Երեքշաբթի օրը Մոսկվայում` Սուրբ Դանիելի պատրիարքանիստ վանքում, տեղի է ունեցել Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի և Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի հանդիպումը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ շնորհավորելով Կիրիլ Պատրիարքին ընտրության 10-ամյակի առիթով, Վեհափառն անդրադարձել է երկու հավատակից ժողովուրդների դարավոր եղբայրական կապերին: «Մեր երկրների ու ժողովուրդների բարեկամության ամրապնդման համար կարևոր կամուրջ է հանդիսանում Ռուսաստանի հայ համայնքը, որ վայելելով երկրի իշխանությանց բայրացակամությունը և Ձերդ Սրբության հայրական վերաբերմունքը՝ իր բարի նպաստն է բերում Ռուսիո պետության զարգացմանն ու հասարակական կյանքի առաջընթացին», - ասել է Ամենայն Հայոց կաթողիկոսը:
«Սիրեցյալ եղբայր, հոգևոր գոհունակությամբ և գնահատանքով ենք կամենում անդրադառնալ նաև Ձեր՝ որպես Ռուս Ուղղափառ Եկեղեցու հովվապետ, ունեցած կարևոր դերակատարությանը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծմանն ի խնդիր հոգևոր պետերիս եռակողմ հանդիպումների կազմակերպման գործում: Այսօր մեր ժողովուրդը, կորստի ցավն իր սրտում, հարգում և ոգեկոչում է պանծալի հիշատակը իր հերոս զավակների, ովքեր զոհվեցին 2016թ․ ապրիլի 2-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված քառօրյա պատերազմում», - հայտարարել է Վեհափառը՝ շարունակելով․ - «Արցախյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորումը էական է տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման համար: Հիմնախնդրի հանգուցալուծման համար առաջնային կարևորություն ունի խաղաղությանը նպաստող միջավայրի հաստատումը, այդ թվում՝ փոխվստահության միջոցառումների իրականացման ու ռազմատենչ հռետորաբանության նվազեցման միջոցով: Հայաստանի և Արցախի իշխանությունները և ժողովուրդը հաստատակամ են խաղաղության և համերաշխության իրենց ձգտման մեջ: Այդ ճանապարհը, սակայն, միակողմանի չի կարող լինել»:
«Այս առումով ցանկանում ենք Ձեր ուշադրությանը ներկայացնել նաև մեկ դեպք: Վերջերս Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտվեց դեռևս ամռանը չբացահայտված պայմաններում Ադրբեջանի տարածքում հայտնված Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանը, ով ունի հոգեկան խնդիրներ: Դատական այդ որոշումը կայացվեց մարդու իրավունքների բացահայտ խախտմամբ: Այս հարցում, նկատի ունենալով հոգևոր պետերիս նախորդիվ ունեցած փորձառությունը, դիմում ենք Ձերդ Սրբության միջնորդությանը Ադրբեջանի հոգևոր և աշխարհիկ իշխանությանց առջև` միջազգային պարտավորությունների պահպանումով երիտասարդին վերադարձնելու իր ընտանիք», - ասել է Վեհափառ հայրապետը:
Իր հերթին, Կիրիլ Պատրիարքը գոհունակություն է հայտնել, որ անցնող տասը տարիների ընթացքում Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ եկեղեցիների հարաբերությունները հատկանշվել են եղբայրական սիրով և ջերմությամբ: Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքը անդրադարձ է կատարել Ռուսաստանում Հայոց թեմի աշխույժ գործունեությանը և ակտիվ ներգրավվածությանը երկու եկեղեցիների կապերի զորացման գործում, ինչպես նաև Հայաստանում Ռուս Ուղղափառ եկեղեցու հովվության ներքո գտնվող համայնքի հոգևոր կյանքին:
Երկու հովվապետերը գոհունակությամբ հաստատել են երկու ժողովուրդների և եկեղեցիների միջև զարգացող փոխգործակցությունը և համագործակցությունը` միջեկեղեցական և միջազգային ամենատարբեր հարթակներում կրոնական-հասարակական հիմնախնդիրներին ընդառաջ, ասված է հաղորդագրությունում:
Ադրբեջանը պնդում է, թե 35-ամյա Կարեն Ղազարյանը հայ հետախույզ է, որին գերեվարել են դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ: Հայկական կողմը հայտարարում է, որ այդ պնդումն ապատեղեկատվություն է և բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, Ղազարյանը երբեք չի ծառայել հայկական Զինված ուժերում, քանի որ ունի հոգեկան խնդիրներ: