա, ավազափոսերի է վերածվել՝ ավազ են հանում, տանում են, չգիտեմ ինչ են անում, մենք տեղյակ չենք։ Գիշեր-ցերեկ գյուղի միջով էդ ավազի մեքենաները գնում-գալիս են, ժողովուրդը փոշու մեջ կորած է», - վարչապետի հետ հանդիպմանն ասացին գյուղացիները։
Խախտումներ հայտնաբերվել են նաև համայնքապետարանին պատկանող միջոցների տնօրինման, գնումների ընթացակարգերի հետ կապված:
ՊՎԾ-ին կասկածելի է թվացել առհասարակ որոշ մրցույթներ հայտարարելու անհրաժեշտությունը: Ծառայությունը հայտնում է նաև, որ Ռանչպար համայնքի կողմից որպես սեփականություն բավականին մեծ հողատարածք է տրվել մեկ ֆիզիկական անձի:
«Այդ հողատարածքի մի մասը նպատակային նշանակությամբ փոխվել է, և արդյունաբերական ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակություն է ստացել։ Այս տարածում ևս ապօրինի հողօգտագործման, ընդերքօգտագործման խնդիրներ են հայտնաբերվել», - ասաց Քարամյանը։
Ռանչպարի Գյուղապետ Մանուկ Օհանյանին զանգահարեցինք, ասաց՝ ոչ մի բան էլ չի խոսելու, «լավ են արել բողոքել են, լավ են արել ստուգել են, թղթերը կստանա, կխոսի»:
Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, որը 2000-ականներին Արարատի մարզպետն էր, «Ազատության» հետ զրույցում ասաց՝ գյուղապետն իր դստեր սկեսրայրն է, «ու ի՞նչ, ոչինչ չպե՞տք է ունենար։ Եթե խախտումներ կան, թող արձանագրեն ու օրենքով ընթացք տան»։
«Ավազի հանքի հետ ես որևիցե առնչություն չունեմ և ես Ռանչպարում որևիցե հողատարածք չունեմ», - ասաց Սարգսյանը։
Հարցին, թե Արարատի մարզում որևէ հողակտոր ունի՞, Սարգսյանը պատասխանեց. - «Իհարկե ունեմ, տնամերձեր ունեմ մի քանի հատ, դա արգելվա՞ծ է, ժամանակին գումարը վճարել եմ, կադաստրային գնով առել եմ՝ դեռևս մարզպետ աշխատած տարիներին, ինչպես բոլոր մարդիկ, եթե ես դրա իրավունքը չեմ ունեցել, դա ուրիշ։ Արարատի մարզում որևիցե բիզնես չունեմ։ Իմ ազգականները, բարեկամները, եղբայրները, ով ինչ ունի, ամեն ինչը վերագրում են ինձ, որ ես իրենց հարազատն եմ, այդ մարդիկ պետք է ոչ մի տեղ չաշխատեի՞ն, նստեի՞ն տանը։ էդ իմ ծննդավայրն է, ազգուտակս բոլորն այնտեղ են ապրում»։
Մամուլում շրջանառվող այն դիտարկումներին, թե նրա հովանավորությամբ են իր բարեկամները բիզնեսներ ունեցել, Ալիկ Սարգսյանն այսպես արձանագրեց. - «Բոլորը հովանավորչության հետ կապվա՞ծ են։ Այսինքն՝ մարդն իրավունք չունի՞ ինչ-որ հանքավայր ունենալ, կամ հողատարածք ունենալ։ Եթե դրանք խախտումներով են, թող արձանագրեն, համապատասխան ընթացք տան։ Ես չեմ դրա թույլտվություն տվողը, Կառավարությունն է թույլ տվել, ինչքան որ ես հիշում եմ։ Ես իմ արածի համար պատրաստ եմ պատասխան տամ, եթե խախտում եմ արել»։
ՊՎԾ-ն իր ուսումնասիրություններն ուղարկել է դատախազություն, որտեղից փոխանցեցին՝ նյութերն ուսումնասիրվում են:
Ռանչպարում ուսումնասիրություններ իրականացրել է նաև Կադաստրի պետական կոմիտեն՝ պարզելով, որ որոշ գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ չնչին գներով վարձակալության են հանձնվել, երբեմն փոխվել է դրանց նշանակությունը, որպեսզի հնարավոր լինի ավազ արդյունահանել: Իսկ ներկայիս վարելահողերի մի մասն էլ ծածկված է ավազակույտերով: