Մատչելիության հղումներ

Ֆիլհարմոնիկը աննախադեպ շրջագայություն է իրականացնելու Հարավային Ամերիկայի երկրներում


Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը աննախադեպ շրջագայություն է իրականացնելու Հարավային Ամերիկայի երկրներում:

Առաջին համերգը լինելու է մայիսի 5-ին Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյի հռչակավոր SOLIS դահլիճում: Էդուարդ Թոփչյանի ղեկավարած նվագախումբը ներկայացնելու է Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը, մենակատար՝ Անուշ Նիկողոսյան, և Չայկովսկու 6-րդ սիմֆոնիան:

«Ազատության» հետ զրույցում Հայաստանի դեսպան Էսթերա Մկրտումյանը տեղեկացրեց, որ շրջագայությունն ընդգրկում է նաև Արգենտինան, Բրազիլիան և Պերուն, ու նշել է, որ այն պատմական է լինելու թե՛ աշխարհագրության և թե՛ բովանդակության առումներով:

«Նախ՝ անկախ Հայաստանի պատմության մեջ նվագախմբի առաջին շրջագայությունն է Հարավային Ամերիկայի երկրներ, որոնք աչքի են ընկնում մշակութային կյանքի բարձր մակարդակով: Համերգային ծրագիրն ընդգրկում է համաշխարհային մեծությունների ստեղծագործություններ, և ուրախ ենք, որ լատինամերիկյան հանդիսատեսը ևս մեկ անգամ հնարավորություն կունենա ունկնդրել հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործություններն՝ այս անգամ հայ երաժիշտների կատարմամբ», - նշեց դեսպանը:

Բացի այդ, ասաց Մկրտումյանը, Բուենոս Այրեսում համերգները տեղի են ունենալու COLON թատրոնում, որը ճանաչվել է աշխարհի ամենահեղինակավոր համերգասրահներից մեկը՝ բացառիկ ակուստիկայի և գեղեցկության պատճառով: «Առանձնահատուկ է խանդավառությունը հայ համայնքի շրջանակներում: Անհամբերությամբ սպասում ենք մեր երաժիշտների ժամանմանը և կայանալիք համերգներին», - հայտարարեց դեսպանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG